ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Դեղագետների միջազգային օրվան նվիրված տոնական ցերեկույթ, որը միավորեց ուսանողներին, դասախոսներին և գործընկերներին՝ արժևորելու այն մասնագիտությունը, որն առողջապահության առաջնագծում է։
Դեղագետների միջազգային օրվա այս տարվա կարգախոսն է «Մտածելով առողջության մասին՝ մտածիր դեղագետի մասին» («Think health, think pharmacist»), որն ընդգծում է դեղագետի անփոխարինելի դերը թե՛ առողջապահական համակարգում, թե՛ հիվանդի և բժշկի միջև կապի ապահովման մեջ, թե՛ դեղերի ճիշտ կիրառման և անվտանգության վերահսկման ոլորտում:
Դեղագետը ոչ միայն դեղատան աշխատակից է, այլև դեղերի կառուցվածքն ուսումնասիրող գիտնական, որակ, անվտանգություն և խնամք ապահովող պատասխանատու մասնագետ, ինչպես նաև խորհրդատու, որն օգնում է հիվանդին հասկանալ բուժման ընթացքը:
Շնորհավորանքներով հանդես եկան դասախոսները՝ անդրադառնալով մասնագիտության նշանակության, ուսանողների ներուժի և դեղագետի առաքելության մասին։
«Ինչու՞ որոշեցի դառնալ դեղագետ» խորագրով շարադրության մրցույթին մասնակցած ուսանողները ներկայացրին իրենց անձնական պատմությունները՝ մասնագիտական ընտրության շարժառիթները, երազանքներն ու նպատակները։ Ուսանողների աշխատանքներից լավագույն ճանաչվեցին երկուսը:
Հետայդու ուսանողների և դասախոսների համար կազմակերպվեց ինտերակտիվ խաղ, որի ընթացքում ներկայացվեցին դեղերի մասին հանելուկներ։ Խաղը ոչ միայն ուսուցողական էր, այլև զվարճալի: Հաղթողները ստացան խորհրդանշական նվերներ։
Առաջինկուրսեցիներն իրենց մասնագիտական երազանքների մասին գրեցին նամակներ՝ «Ինչպիսին եմ ուզում լինել որպես դեղագետ 4 տարի անց» խորագրով։ Նամակները, որոնք պահվում են «Երազանքների դեղատուփի» մեջ, կբացվեն դիպլոմների հանձնման օրը՝ հիշեցնելու, թե որտեղից են սկսել և ուր են հասել։
Տոնը պաշտոնապես ընդունվել է 2009 թվականին Ֆարմացևտների միջազգային ֆեդերացիայի (International Pharmaceutical Federation (FIP)) կողմից: Վերջինս միջազգային կառույց է, որը միավորում է դեղագետներին, դեղագործներին և ոլորտում աշխատող կրթության մասնագետներին։ Տոնի ամսաթվի ընտրությունը պատահական չէ. 1912 թվականին՝ սեպտեմբերի 25-ին, հիմնադրվել է FIP-ը, որն ավելի քան մեկ դարի ընթացքում դարձել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վստահելի գործընկեր և դեղագետների դերի խթանման առաջնորդն է ողջ աշխարհում:
Ֆարմացիայի ինստիտուտում Դեղագետների միջազգային օրը նշվում է 2019 թվականից։