- Main
- Node
- Շնորհակալագրի հանձնման արարողություն՝ ի նշան երախտագիտության և բարձր գնահատանքի
December 05, 2025 | 14:50
Գիտություն
Կրթություն
Միջոցառումներ
Շնորհակալագրի հանձնման արարողություն՝ ի նշան երախտագիտության և բարձր գնահատանքի
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում տեղի ունեցավ Ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի ամբիոնի դոցենտ, ք.գ.թ. Սամվել Վարդապետյանի գիտակրթական բազմամյա գործունեության արժևորման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանը, ֆարմացիայի ինստիտուտի պրոֆեսորադասախոսական համակազմը, գործընկերներ, ուսանողներ և հրավիրյալ այլ անձինք:
Հ. Հովհաննիսյանը միջոցառման ընթացքում շնորհակալագիր հանձնեց Ֆարմացիայի ինստիտուտի ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի ամբիոնի դոցենտ Սամվել Վարդապետյանին՝ նշանավորելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում նրա գիտամանկավարժական, գիտակրթական բազմամյա գործունեությունը: ԵՊՀ ռեկտորն ընդգծեց Ս. Վարդապետյանի՝ դասավանդման գործընթացում կրթական և գիտական բաղադրիչների համադրման մեծարժեք կարողությունը:
Ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի ամբիոնի վարիչ Հայարփի Սիմոնյանը, շնորհավորելով գիտնականին հոբելյանական տարեդարձի առթիվ, ներկայացրեց նրա մանկավարժական, գիտակազմակերպչական բեղուն գործունեությունը:
Վաստակաշատ գիտնականի 70-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը շնորհավորանքի խոսքով հանդես եկան գործընկերները՝ հատկորոշելով ինչպես ֆարմացիայի ոլորտում, այնպես էլ սերունդների կրթության և դաստիարակության գործում ունեցած նրա նշանակալի ավանդը:
Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ Մերի Ղազարյանը, ուսանողների շորհավորանքի և երախտիքի խոսքը փոխանցելով Սամվել Վարդապետյանին, մաղթեց երկարամյա արգասաբեր գործունեություն և քաջառողջություն:
Հավելենք՝ ք.գ.թ., դոցենտ Սամվել Վարդապետյանը դեղերի որակի անալիտիկային, սորբենտների ստացման արդի մեթոդներին առնչվող գիտահետազոտական աշխատանքների, ինչպես նաև համալսարանում ծավալած գիտամանկավարժական բեղուն գործունեության, երիտասարդ մասնագետների պատրաստման, կրթության որակի բարձրացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար 2015 թվականին արդեն իսկ պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով:




