- Main
- Node
- Հանրահռչակել տուրիստական երթուղիներից դուրս մնացած վայրերը, բրենդավորել քաղաքները. տուրիզմի խթանման նախադրյալները
June 25, 2025 | 11:55
Հասարակություն
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Հանրահռչակել տուրիստական երթուղիներից դուրս մնացած վայրերը, բրենդավորել քաղաքները. տուրիզմի խթանման նախադրյալները
ՀՀ մարզերի համաչափ զարգացման համար մեծ դեր ունի ներգնա զբոսաշրջությունը: ԵՊՀ դոցենտ Մարինե Գևորգյանը նշում է, որ որոշ մարզերում տուրիզմի խթանմամբ կլրացնենք այդ մարզերում արտագաղթի ու գործազրկության հետևանքով առկա բացը: Նա ընդգծում է, որ Հայաստանում բավականաչափ տեսարժան վայրեր կան, որոնք դուրս են մնացել զբոսաշրջային երթուղիների քարտեզներից և հանրահռչակման կարիք ունեն, իսկ քաղաքները՝ բրենդավորման:

ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Մարինե Գևորգյանը Աստվածաբանության և հայ եկեղեցու պատմության ամբիոնի դոցենտ, ԵՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գիտաշխատող Գայանե Թովմասյանի հետ հեղինակել է «Կայուն տուրիզմի դերը տարածաշրջանային հավասարաչափ զարգացման գործում. օրինակներ Հայաստանից» վերտառությամբ գիտական հոդվածը, որը հրապարակվել է Իսպանիայի «Տարածաշրջանային և ոլորտային տնտեսական ուսումնասիրություններ» հանդեսում:
Մարինե Գևորգյանն ընդգծում է, որ գիտական հոդվածի պատրաստումը կարելի է դիտարկել որպես միջգիտակարգային հաջողված փորձ՝ պատմաբանի և տնտեսագետի համագործակցությամբ. «Տուրիզմի մի հսկայական շերտ վերաբերում է պատմամշակութային ժառանգությանը, մյուս շերտը վերաբերում է տնտեսագիտությանը՝ թվերին, վիճակագրությանը: Հոդվածում կատարվել են պատմաքննական, պատմահամեմատական, պատմական փաստերի վերլուծություններ՝ տնտեսագիտական վերլուծությունների որոշ մեթոդների, այդ թվում՝ մակրո- և միկրովերլուծության կիրառմամբ»:

ՄԱԿ-ի կայուն զարգացման 17 նպատակներում թեև ոչ ուղղակիորեն խոսք կա նաև կայուն զարգացման և տուրիզմի վերաբերյալ, որով էլ պայմանավորված՝ Մարինե Գևորգյանը նշում է. «Հոդվածում ներկայացրել ենք Հայաստանի տասը մարզերի պատմամշակութային ժառանգության օբյեկտները, ռեսուրսները, որոնց մի մասն արդեն իսկ ներգրավված են ներգնա տուրերում, բայց կան շատերը, որոնք ընդհանրապես դուրս են մնացել զբոսաշրջային երթուղիներից: Ուստի այդ վայրերն ունեն հանրահռչակման ու զբոսաշրջային երթուղիներում ներգրավման կարիք»,- ասաց ԵՊՀ դոցենտն ու բերեց համապատասխան օրինակներ՝ Շիրակի մարզում՝ Արթիկ-Պեմզաշեն-Սառնաղբյուր-Լանջիկ, Հոռոմ-Հառիճ-Մանթաշի ջրամբար, Գյումրի-Ախուրյան-Կառնուտ-Ջաջուռ-Ջաջուռի լեռնանցք, Արարատի մարզում՝ Նոր Խարբերդ-Դիմիտրով-Արտաշատ-Խոր Վիրապ, Դաշտաքար-Ուրցաձոր-«Խոսրովի անտառ» պետական արգելոց, Երասխ-Զանգակատուն, Տավուշում՝ Դիլիջան-Գոշ-Աղավնավանք-Խաչարձան-Ճերմակավան-Գեղատափ, Իջևան-Լուսահովիտ-Այգեհովիտ-Վազաշեն և այլ ուղղություններ:
«Ներկայացրել ենք մարզերի սոցիալ տնտեսական ցուցանիշները, ուժեղ և թույլ կողմերը, որոնք տուրիզմին կամ նպաստում են, կամ խանգարում: Շեշտադրվել են զբաղվածության, կրթության հիմնախնդիրները, ընդգծել, թե ինչպես ՏԻՄ-երը, գրագետ օգտագործելով պատմամշակութային ժառանգությունը, կարող են մարդկանց կրթելու միջոցով նրանց ներգրավել զբոսաշրջային շուկայի մեջ»,- հավելեց նա:
Հարցին՝ ըստ Ձեր ուսումնասիրությունների՝ ՀՀ ո՞ր մարզերում է զարգացած տուրիզմը, և որտե՞ղ կարիք կա այն զարգացնելու, Մարինե Գևորգյանը պատասխանեց. «Վերլուծությունների արդյունքում պարզ դարձավ, որ ՀՀ տասը մարզերը լի են պատմամշակութային, բնության հուշարձաններով, որտեղ կարելի է զարգացնել տուրիզմի բոլոր տեսակները՝ թե՛ արկածային, թե՛ առողջարանային, թե՛ գաստրոնոմիկ: ՀՀ հարավային միջանցքի զբոսաշրջության զարգացման ռազմավարությունը թույլ է տալիս կենտրոնանալ նաև գինու զբոսաշրջության վրա, օրինակ, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի մարզերում: Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի մարզերում նաև կրոնական, ուխտագնացային տուրիզմն է ավելի զարգացած: Թվային վերլուծություններ կատարելիս Վայոց Ձորի և Կոտայքի մարզերում մենք ունեինք անկման ցուցանիշներ: Բայց քանի որ օգտագործել ենք 2021 թվականի տվյալները, հետևաբար հաշվի ենք առել նաև պատճառները, այն է՝ պատերազմն ու կորոնավիրուսային համաճարակը»:
Մարինե Գևորգյանն ընդգծեց, որ ուսումնասիրության արդյունքից ելնելով՝ հոդվածում ներկայացվել են նաև զբոսաշրջության զարգացումը խոչընդոտող խնդիրներն ու արվել են համապատասխան առաջարկներ. «Մենք ունենք զբոսաշրջային վիճակագրության խնդիր. օրինակ՝ առկա է պատմամշակութային հուշարձանների մուտքի, այցելությունների քանակի վերլուծության խնդիր, որովհետև չկա վիճակագրություն, չունենք թվային տվյալներ, թե յուրաքանչյուր մարզ որքա՞ն զբոսաշրջիկ է այցելում: Բացառություն են թանգարանները, որտեղ տոմսերի վաճառքից պարզ է դառնում այցելությունների քանակը: Ունենք ցուցանակների, տրանսպորտի խնդիրներ: Միայնակ ճամփորդող զբոսաշրջիկի համար որոշ մարզերում մեր ենթակառուցվածքները շատ թույլ են զարգացած»:
Հոդվածի հեղինակներն առաջարկում են, որպեսզի յուրաքանչյուր մարզ ունենա զբոսաշրջային բրենդ, ինչպես նաև մեդիահարթակներով գովազդներ տեղադրվեն պարբերաբար. «Քաղաքի բրենդավորման ընդամենը մեկ նախադեպ ունենք՝ Գյումրին, որը բրենդավորվել է 2017 թվականին: Օրինակ՝ Գյումրիի դեպքում ընդգծված է քաղաքի կոլորիտը՝ արհեստների և արվեստների քաղաք լինելը, հումորը, հերոսները: Երբ 2017-ին Գյումրին բրենդավորվեց, քաղաքի անվան յուրաքանչյուր տառ ստացավ իր բացատրությունը: Նույնը կարող է անել, օրինակ, Վայոց Ձորը՝ շեշտադրելով կրոնական տուրիզմը (քանի որ այնտեղ ունենք միջնադարյան ճարտարապետական կոթողներ, օրինակ՝ Նորավանքի վանական համալիրը) կամ արենի էնդեմիկ տեսակի խաղողից ստացվող գինին և այլն»:
Հադվածում ներկայացված առաջարկությունները ներառում են նաև մարզերի՝ կայուն զբոսաշրջության զարգացման սեփական ռազմավարությունն ունենալու անհրաժեշտությունը, ըստ բանախոսի՝ 2017 թվականից մինչ օրս մշակված ռազմավարության ծրագրերը տեսական բնույթ ունեն:
«Տուրիզմը կարող է լինել ֆինանսական հոսքեր ապահովելու գործիք այն մարզերում, որտեղ ունենք արտագաղթի, զբաղվածության խնդիր: Ուստի տուրիզմով լրացնելով այդ բացը՝ կապահովենք տարածքային համաչափ զարգացում ՀՀ մարզերի համար»,- ասաց Մարինե Գևորգյանն ու հավելեց, որ հոդվածն օգտակար է ոչ միայն գիտական հանրույթի, այլև տեղական ինքնակառավարման մարմինների համար: Իսկ վերջիններս պատրաստ են համագործակցել՝ խթանելու տուրիզմը: