ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 17-19 Աղվերանում կազմակերպվեց քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղ-մրցույթ:
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած ՀՀ տարբեր բուհեր ներկայացնող ինը թիմերից գրավոր փուլի արդյունքներով բանավոր փուլում իրենց գիտելիքներով մրցելու հնարավորություն են ստացել ԵՊՀ երկու թիմեր, Շիրակի, Վանաձորի պետական համալսարանների, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հյուսիսային համալսարանի թիմերը:
Մրցութային առաջին օրը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ի․գ․դ․, պրոֆեսոր Հարություն Խաչիկյանը` նշելով, որ նման դատախաղ-մրցույթների անցկացումը յուրօրինակ խթան է ուսանողների համար՝ իրենց մասնագիտական կարողությունները զարգացնելու, գիտելիքները հրապարակային բանավեճի ընթացքում ներկայացնելու, նոր գիտելիքներ և կարողություններ ձեռք բերելու համար: Մրցույթի կարևորությունն ընդգծեց նաև Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը` նշելով, որ այս նախաձեռնությունը չափազանց կարևոր է ուսանողների մասնագիտական գիտելիքների խորացման և դրանց գործնական կիրառության հմտությունների զարգացման համար:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, ի․գ․դ․, պրոֆեսոր Աննա Մարգարյանը։ Նա կարևորեց, որ տարբեր բուհերի ուսանողներ դատախաղի շնորհիվ դրսևորում են իրենց գիտելիքները, հմտությունները և կարողությունները, ինչպես նաև հնարավորություն ստանում շփվելու ՀՀ-ում և Գերմանիայում իրավակիրառ գործունեություն ծավալող մասնագետների հետ, ձեռք բերում նոր գիտելիքներ և հմտություններ:
Դատախաղի ժյուրիի կազմը ներկայացուցչական էր` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանը, Ռոբերտ Պապոյանը, ՀՀ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատախազ Արմեն Մուրադյանը, Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Սահմանադրական դատարանի պաշտոնաթող նախագահ Վինֆրիդ Շուբերտը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արմինե Ֆանյանը:
Մրցութային առաջին երկու օրերի արդյունքների համաձայն՝ ժյուրիի կողմից առավելագույն միավորների արժանացած Հայաստանում ֆրանսիական համալսարանի «La Balance» և Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ-2» թիմերը հանդիպեցին հոկտեմբերի 19-ին կայացած եզրափակիչ փուլում: Ժյուրիի միաձայն որոշմամբ լավագույն ճանաչվեց Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ-2» թիմը:
Դատախաղի կազմակերպիչների և իրավական հանրությունը ներկայացնող տարբեր կառույցների ու պաշտոնատար անձանց կողմից մրցույթի մասնակիցների համար սահմանվել էին հատուկ մրցանակներ: Հաղթողի գավաթին արժանացած թիմի ներկայացուցիչների համար ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կողմից նախատեսվել էր անվանական կրթաթոշակների տեսքով հատուկ մրցանակ:
Տարբեր անվանակարգերում մրցանակներ էին սահմանել ՀՀ փաստաբանական ակադեմիան, ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ արդարադատության ակադեմիան, ՀՀ դատավորների միությունը:
Դատախաղի ավարտին մրցույթի մասին իրենց տպավորությունները ներկայացրին ինչպես ժյուրիի անդամները, միջոցառման կազմակերպիչները, այնպես էլ մասնակից թիմերի ներկայացուցիչները` ընդգծելով, որ այն շատ լավ հնարավորություն է խորացնելու մասնագիտական հմտությունները, զարգացնելու գործնական կարողությունները, փորձ փոխանակելու և նոր կապեր հաստատելու։