- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում անցկացվում է Գիտաչափության և տեղեկատվաչափության միջազգային միավորման 20-րդ միջազգային համաժողովը
Հունիս 24, 2025 | 15:34
Գիտություն
Կոնֆերանսներ
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ում անցկացվում է Գիտաչափության և տեղեկատվաչափության միջազգային միավորման 20-րդ միջազգային համաժողովը
Երևանի պետական համալսարանում մեկնարկեց Գիտաչափության և տեղեկատվաչափության միջազգային միավորման (ISSI) 20-րդ համաժողովը՝ համախմբելով տարբեր երկրներից ժամանած գիտնականների, հետազոտական խմբերի ղեկավարների և ոլորտի մասնագետների։ Քառօրյա համաժողովը, որն ընդգրկում է բազմաթիվ գիտական քննարկումներ, կենտրոնանալու է գիտաչափության, տեղեկատվաչափության, գրադարանագիտության և հարակից ոլորտների արդի զարգացումների վրա։

Համաժողովի մասնակիցներն այսօր և հաջորդ երկու օրերին քննարկելու են գիտության գնահատման մեթոդների կատարելագործման ուղիները, տեղեկատվական հոսքերի վերլուծության արդիական մոտեցումները, ինչպես նաև միջազգային համագործակցության հնարավորությունները տվյալ ոլորտներում։
Համաժողովը հյուրընկալել է Երևանի պետական համալսարանը՝ դառնալով ոլորտի մասնագետների և գիտնականների համատեղ աշխատանքի և փորձի փոխանակման հարթակ:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, հանդես գալով բացման ելույթով, ընդգծեց, որ համալսարանը մշտապես կարևորել է ակադեմիական գերազանցությունը, հետազոտական ներառականությունը և միջազգային համագործակցությունը։

«Երևանի պետական համալսարանը հանձնառու է ապահովելու ակադեմիական այնպիսի միջավայր, որը խթանում է քննադատական մտածողությունը, հարցադրումներ անելու հնարավորությունը և տվյալների վրա հիմնված որոշումների ընդունումը։ Այս արժեքները ուղղակիորեն կապվում են այսօրվա համաժողովի հետ։ Մենք հպարտ ենք, որ համաժողովն այս անգամ անցկացվում է ՀՀ-ում, քանի որ վերջինս ունի կարևոր խորհրդանշական և գործնական դեր: Այն փաստում է համաշխարհային գիտական համայնքի աճող ներառականությունը և հաստատում, որ ինտելեկտուալ հարուստ ավանդույթներով և հետազոտական հզոր հնարավորություններով երկրները կարևոր դերակատարում ունեն գիտության ապագան ձևավորելու գործում»,- նշեց նա։
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, կարևորելով գիտաժողովի անցկացումը, նշեց, որ գիտաչափության գործիքները տրամադրում են անհրաժեշտ ապացույցներ և քանակական տվյալներ, որոնք կարող են կարևոր դեր ունենալ որոշումների կայացման գործում։
Հեղինակավոր միջոցառումն այս տարի կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ (ԻԱՊԻ) գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի ջանքերով։
ԳԱԱ ԻԱՊԻ գիտական հաշվարկների կենտրոնի ղեկավար Հրաչյա Ասցատրյանն ընդգծեց, որ մեծ պատիվ է հյուրընկալել տարբեր երկրների հեղինակավոր հետազոտողներին՝ քննարկելու գիտաչափության և տեղեկատվաչափության ոլորտներում առկա նոր միտումներն ու զարգացումները։

«Այս գիտակարգերը ներառում են գիտության տարբեր ճյուղեր, ինչպիսիք են՝ արհեստական բանականությունը, քվանտային գիտությունը, գիտական քաղաքականությունը, տվյալների մշակումը, վիզուալիզացիան, վերլուծությունն ու կարևոր այլ ոլորտներ։ Այս տեսակ քննարկումները կարևոր են գիտության ոլորտը կառավարելու, գիտական քաղաքականությունը մշակելու և գիտության զարգացման ճանապարհները ուղենշելու տեսանկյունից։ Հուսով եմ՝ առաջիկա օրերի ընթացքում հնարավորություն կունենաք ոչ միայն գիտելիքներ փոխանակելու, այլև գտնելու համագործակցության ուղիներ, որոնք սկիզբ կստանան հենց այստեղ՝ Երևանում»,- հավելեց նա։
Գիտաչափության և տեղեկատվաչափության միջազգային միավորման (ISSI) նախագահ Ջիովանի Աբրամոն կազմակերպության անունից խորին շնորհակալություն հայտնեց յուրաքանչյուրին, ով այս օրերին միացել է համաժողովին՝ կիսվելու իր գիտելիքներով, հետազոտության արդյունքներով և ոլորտի վերաբերյալ տեսլականով։

«Սա պարզապես կարծիքներ ներկայացնելու ու քննարկելու միջավայր չէ, այլ հնարավորություն՝ լսելու, սովորելու և համագործակցություններ ստեղծելու՝ երկրների ու գիտակարգերի սահմաններից դուրս։ Անկախ նրանից՝ դու ավագ գիտաշխատող ես, քաղաքականություն մշակող, գրադարանավար կամ ասպիրանտ, քո ձայնը կարևոր է։ Միասին մենք կառուցում ենք համընդհանուր գիտելիքի ամուր հիմքեր՝ ավելի լավ գիտություն և զարգացած հասարակություններ ձևավորելու համար»,- ասաց նա։
Համաժողովի հիմնական թեմաներն են՝ մոդելները և առաջատար տեղեկատվաչափական մեթոդները, գիտական քաղաքականությունն ու գնահատումը, տվյալներից գիտաչափական հետազոտության անցումը, գիտության քարտեզագրումն ու վիզուալիզացիան, միկրո- և նանոգիտաչափական ուսումնասիրությունները, տեխնոլոգիան ու նորարարությունների հետազոտությունը, արհեստական բանականությունը՝ որպես ոլորտի փոխակերպող ուժ, և ոլորտային այլ թեմաներ։
Միջոցառման շրջանակում նախատեսված են նաև թեմատիկ քննարկումներ, որտեղ ներկայացվելու են գիտական վերջին հետազոտությունները՝ երիտասարդ գիտնականներին ընձեռելով փորձի փոխանակման և մասնագիտական նոր կապերի ստեղծման հնարավորություններ:
Համաժողովի հիմնական զեկուցողներից է Նորարարության, հետազոտությունների և կրթության ուսումնասիրությունների սկանդինավյան ինստիտուտի (Նորվեգիա) (NIFU) պատվավոր հետազոտող պրոֆեսոր Գունար Սիվերտսենը։ Նրա հետազոտությունները կարևոր ներդրում են նորարարության, հետազոտական քաղաքականության մշակման, գնահատման և ֆինանսավորման ոլորտներում։

Հաջորդ հիմնական բանախոսը՝ Մայք Թելուոլը, Շեֆիլդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) տեղեկատվական դպրոցի տվյալների գիտության պրոֆեսոր է։ Նա ուսումնասիրում է հետազոտությունների գնահատման քանակական մեթոդներ՝ ներառյալ արհեստական բանականությունը, հղումների վերլուծությունը։ Այժմ նա ուսումնասիրում է, թե խոշոր լեզվական մոդելները որքանո՞վ կարող են աջակցել հետազոտական գնահատման խնդիրներին։ Միջոցառման ընթացքում նա մասնակիցներին ներկայացրեց «ChatGPT»-ի օգտագործման վերլուծությունը հետազոտությունների գնահատման համար։ Հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք լեզվական մեծ մոդելները կարող են փոխարինել գիտական գնահատման մեջ հղումների ցուցանիշներին։
Գիտաչափության և տեղեկատվաչափության միջազգային միավորման համաժողովը ոչ միայն կարևոր հարթակ է գիտական առաջընթացի քննարկման համար, այլև մեծ հնարավորություն՝ Հայաստանը որպես գիտակրթական կենտրոն ներկայացնելու հարցում, որը կխթանի միջազգային համագործակցությունն ու նորարար մտածողությունը։