- Main
- Node
- ԵՊՀ-ում բացվեց նոր՝ Սպեկտրոսկոպիայի և քրոմատոգրաֆիայի լաբորատորիա
December 05, 2025 | 15:45
Գիտություն
Ենթակառուցվածքներ
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
ԵՊՀ-ում բացվեց նոր՝ Սպեկտրոսկոպիայի և քրոմատոգրաֆիայի լաբորատորիա
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում բացվեց Սպեկտրոսկոպիայի և քրոմատոգրաֆիայի լաբորատորիա, որը կծառայի որպես գիտական և ուսումնական հետազոտությունների հարթակ՝ նպաստելով ժամանակի պահանջներին համահունչ ուսումնասիրությունների կատարմանը:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ Քիմիայի ֆակուլտետում բոլոր ուսումնական լաբորատորիաներն արդեն իսկ վերանորոգված ու վերազինված են ժամանակակից սարքավորումներով, իսկ կրթական միջավայրի շարունակական բարելավումը նպաստում է գիտության ոլորտում ուսանողների ներգրավմանը և առավել խորքային գիտելիքների փոխանցմանը: ԵՊՀ ռեկտորը հիշատակեց, որ ընթացիկ ուսումնական տարում դիմորդների թիվը բավական մեծ է եղել տարբեր մասնագիտությունների գծով, և թափուր տեղեր չեն եղել, այդ թվում՝ «Քիմիա» և «Սննդի անվտանգություն» բակալավրի կրթական ծրագրերում:
Քիմիայի ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գալստյանը, ներկայացնելով Սպեկտրոսկոպիայի և քրոմատոգրաֆիայի լաբորատորիայում առկա նոր սերնդի սարքավորումները, նշեց, որ լաբորատորիայում ուսումնասիրության են ենթարկվելու տարբեր նյութեր՝ սննդամթերքում առկա նյութերից մինչև մաքուր քիմիական նյութեր։
«Օրինակ՝ սննդամթերքի ուսումնասիրության դեպքում կստուգվի՝ պիտակավորման մեջ նշված նյութերն առկա՞ են, թե՞ ոչ, կամ ինչ հավելյալ նյութեր կան, որոնք չկան պիտակավորման մեջ: Մեր գիտական հետաքրքրության շրջանակում ուսումնասիրում ենք նաև նյութերի կառուցվածքը, թե դրանք ինչ տեսակի դինամիկ փոխազդեցություններ ունեն իրար մեջ, և սպեկտրային սարքերի օգնությամբ կարողանում ենք նույնականացնել այդ տարբեր տեսակի փոխազդեցությունները՝ միջմոլեկուլային, ներմոլեկուլային և այլն»,- ասաց նա:
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետն ունի ներբուհական սերտ համագործակցություն ֆիզիկայի ինստիտուտի և կենսաբանության ֆակուլտետի գործընկերների հետ: Բացի դրանից՝ ֆակուլտետը համագործակցում է նաև ակադեմիական ոլորտի տարբեր ինստիտուտների, օրինակ, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցների հետ: Արմեն Գալստյանն ընդգծեց, որ այս համագործակցությունների շրջանակում կատարվում են նաև համատեղ գիտական հետազոտություններ տարբեր տեսակի միացությունների և գործընթացների ուսումնասիրման նպատակով, որոնց արդյունքում բազմաթիվ գիտական հոդվածներ են հրապարակվել միջազգային գիտական շտեմարաններում ընդգրկված ամսագրերում:
Սպեկտրոսկոպիայի և քրոմատոգրաֆիայի լաբորատորիայի ֆինանսավորումը կազմել է մոտ 500 մլն ՀՀ դրամ: Վերջին տարիներին Քիմիայի ֆակուլտետում ընդհանուր առմամբ 1 մլրդ ՀՀ դրամի ներդրում է կատարվել և՛ ԵՊՀ-ի, և՛ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) կողմից: Նոր լաբորատորիայի սարքավորումների մի մասը («Mettler Toledo Seven Excellence» էլեկտրահաղորդականության և թթվայնության չափման սարք, «KERN ADJ 200-4» անալիտիկ կշեռքը, չորանոցը, ապակեղենը) և լաբորատոր կահույքը ձեռք են բերվել ԵՊՀ միջոցների հաշվին:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն Արկադի Հարությունյանը, ԵՊՀ պրոռեկտորներ Էլինա Ասրիյանը, Ռաֆայել Բարխուդարյանը, Միքայել Հովհաննիսյանը, ինչպես նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը:
Նշենք, որ վերջին տարիներին (2020 թ. սկսած) ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ տարբեր դրամաշնորհների շրջանակում ԵՊՀ քիմիայի գիտահետազոտական կենտրոնը համալրվել է ժամանակակից սարքերով՝ «Nicolet iS50 FTIR» սպեկտրոմետրով, «SPECORD 210 PLUS UV-Vis» սպեկտրոֆոտոմետրով, ՈՒՄ-տեսանելի (PDA) ու մաս-դետեկտորներով (Qda MS Detector) «Waters ACQUITY Arc Premier LC System» բարձրարդյունավետ հեղուկային (HPLC) և «Thermo Fisher Scientific Trace 1610» գազային (GC) քրոմատոգրաֆներով, ինչպես նաև «F-DGSi CRYOGEN 10RA» հեղուկ ազոտի կայանով:
Հարկ է նշել, որ վերջին երեք տարիներին ԵՊՀ քիմիայի գիտահետազոտական կենտրոնի գիտական ուսումնասիրությունների խթանումը և բարձր ազդեցության գործակից ունեցող (Q1 և Q2 քառորդի) ամսագրերում գիտական հոդվածների տպագրումը պայմանավորված են հենց ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ դրամաշնորհների միջոցով ձեռք բերված ժամանակակից սարքերով: Վերջին 3 տարիներին ԵՊՀ քիմիայի գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցները տպագրել են 77 գիտական հոդվածներ միջազգային գիտական շտեմարանի ամսագրերում, որոնցից տասներեքը՝ Q1 քառորդի ամսագրերում:





