- Main
- Node
- «eCAMPUS» նախագծի ընթացիկ արդյունքները ներկայացվեցին Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության փորձագետին
November 26, 2025 | 16:17
Կրթական ծրագրեր
Միջազգային համագործակցություն
«eCAMPUS» նախագծի ընթացիկ արդյունքները ներկայացվեցին Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության փորձագետին
ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը «Erasmus+» ծրագրի «eCAMPUS» նախագծի ընթացիկ արդյունքները ներկայացրեց Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության փորձագետ Խավիեր Ֆլամենտին, որը Հայաստան է ժամանել՝ ծանոթանալու ծրագրի իրականացման ընթացքին, ինչպես նաև արձանագրելու խնդիրներն ու ձեռքբերումները:
Նշենք, որ «eCAMPUS» նախագծի նպատակն է դասախոսական կազմի թվային կարողությունների և հմտությունների խթանումը և առցանց դասավանդման, ուսումնառության և գնահատման (ԴՈւԳ) որակի բարելավումը ԵՄ «Թվային կրթության գործողությունների 2021-2027 թթ. պլանին» համահունչ՝ ներդնելով համարժեք թվային համակարգեր:
Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության փորձագետ Խավիեր Ֆլամենտը նաև աշխատաժողով անցկացրեց ԵՊՀ հիբրիդային ուսուցման խելացի ութ լսարաններից մեկում՝ լսելու նախագծի մասնակից բուհերի՝ ԵՊՀ-ի, ԵՊԲՀ-ի, Հյուսիսային համալսարանի, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ՈԱԱԿ-ի ներկայացուցիչների տեսակետներն ու ակնկալիքները նախագծի վերաբերյալ:
Բուհերի ներկայացուցիչներն ընդգծեցին, որ նախագիծը հնարավորություն կընձեռի զարգացնելու դասախոսների՝ առցանց դասավանդման, ուսումնառության և գնահատման թվային հմտություններն ու կարողությունները, ինչի շնորհիվ էական փոփոխություններ կկատարվեն ուսումնական գործընթացում։
Քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց նաև օրենսդրական կարգավորումներին, անհրաժեշտության դեպքում ամբողջությամբ հեռավար ուսուցում իրականացնելու խնդրին, ինչը հնարավորություն կտա բուհերին ընդունելու այնպիսի դիմորդներ, որոնք հնարավորություն չունեն առկա ձևաչափով մասնակցելու դասընթացներին, օրինակ, արտերկրում կամ Հայաստանի տարբեր մարզերում բնակվող անձանց:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև ԵՊՀ հիբրիդային ուսուցման խելացի լսարանի տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները:
Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանն էլ ընդգծեց, որ նախագծի շրջանակում կմշակեն դասավանդման, ուսուցման և գնահատման (ԴՈւԳ) թվային կարողությունների շրջանակը Հայաստանի բարձրագույն կրթության համար, որով կսահմանվեն և կկանոնակարգվեն ԴՈՒԳ կիրառող դասախոսական կազմի համար անհրաժեշտ կարողություններն ու հմտությունները, որոնք համահունչ են թվային կրթության գլոբալ միտումներին։ Այս և այլ փաստաթղթեր մշակումից հետո կներկայացվեն ՀՀ ԿԳՄՍՆ:
«Պաշտոնական փաստաթղթում սահմանված կլինեն, թե ինչպիսի թվային կարողություններ պետք է ունենան հեռավար, հիբրիդային ուսուցում իրականացնող դասախոսները: Այնուհետև կկազմվի վերապատրաստումների ծրագիր, կստեղծվի վերապատրաստողների խումբ, որոնք կվերապատրաստվեն եվրոպական գործընկեր բուհերում։ Վերադառնալով իրենց բուհեր՝ կկազմակերպեն դասախոսների վերապատրաստումներ: Առաջին փուլում նախատեսվում է վերապատրաստել ավելի քան 100 դասախոս բոլոր բուհերից: Դասախոսների առաջին խումբը պատրաստ կլինի դասավանդման 2027 թ. »,- ասաց Արմեն Բուդաղյանը:
Նշենք, որ ծրագրի մեկնարկից ի վեր՝ մասնակից բոլոր բուհերի, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ-ի և ՈԱԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են եվրոպական գործընկեր համալսարաններ՝ Լիսաբոնի համալսարան, Մադրիդի ինքնավար համալսարան, Ստոկհոլմի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ՝ ծանոթանալու գործընկեր համալսարանների փորձին:
«Erasmus+» ծրագրի «eCAMPUS» նախագծի մոնիթորինգի շրջանակում անցկացված հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն, նախագծի համակարգող Արմեն Բուդաղյանը, կենտրոնի փոխտնօրեն Մարի Սանթուրջյանը, ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի տնօրեն Արթուր Ավագյանը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի ղեկավար Արամ Հայրապետյանը, Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Սարգսյանը, ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Նախագիծը մեկնարկել է 2024 թ. դեկտեմբերի 1-ին: Հայաստանից նախագծին մասնակցում են չորս բուհեր՝ ԵՊՀ-ն (համակարգող), Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հյուսիսային համալսարանը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը:



