ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում սեպտեմբերի 26-ին «Synventa LLC» ընկերության գլխավոր տնօրեն, դեղերի հայտնաբերման ոլորտի առաջատար մասնագետ Արթուր Գոմցյանը հանդես եկավ գիտական զեկուցմամբ, որը նվիրված էր դեղերի հայտնաբերման և զարգացման՝ որպես երկարատև, ծախսատար, բայց արժեքավոր գիտական ուղու գործընթացին։
Զեկույցում մանրամասն ներկայացվեցին դեղերի հայտնաբերման փուլերը՝ սկսած թիրախային մոլեկուլների ընտրությունից մինչև կլինիկական թեկնածուի հաստատում։ Քննարկվեցին մոլեկուլների աղբյուրները, դրանց հաստատման մեթոդները, ինչպես նաև կիրառվող ծրագրային գործիքները, այդ թվում՝ «Maestro» համակարգը, որը լայնորեն կիրառվում է մոլեկուլային մոդելավորման և դիզայնի մեջ։ Կոնկրետ օրինակներով ներկայացվեցին մոլեկուլային հատվածների վրա հիմնված հայտնաբերման մոտեցումներ, այդ թվում՝ AK ինհիբիտորների դիզայնը։ Անդրադարձ եղավ նաև ֆենոտիպային սքրինինգի միջոցով դեղային թեկնածուների ստացման եղանակներին՝ ընդգծելով դրանց արդյունավետությունը վաղ փուլերում։
Միջոցառման ընթացքում վերլուծվեցին դեղերի վաճառքի վիճակագրական տվյալները ԱՄՆ-ում և համաշխարհային շուկայում։ Հատուկ ուշադրություն դարձվեց թերապևտիկ սպիտակուցների և փոքր մոլեկուլների համեմատությանը՝ ներկայացնելով դրանց կիրառման առանձնահատկությունները տարբեր հիվանդությունների բուժման մեջ։ Զեկույցում ներկայացվեցին նաև ոլորտի վերջին միտումները՝ ներառյալ հակամարմին-դեղ համակցությունները, թիրախային սպիտակուցների քայքայման մեխանիզմները, ինչպես նաև դեղային հատկությունների և կենտրոնական նյարդային համակարգի համար նախատեսված դեղերի դիզայնի ուղեցույցները։
Միջոցառման եզրափակիչ հատվածում ընդգծվեց, որ կլինիկական թեկնածուի հաստատումը դեղերի հայտնաբերման և զարգացման երկար ու բարդ ճանապարհի արժանի արդյունքն է: Ծավալվեց արդյունավետ և ակտիվ քննարկում մասնակիցների բարձրացրած հարցերի շուրջ:
Տեղի ունեցած հանդիպումը կարևոր հարթակ էր ոլորտի նորագույն միտումների ներկայացման, գիտակրթական համագործակցության խթանման և երիտասարդ մասնագետների ներգրավման համար։