- Main
- Node
- Գեներատիվ արհեստական բանականությունը՝ որպես ուսուցման նախագծման ուղի
November 06, 2025 | 16:03
Կարիերա
Կրթություն
Գեներատիվ արհեստական բանականությունը՝ որպես ուսուցման նախագծման ուղի
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում կայացավ «Ուսուցման նախագծում գեներատիվ արհեստական բանականության միջոցով» («Designing Instruction with Generative AI») գրքի շնորհանդես-քննարկումը։ Հիմնվելով բազմազան հետազոտությունների, մասնագիտական փորձի և ռազմավարական դիտարկումների վրա՝ գիրքը կարող է դառնալ արժեքավոր ուղեցույց ինչպես սկսնակ և փորձառու դասախոսների, այնպես էլ ուսանողների համար՝ ներկայացնելով, թե ինչպես կարող է արհեստական բանականությունը նպաստել դասընթացների ստեղծմանը, դասավանդման արդյունավետության բարձրացմանը։
«Ուսուցման նախագծում գեներատիվ արհեստական բանականության միջոցով» գիրքը գործիքների և ռազմավարությունների նորարարական համադրություն է՝ ուղղված կրթության մեջ արհեստական բանականության արդյունավետ կիրառմանը, ինչպես նաև գրավիչ ու անհատականացված ուսումնական փորձառությունների ձևավորմանը։ Գրքի յուրաքանչյուր գլխում առաջարկվում են առաջադեմ մտածողություն ունեցող և գործնականում հաստատված եղանակներ՝ ուսումնական նյութեր, դասընթացների ծրագրեր և ուսումնական միջավայրեր ստեղծելու ու բարելավելու տարբերակներ՝ դրանով իսկ աջակցելով թվային գրագիտությանը:
Գիրքը բաղկացած է 12 գլուխներից, որոնցից յուրաքանչյուրում անդրադարձ է կատարվում ուսուցման նախագծման կարևոր կողմերին։ Առաջին գլխում ներկայացվում է գեներատիվ արհեստական բանականությունը։ Հաջորդ գլուխներում քննարկվում են արհեստական բանականության գրագիտությունը, ուսուցման նախագծման հիմնական դրույթները, դասընթացների համապատասխանեցումը, ուսանողների ուսումնական արդյունքները, գնահատումը և ուսուցողական ռազմավարությունները։ Գրքում ներկայացվում են նաև մոտիվացիային, դասավանդողի ներգրավվածությանը, հասանելիությանը և վարքային խնդիրներին առնչվող թեմաներ։
Հեղինակը գրքում շեշտադրում է արհեստական բանականության ներուժը՝ այն դիտարկելով որպես քննադատական մտածողության և ճանաչողական գործընթացների ապահովման միջոց:
Գրքի շնորհանդես-քննարկումն ուղեկցվեց հեղինակի՝ Բրենտ Ա. Անդերսի բանախոսությամբ։
«Վերջերս Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) հրապարակել է արհեստական բանականության (ԱԲ) կարողությունների շրջանակ՝ կարևորելով հետևյալ 4 կետերը՝ տեղեկացվածություն, կարողություն, գիտելիք և վերլուծական մտածողություն։ Տեղեկացվածությունը այն գիտակցումն է, որ ԱԲ-ն գոյություն ունի, և մենք չեն կարող անտեսել այն։ Մենք պիտի տեղյակ լինենք, որ ԱԲ-ն գոյություն ունի և կիրառելի է մի շարք ոլորտներում։ Իսկ կարողության մասին խոսելիս կարևորում ենք 2 հիմնական հարց․ նախ՝ ԱԲ-ի կարողությունը, թե որքանով է այն արդյունավետ, և արդյոք բոլոր ԱԲ գործիքներն ի վիճակի են իրականացնելու նույն գործառույթները։ Կարևոր է նաև հասկանալ ԱԲ-ի սահմանները. այն երբեք չի լինի կատարյալ և նույնիսկ եթե երբևէ դառնա այդպիսին, ապա կարող է ժամանակից հետ մնալ կամ սխալներ թույլ տալ։ Եվ երկրորդ՝ կարևոր է նաև ԱԲ-ի հետ աշխատելու սեփական կարողությունը»,- նշեց հեղինակը։
Անդրադառնալով գիտելիքի, կարողությունների և վերլուծական մտածողության մանրամասներին՝ նա ասաց․ «Եթե ես զբաղվում եմ բիզնեսով, ապա պիտի հասկանամ, որ իմ բոլոր մրցակիցներն էլ ունեն նույն հասանելիությունը ԱԲ գործիքներին, ինչ որ ես։ Գիտելիքը իմացությունն է այն բանի, որ բոլորն ունեն ԱԲ-ին հասանելիություն։ Գիտելիքի կարևոր բաղադրիչներից են տվյալների անվտանգությունը և գաղտնիությունը․ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ տեղեկություն կարելի է կամ չի կարելի փոխանցել ԱԲ համակարգերին։ Մենք պիտի հասկանանք, որ ԱԲ-ն կարող է օգտագործվել և՛ դրական, և՛ բացասական նպատակներով․ ԱԲ-ն կարող է օգտագործվել կեղծիքների և խաբեությունների համար, ինչպես նաև մեր կարողությունները զարգացնելու համար»։
Նա հավելեց՝ բազմաթիվ ուսուցիչների և ուսանողների հետ զրույցները ցույց են տալիս, որ ուսանողներն արդեն ակտիվորեն կիրառում են արհեստական բանականությունը, սակայն կարևոր հարց է մնում՝ արդյո՞ք նրանք դա անում են արդյունավետ և էթիկական նորմերին համապատասխան։ Այս համատեքստում բանախոսն ընդգծեց, որ անհրաժեշտ է խորապես հասկանալ ԱԲ-ի բոլոր կողմերը՝ առաջացող խնդիրների լուծման համար ճիշտ մոտեցումներ գտնելու նպատակով։
Բանախոսը ներկայացրեց, թե ինչպես կարելի է օգտագործել և զարգացնել արհեստական բանականության հետ կապված հմտությունները դասավանդման և ուսուցման նախագծման գործընթացում։ Նա բացատրեց, որ ուսուցման նախագծումը (instructional design) ենթադրում է աշխատանքը փոքր մասերի՝ առաջադրանքների և ենթառաջադրանքների բաժանելը։
Բրենտ Ա. Անդերսը շեշտեց՝ գրքի հիմնական գաղափարն է սովորեցնել լինել լավ ուսուցման նախագծող և ցույց տալ, թե ինչպես կարելի է օգտագործել գեներատիվ ԱԲ-ն այդ գործընթացը հեշտացնելու և բարելավելու համար։
Հետազոտողն անդրադարձավ «դասընթացի համապատասխանեցման» գաղափարին (course alignment)՝ բացատրելով, որ յուրաքանչյուր դասընթացում պետք է հստակ համադրվեն երեք հիմնական բաղադրիչներ՝
- ուսանողների ուսումնական արդյունքները (SLOs),
- գնահատման ռազմավարությունները,
- ուսուցողական ռազմավարությունները։
Քննարկման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան հեղինակին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը և ներկայացնելու իրենց դիտարկումները։
Նշենք նաև, որ Բրենտ Ա. Անդերսը արհեստական բանականության վերաբերյալ մի շարք այլ գրքերի հեղինակ է, այդ թվում՝ «Արհեստական բանականության գրագիտության հրամայականը», «9-կետանոց գործողությունների ծրագիր՝ կրթության մեջ գեներատիվ արհեստական բանականության ինտեգրման համար»: Նա դասավանդում և հետազոտական գործունեություն է ծավալում Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ միաժամանակ ղեկավարելով նաև «Սովորել» ուսուցման և ուսումնառության կենտրոնը։





