- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում անցկացվեց KPI4HE ծրագրի մշտադիտարկումը
Նոյեմբեր 26, 2025 | 14:53
Գործընկերներ
Կրթություն
ԵՊՀ-ում անցկացվեց KPI4HE ծրագրի մշտադիտարկումը
Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» (KPI4HE) նախագծի մշտադիտարկումը։
Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության (EACEA) ներկայացուցիչ Խավիեր Ֆլամենտի ղեկավարությամբ ԵՊՀ-ում կատարված մշտադիտարկման նպատակն էր գնահատել գործող ծրագրի ընթացքը, կատարված աշխատանքների որակը, ծրագրի պահանջների համապատասխանությունը ազգային կրթական առաջնահերթություններին, ինչպես նաև ծրագրի ազդեցության ծավալն ու հետագա զարգացման հնարավորությունները։
KPI4HE նախագիծը կարևոր նշանակություն ունի Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի համար, քանի որ նպատակ ունի բարելավելուբարձրագույն կրթության համակարգի կառավարումն ու համալսարանների ռազմավարական պլանավորումը։ Դրանք նպաստելու են որակյալ ու ներառական, թվային ու «կանաչ» ուղղվածությամբ բարձրագույն կրթությանը Հայաստանում՝ բարձրագույն կրթության կատարողականի առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԿԱՑԱՇ) մշակման և ներդրման, ինստիտուցիոնալ հետազոտությունների կառուցակարգերի զարգացման ու պլանավորման ծառայությունների գործարկման և հաստատությունների հավատարմագրման պետական չափանիշների վերանայման միջոցներով՝ համաձայն ԿԱՑԱՇ-ի։
Հանդիպման մեկնարկին ԵՊՀ միջազգային համագործակացության վարչության պետ, KPI4HE նախագծի համակարգող Ալեքսանդր Մարգարովն ու դրամաշնորհների համակարգման բաժնի վարիչ, նախագծի համահամակարգող Արսեն Ապրոյանը ներկայացրին ծրագրի ընթացքը, կատարված աշխատանքների հիմնական ուղղությունները, ինչպես նաև առաջիկա փուլերի իրականացման պլանավորված գործընթացները։
Կրթական համակարգում ԿԱՑԱՇ-ի ներդրումը նպաստում է տվյալահենք քաղաքականությունների մշակմանը, բարձրագույն կրթության բարելավմանը, գործունեության գնահատմանը, թափանցիկության բարձրացմանը, չափելիությանը և պետության կողմից բուհերի ֆինանսավորման նոր մոտեցմանը՝ ելնելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ նոր օրենքի դրույթների։
Մշտադիտարկման ամբողջական եզրակացությունների և գնահատականների մասին կտեղեկացվի ավելի ուշ․ դրանք կդառնան ծրագրի հետագա կատարելագործման հիմք։
Նշենք, որ ազգային այս եռամյա ծրագրի համակարգողը Երևանի պետական համալսարանն է, մասնակիցները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ), ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Եվրասիա միջազգային համալսարանը, Հյուսիսային համալսարանը, Գավառի պետական համալսարանը, «Կրթության քաղաքականության և կառավարման հայկական կենտրոն» ՀԿ-ն, ինչպես նաև եվրոպական երեք բուհեր (Գերմանիայի Դրեզդենի տեխնիկական և Օլդենբուրգի, Իտալիայի Ջենովայի համալսարանները):