«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ Էքսպո-2025»-ին Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը ներկայացել էր իր առանձին տաղավարով, որտեղ ցուցադրված էին կենտրոնի գործունեության մասին պատմող տպագիր հրատարակություններ, այդ թվում՝ ծրագրեր, բուկլետներ, դասագրքեր, մենագրություններ՝ նպատակ ունենալով դիմորդներին ու աշակերտներին ներկայացնելու կենտրոնի կրթական ծրագրերը և մանկավարժության գիտաճյուղերը։ Միջոցառման ընթացքում ԵՊՀ-ն վերածվել էր ոգեշնչող կրթական միջավայրի՝ ստեղծելով տոնական մթնոլորտ թե՛ ուսանողների, թե՛ համալսարան այցելած աշակերտների համար։
Միջոցառմանը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծել է, որ նման ձևաչափով էքսպոն հնարավորություն է ընձեռում ուսանողներին ու դիմորդներին ավելի խորությամբ ծանոթանալու իրենց ապագա մասնագիտությանը, հասկանալու աշխատաշուկայի միտումները և գտնելու սեփական ուղին։ Նա ողջունել է նաև առաջինկուրսեցիներին՝ բարեմաղթելով ակտիվ ու արդյունավետ ուսումնառություն։
ԵՊՀ-ի բակում առանձին տաղավարներով էքսպոյին մասնակցում էին բոլոր ֆակուլտետները, կենտրոնները և ինստիտուտները՝ ներկայացնելով մասնագիտություններ և լցնելով միջավայրը մասնագիտական ոգեշնչմամբ, ուրախությամբ, հետաքրքրությամբ ու նոր հնարավորություններով։
Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տաղավարը մարդաշատ էր. հյուրընկալվել էին ոչ միայն Երևանի, այլև մարզերից ժամանած դպրոցականներ, որոնց ուղեկցում էին դպրոցների տնօրեններ, դասղեկներ և ծնողներ։ Մասնագիտական կողմնորոշման խորհրդատվությունները, վարպետաց դասերը, տարբեր արտթերապիաների կիրառումը առանձնահատուկ աշխուժություն էին հաղորդում տաղավարին։ Հատկապես մեծ հետաքրքրություն էր առաջացրել բակալավրիատի «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագիրը՝ «Սոցիալական մանկավարժի» մասնագիտությունը, որն այսօր դառնում է կրթական միջավայրի կարևոր օղակներից մեկը։
Կենտրոնի դասախոսներն ու ուսանողները ոչ միայն պատմում էին կրթական ծրագրերի մասին, այլև իրենց փորձով ու էներգիայով փոխանցում էին մասնագիտության հանդեպ սեր ու ներշնչանք։ Տաղավարում ներկայացվում էին նաև «Կրթության կազմակերպում» և «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագրերը. բուկլետներն ու կենդանի զրույցները բացահայտում էին մասնագիտության զարգացման իրական հնարավորությունները։
«ԲանուԳործ․ ԵՊՀ Էքսպո-2025»-ը դարձավ մասնագիտությունների այնպիսի տոնավաճառ, որտեղ յուրաքանչյուր սովորող հնարավորություն ուներ գտնելու իր ապագա մասնագիտական հետաքրքրությունների ու ցանկությունների շարունակությունը։ Այն ոչ միայն ցուցահանդես էր, այլև հանդիպման ու բացահայտումների տոն, որտեղ կրթությունը դառնում էր կենդանի շփում, իսկ ապագան՝ հուսալի։