ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսներ Դավիթ Ալավերդյանը և Վարդուհի Պետրոսյանը նոյեմբերի 9-15-ը «IMS»-ի («International Media Support») հրավերով Կոպենհագենում (Դանիա) մասնակցել են «MERIT» ֆորումին:
Դանիայի խորհրդարանի, Դանիայի լրատվամիջոցները կարգավորող մարմնի, «IMS»-ի ղեկավարության, Հանրային հեռարձակողների («DR» և «TV2»), Լրագրողների միության և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նրանք՝ որպես փորձագետ, ներկայացրել են հայաստանյան ինքնակարգավորման գործընթացը, մեդիաոլորտի օրենսդրական փոփոխությունները:
Դ. Ալավերդյանն ու Վ. Պետրոսյանը մասնակցել են նաև Կոպենհագենի «Տեղեկատվության ամբողջականություն. այլընտրանքային հարթակների և լուծումների կառուցում և ընդլայնում ապատեղեկատվության դեմ պայքարի և ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման» համաժողովին, որին բացման խոսքով հանդես է եկել Դանիայի արտգործնախարարը։
Քննարկվել են արհեստական բանականության, թվային միջավայրի կարգավորման էթիկական և օրենսդրական առկա մեխանիզմները, ԵՄ կարգավորումները, ապատեղեկատվության դեմ պայքարի մարտահրավերներն ու թվային միջավայրի պաշտպանության հնարավոր լուծումները։
Ֆակուլտետի դասախոսների համոզմամբ՝ ԱԲ-ն ոչ միայն նոր մարտահրավերներ ու հնարավորություններ է ստեղծում լրատվամիջոցների և մեծ տեխնոլոգիական ընկերությունների, կրթության և տարբեր ոլորտների համար, այլև առաջ է բերում կարգավորման կարևոր հարցեր։ Միջազգային նման համաժողովները նպաստում են ինչպես փորձի փոխանակմանն ու մասնագիտական հեղինակավոր կառույցների հետ հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ գործընկերային նոր նախաձեռնությունների ձևավորմանը:


