- Main
- Node
- Ուրարտական աստվածների գլխամասի լուսապսակը՝ քրիստոնեական սրբանկարչության նախատիպ
June 13, 2025 | 16:27
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Մշակույթ
Ուրարտական աստվածների գլխամասի լուսապսակը՝ քրիստոնեական սրբանկարչության նախատիպ
Ուրարտական ժամանակաշրջանում որոշ աստվածությունների գլխամասում պատկերվել է լուսապսակ: Այս պատկերագրական ձևավորումը կարելի է դիտարկել քրիստոնեական սրբանկարչության նախատիպ՝ փաստելով պատկերագրական ժառանգորդականության միտումը։ Այս եզրահանգումն է կատարել ԵՊՀ դասախոս Գայանե Պողոսյանը, որն ուսումնասիրել է ուրարտական արվեստի նմուշները:

Պատմության ֆակուլտետի դասախոս Գայանե Պողոսյանը հեղինակել է «Պատկերագրական առանձնահատկությունները Վանի թագավորության կերպարվեստում» վերտառությամբ մենագրությունը՝ հետազոտելով Վանի թագավորության և հնագույն այլ մշակույթների փոխառնչությունները, պաշտամունքային պատկերահամակարգերում առկա ընդհանրությունները:

- Տիկին Պողոսյան, ինչպիսի՞ պատկերագրական առանձնահատկություններ են եղել Վանի թագավորության կերպարվեստում:
- «Պատկերագրական առանձնահատկությունները Վանի թագավորության կերպարվեստում» գրքում խնդիր է դրվել մերձավորարևելյան և առաջավորասիական կրոնադիցաբանական և մշակութային զարգացումների համատեքստում համեմատական քննության ենթարկել Վանի թագավորության (Ուրարտու, մ.թ.ա. 9-6-րդ դդ.) և հնագույն այլ մշակույթների փոխառնչությունները, պաշտամունքային պատկերահամակարգերում առկա ընդհանրությունները, պատկերամոտիվների ձևավորման ակունքները, գաղափարաբանությունը: Գրքի շրջանակում ուսումնասիրության համար ընտրված են ուրարտական կերպարվեստում և դեկորատիվ-կիրառական արվեստում գեղարվեստական հատկանիշներով ընդգծված նմուշներ, որոնց պատկերագրությունը ձևավորվել է կրոնադիցաբանական պատկերացումների ազդեցությամբ։ Պատկերամոտիվների վերլուծության գործում դիտարկվել են նաև Հայկական լեռնաշխարհի և հարևան մշակույթների գրավոր աղբյուրներն ու լեզվաբանական առնչությունները: Գիտական տեսակետից կարևոր ձեռքբերում է սեպագիր աղբյուրների և պատկերագրական սյուժեների համադրմամբ՝ Վանի թագավորության կերպարվեստում ներկայացված որոշ ծիսակարգերի խորհրդաբանական նկարագրի վերլուծությունը: Ուսումնասիրությունը փորձ է պատկերագրության ավանդական պատկերամոտիվները ներկայացնելու որպես ուրարտական հասարակության դիցաբանական և կրոնական պատկերացումների ընդհանրացված և պարզեցված մոդելներ: Արվեստի տարբեր նմուշներ փաստում են կանոնիկ և ժողովրդական ազատ պատկերաձևերի համաժամանակյա կիրառությունը:
- Արդյո՞ք այդ պատկերները փոխանցվել են նախաուրարտական շրջանից:
- Ուրարտական արվեստի տարբեր նմուշների քննությամբ կարելի է արձանագրել, որ Վանի թագավորության կերպարվեստում ժամանակաշրջանի հարևան մշակութային ազդեցությունների հետ մեկտեղ տեղ են գտել նաև Հայկական լեռնաշխարհի հնագույն մշակութային ակունքներից սերող, ուրարտական աշխարհընկալումներին և ընդունված գեղարվեստական համակարգին համապատասխանեցված պատկերագրական տարրեր:

- Ո՞ր պատկերներն են առնչվում քրիստոնեության հետ:
- Ուրարտական մետաղագործության բնագավառում պաշտամունքային բնույթի որոշ հորինվածքներում ակնառու է սրբազան կերպարների առումով պատկերագրական ընդգծվածություն: Դա հատկապես վերաբերում է դիմահայաց կերպարներին և որոշ աստվածությունների գլխամասի լուսապսակային ձևավորումներին։ Այս պատկերագրական մոտեցումը թերևս կարելի է դիտարկել քրիստոնեական սրբանկարչության նախատիպ՝ փաստելով պատկերագրական ժառանգորդականության միտում։
- Ո՞ր առարկաներն են հանդիսացել ուսումնասիրության հիմք:
- Ուսումնասիրության առարկա են հատկապես ուրարտական արվեստի այնպիսի նմուշներ, որոնցում կան ծիսապաշտամունքային բնույթի գեղարվեստական հորինվածքներ, ինչպես օրինակ՝ գոտիներ, կնիքներ, սպառազեն և այլն։
- Ի՞նչ նոր բացահայտումներ եք կատարել Ձեր հետազոտությամբ:

- Կարելի է ասել՝ վերոհիշյալ մենագրությունը հայերենով թերևս առաջին արվեստաբանական ուսումնասիրությունն է, որն անդրադառնում է կերպարվեստի պատկերագրական և խորհրդաբանական խնդիրներին։ Տարբեր հեղինակավոր գիտնականներ մինչ օրս հրատարակել են ուրարտական արվեստի վերաբերյալ մեծարժեք գրքեր, սակայն թեման ուսումնասիրել են առավելապես պատմաբան-հնագետները։ Ուսումնասիրության արդյունքում, օրինակ, բավական ուշագրավ բացահայտում է ուրարտագիտության բնագավառում այսպես կոչված ուրարտական տարերքի աստված Թեյշեբայի կայծակնային խորհրդանշանով սաղավարտների ուսումնասիրությունը, որի արդյունքում առաջ է քաշվել բոլորովին նոր և գիտական շրջանակներում շրջանառվող տեսակետներից տարբերվող մեկնաբանություն։ Խնդրահարույց է մասնավորապես այն հանգամանքը, թե ինչու այդ սաղավարտները, որոնք ներսում ունեն գերագույն աստված Խալդիին ձոնված սեպագիր արձանագրություն, պետք է համարել տարերքի աստված Թեյշեբային վերագրվող խորհրդանշանով սաղավարտ:

Իսկ ուրարտական կնիքների հարդարանքում ծիսական սյուժեների վերլուծությամբ փորձ է կատարվել վերստեղծելու ներկայացված ծեսերի նկարագիրն ու հավանական նշանակությունը։
Ուրարտական քաղաք Թեյշեբաինիի (Կարմիր բլուր) ձկնակերպ արձանիկների ուսումնասիրությամբ էլ փորձ է արվել կապ գտնելու Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի և հետագայում ձկնակերպ աստվածությունների պատկերագրական առանձնահատկությունների և խորհրդաբանության միջև։ Նշեմ, որ նախաուրարտական ժամանակաշրջանում հայկական լեռնաշխարհի լեզվամատածողության մեջ ձուկ և վիշապ բառերը նույն իմաստն են ունեցել, իսկ Ուրարտուի՝ Վանի թագավորության Զիուկունի աստվածությունը պատկերվել է ձկան տեսքով:
- Այժմ շարունակու՞մ եք թեմայի վերաբերյալ ուսումնասիրությունները:
- Ուրարտական արվեստի և պատկերագրության վերաբերյալ ուսումնասիրությունները հիմա էլ շարունակվում են, քանի որ խնդիրը դեռևս չի ստացել իր լիարժեք լուծումը։ Գիտական արդյունքները պարբերաբար ներկայացվում են տարբեր գիտաժողովներում, գիտական հոդվածներում և հրապարակումներում։