November 06, 2025 | 16:55
Partners
Education
International cooperation
YSU rector hosts Egyptian Ambassador Amal Afifi to discuss new prospects for academic cooperation
During the meeting between YSU Rector Hovhannes Hovhannisyan and the Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Arab Republic of Egypt to the Republic of Armenia, Amal Afifi, a number of issues related to education and science were discussed. Referring to both the historical ties and current interactions between Armenia and Egypt, they touched upon opportunities to further expand their collaboration.
Ողջունելով բարձրաստիճան հյուրին և կարևորելով հայ-եգիպտական գիտակրթական կապերի ամրապնդումն ու խորացումը՝ ԵՊՀ ռեկտորը հույս հայտնեց, որ այս համատեքստում ուսանողների, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչների փոխայցելությունները, երկու երկրների միջբուհական շփումները համապատասխան ծրագրերով շարունակական կլինեն:
«Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի համանուն կրթական ծրագրի շրջանակում ուսանողներն ամեն տարի հնարավորություն ունեն մեկ ուսումնական տարի անցկացնելու Եգիպտոսում՝ կատարելագործելով իրենց մասնագիտական բարձրագույն կրթությունը»,- մատնանշեց ռեկտորը:
Անհրաժեշտ գիտելիքներով և գործնական հմտություններով զինված ԵՊՀ ուսանողները դառնում են աշխատաշուկայում պահանջված ու մրցունակ մասնագետներ, որոնք հնարավորություն ունեն աշխատելու թե՛ պետական համակարգում, թե՛ միջազգային շուկայում։
Հ. Հովհաննիսյանը դեսպանին շնորհավորեց նաև օրերս Եգիպտոսում՝ Գիզայի բուրգերի համալիրի մոտ, Մեծ եգիպտական թանգարանի պաշտոնական բացման առթիվ, որը մշակութային մեծ ներդրում է ոչ միայն Եգիպտոսի, այլև ամբողջ աշխարհի պատմական ժառանգության մեջ:
ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Ամալ Աֆիֆին, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, նշեց, որ պատրաստակամ է անհրաժեշտ ջանքեր ներդնելու՝ ի նպաստ ԵՊՀ-ում արաբագիտության զարգացման, ինչպես նաև անհրաժեշտ կրթագիտական միջավայրի ձևավորման: Կրթական արդյունավետ գործընթացների կազմակերպման և լավարկման նպատակով դեսպանը ցանկություն հայտնեց լսելու թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների առաջարկներն ու գաղափարները:
Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն իր ելույթում նշեց. «Ուրախ ենք ողջունելու Ձեզ ԵՊՀ-ում՝ հանրապետության արաբագիտական դպրոցի ամենամեծ և ամենապահանջված կրթական կենտրոնում: ՀՀ-ում և ԵՊՀ-ում արաբագիտություն դասավանդվել է տասնամյակներ շարունակ: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնը, որտեղ դասավանդվում է ոչ միայն լեզու, այլև Եգիպտոսի պատմություն, մշակույթ, բացառիկ դեր ունի: Ի դեպ, Եգիպտոսի անունն է կրում ֆակուլտետի ամենահին լսարաններից մեկը: Լսարանն առաջինն է, որ անվանակոչվել է բարեկամ երկրի անունով»:
Ըստ դեկանի՝ արաբագիտության ամբիոնը առաջիկայում էլ կշարունակի գործել ի նպաստ ուսանողի, ի նպաստ հայ-եգիպտական բարեկամության և հարաբերությունների խորացման: Փոխգործակցության խորացման համատեքստում Ռ. Մելքոնյանն ականատեսի ուրախությամբ փաստեց նաև Եգիպտոսում հայերենի ու հայագիտության նկատմամբ ցուցաբերվող հատուկ հոգածությունը:
Դեկան Ռ. Մելքոնյանը Նորին Գերազանցություն դեսպան Ամալ Աֆիֆիին հրավիրեց արաբերենով դասախոսելու Արաբագիտության ամբիոնի ուսանողների համար: Սիրով ընդունելով դեկանի առաջարկը՝ դեսպան Ամալ Աֆիֆին պատրաստակամություն հայտնեց ներկայացնելու հայ-եգիպտական հարաբերությունների նախապատմությունը:



