- Main
- Node
- «BioExpo-2025»․ գիտությունը, կրթությունը և նորարարությունը՝ մեկ հարթակում
November 07, 2025 | 16:15
Գիտություն
Կրթություն
Միջոցառումներ
«BioExpo-2025»․ գիտությունը, կրթությունը և նորարարությունը՝ մեկ հարթակում
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ արդեն հինգերորդ տարին անընդմեջ անցկացվում է «BioExpo» ցուցահանդեսը, որը դարձել է ավանդական հարթակ՝ միավորելով կրթությունը, գիտությունը և բիզնես ոլորտը։ Ցուցահանդեսի հիմնական նպատակն է ներկայացնել ֆակուլտետի կրթական ու գիտահետազոտական ծրագրերը, ուսանողների և շրջանավարտների մասնագիտական աճի հնարավորությունները, ինչպես նաև տրամադրել կարևոր տեղեկություններ կենսաբանական ոլորտի ժամանակակից միտումների և աշխատաշուկայի պահանջների մասին։
Միջոցառման ընթացքում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի տարբեր ամբիոններ ներկայացրին իրենց գործունեությունը՝ շեշտադրելով ինչպես ակադեմիական, այնպես էլ կիրառական գիտության կարևորությունը։ Աշակերտները հնարավորություն ունեցան անմիջականորեն շփվելու ֆակուլտետի դասախոսների, գիտնականների և ուսանողների հետ՝ ծանոթանալով կենսաբանության տարբեր ուղղություններին՝ մոլեկուլային կենսաբանությունից մինչև էկոլոգիա, կենսաքիմիա և գենետիկա։ Այս ամենը նպաստեց նրանց մասնագիտական կողմնորոշմանը և գիտելիքների ընդլայնմանը։
Ֆակուլտետի տաղավարներով շրջայց կատարեցին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ ծանոթանալով ներկայացված գիտական աշխատանքներին, ուսանողական նախագծերին և դպրոցականների համար պատրաստված ինտերակտիվ ցուցադրություններին։ Նրանք բարձր գնահատեցին ֆակուլտետի նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ «BioExpo»-ն մի հարթակ է, որը խթանում է գիտական մտածողության զարգացումը և նոր սերնդի հետաքրքրությունը բնական գիտությունների նկատմամբ։
«BioExpo»-ն առանձնանում է նաև նրանով, որ միավորում է ոչ միայն ակադեմիական, այլև կենսաբանության ոլորտում գործող տարբեր հաստատությունների և ընկերությունների ներկայացուցիչներին։ Առանձին տաղավարներով ներկայացված էին ֆակուլտետի շրջանավարտների աշխատավայրերը ներկայացնող կազմակերպություններ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտներ, պետական կառավարման համակարգի մարմիններ, կլինիկական ախտորոշիչ լաբորատորիաներ, ինչպես նաև բնապահպանության, սննդարդյունաբերության և կենսատեխնոլոգիայի ոլորտների առաջատար ընկերություններ։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանը, խոսելով էքսպոյի մասին, նշեց․ «Արդեն ավանդույթ դարձած «BioExpo»-ն մեր ֆակուլտետի համար գիտակրթական յուրահատուկ «տոն» է: Այն համախմբում է գիտության, կրթության և արտադրության ոլորտների ներկայացուցիչներին՝ հարթակ ստեղծելով փոխշփման և համագործակցության համար։ Սա բացառիկ հնարավորություն է ինչպես աշակերտների, այնպես էլ ուսանողների համար՝ հասկանալու, թե ինչ լայն հորիզոններ է բացում կենսաբանությունը՝ սկսած հիմնարար հետազոտություններից մինչև կիրառական գիտություններ և նորարարական տեխնոլոգիաներ»։
Ընդգծելով այս տարվա առանձնահատկությունը՝ Կարեն Ղազարյանը հավելեց․ «Այս տարի որոշեցինք ստուգել դպրոցականների մասնագիտական տեղեկացվածության մակարդակը․ ամբիոնների կողմից պատրաստվել էին թեմատիկ հարցեր, որոնց ճիշտ պատասխանելու դեպքում աշակերտներն ստանում էին կտրոններ և նվերներ։ Այս ձևաչափը խթանեց նրանց հետաքրքրությունը և ստեղծեց գիտելիքի յուրացման խաղային միջավայր»։
Դեկանի խոսքով՝ այս տարվա մասնակիցների թիվը զգալիորեն գերազանցել է նախորդ տարիների ցուցանիշը, ինչը, ըստ նրա, վկայում է միջոցառման արդյունավետության և նրա նկատմամբ աճող հետաքրքրության մասին։
«Մենք սա համարում ենք մեր թիմի և ֆակուլտետի աշխատանքի լավագույն ցուցանիշներից մեկը։ «BioExpo»-ն դարձել է հարթակ, որտեղ գիտությունը դառնում է հասանելի, կիրառելի և ոգեշնչող»,- շեշտեց Կարեն Ղազարյանը։