- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում բացվեց Օդերևութաբանության լաբորատորիա՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ գործակցության շրջանակում
Նոյեմբեր 07, 2025 | 14:49
Գործընկերներ
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
Միջոցառումներ
ԵՊՀ-ում բացվեց Օդերևութաբանության լաբորատորիա՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ գործակցության շրջանակում
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Օդերևութաբանության լաբորատորիայի բացման արարողությունը: Լաբորատորիան, հագեցած լինելով ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով, կծառայի որպես հետազոտական և կրթական կենտրոն, ինչպես նաև ուսանողներին հնարավորություն կընձեռի ծանոթանալու օդերևութաբանական կայանից ստացված մի շարք տվյալների:
Օդերևութաբանության լաբորատորիան վերանորոգվել և կահավորվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության (ՇՄՆ) և «Զվարթնոց» օդերևութաբանական կենտրոնի նախաձեռնությամբ: Հատկանշական է, որ ԵՊՀ բակում տեղակայված օդերևութաբանական կայանից ստացված տվյալներն արդեն հնարավոր կլինի ուսումնասիրել նորաբաց լաբորատորիայում և տարածել ԵՊՀ բոլոր ստորաբաժանումների շրջանում:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով պետության կողմից համալսարանին տրամադրված հերթական աջակցությունը, ընդգծեց, որ համագործակցությունները պետական տարբեր կառույցների հետ միշտ տվել են իրենց լավ արդյունքները, և համոզմունք հայտնեց, որ այս գործընթացը կլինի շարունակական։
«ԵՊՀ-ում կարևորվում է գիտակրթական և հետազոտական նոր կենտրոնների ձևավորումը, ինչը նպաստում է ուսանողների գործնական հմտությունների զարգացմանն ու նրանց՝ որպես լիարժեք մասնագետ կայանալուն։ Տարիներ շարունակ համալսարանի և պետական տարբեր մարմինների միջև առկա համագործակցությունների շնորհիվ արձանագրվել է նշանակալից արդյունք: Նշեմ, որ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը սերտորեն համագործակցում է ՀՀ շրջակա միջավայրի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ, և այդ համագործակցությունները տալիս են իրենց դրական արդյունքները, ինչը նկատելի է նաև դիմորդների թվի աճից»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:
Հովհաննես Հովհաննիսյանը վստահեցրեց, որ նմանատիպ լսարանների ու կենտրոնների բացումը «Երկրաբանություն» կրթական ծրագիրը կդարձնեն առավել մրցակցային: Նա նաև շեշտեց, որ նոր միջավայրում դասապրոցեսն ընթանում է առավել հետաքրքիր՝ մոտիվացնելով ուսանողներին:
ՀՀ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը, նախքան լաբորատորիայի բացումը շրջայց կատարելով Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում, ասաց․ «Մի կողմից՝ ցավով եմ հիշում, որ մենք մեր ուսանողական տարիներին համապատասխան կրթական պայմաններ չենք ունեցել, սակայն մյուս կողմից՝ ուրախությամբ արձանագրում եմ, որ այս կարճ ժամանակահատվածում կատարված աշխատանքն ակնհայտ է, և ֆակուլտետը վստահ քայլերով շարժվում է առաջ՝ առավել սերտ համագործակցության հնարավորություն ունենալով աշխարհագրության և երկրաբանության ոլորտները նեկայացնող կառույցների հետ: Ինչ վերաբերում է ԵՊՀ և ՇՄՆ համագործակցությանը, հարկ է նշել, որ այն երկար տարիների փորձ ունի, և լաբորատորիայի հիմնումն այդ համագործակցության տրամաբանական շարունակությունն է»:
Նախարարը հիշատակեց նաև, որ ԵՊՀ-ի և ՇՄՆ-ի միջև կնքված հուշագրի համաձայն՝ ՇՄՆ «Զվարթնոց» օդերևութաբանական կենտրոնում աշխատում են ԵՊՀ տասնյակից ավելի շրջանավարտներ։ Այս համատեքստում նա ընդգծեց․ «Համոզված եմ, որ լաբորատորիայի հիմնումը հնարավորություն կտա առավել խորությամբ ուսումնասիրելու ոլորտը՝ տեսական գիտելիքները կիրառելի դարձնելով գործնականում»:
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանն էլ մատնանշեց, որ այն տվյալները, որոնք ստանալու են Օդերևութաբանության լաբորատորիայում, կբարձրացնեն ուսանողների գիտակրթական մակարդակը, իսկ լաբորատորիան կդառնա գիտական կենտրոն պրոֆեսորադասախոսական կազմի՝ գիտության ոլորտում նոր ձեռքբերումներ գրանցելու համար:
«Ֆակուլտետն ունի բազմաթիվ գործընկերներ մասնավոր կառույցների շրջանում, սակայն պետական կառույցների հետ համագործակցության շրջանակում սա առաջին շոշափելի ձեռքբերումն է, և շատ կարևոր հանգամանք է, որ պետությունն իր ներդրումն ունի այս գործընթացում»,- հավելեց դեկանը:
Լաբորատորիայի բացման արարողությունից հետո ՀՀ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում հանդիպեց համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Նախարարը ներկայացրեց 2026 թ. Հայաստանում սպասվող «COP-17» (ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով) միջոցառման կազմակերպական աշխատանքներն ու ակնկալիքները համալսարաններից:
ՀՀ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը ԵՊՀ կատարած իր այցն ամփոփեց՝ այցելելով համալսարանում ընթացող «BioExpo-2025» ցուցահանդես: Նա շրջեց տաղավարներով և ծանոթացավ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների, ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների, կլինիկական ախտորոշիչ լաբորատորիաների, բնապահպանության, սննդարդյունաբերության, կենսատեխնոլոգիայի ոլորտների տարբեր կազմակերպությունների աշխատանքներին, որոնք հիմնականում ուղղված են աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը: