- Main
- Node
- Մշակույթը՝ առաջնորդների ձեռքում․ ԵՊՀ գիտնականի նոր ուսումնասիրությունը
January 09, 2026 | 10:36
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Մշակույթ
Մշակույթը՝ առաջնորդների ձեռքում․ ԵՊՀ գիտնականի նոր ուսումնասիրությունը
ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի դասախոս Հայկուհի Մուրադյանն ավելի քան 10 տարի է, ինչ զբաղվում է մշակութային քաղաքականությամբ (հատկապես՝ խորհրդային շրջանի): Նա ուսումնասիրել է, թե հետխորհրդային շրջանում մշակութային քաղաքականության փոխակերպումներն ինչ ուղիներով են ընթացել, մասնավորապես՝ ինչպես են փոխվել մշակույթի կառավարման համակարգն ու ոլորտի կարգավորման օրենսդրական համակարգը, ինչ ազդեցություն է ունեցել այդ գործում Արևմուտքը, ինչ խորհրդային ժառանգություն է պահպանվել հետխորհրդային շրջանում։
Հայկուհի Մուրադյանի «Մշակութային քաղաքականությունը խորհրդային և հետխորհրդային Հայաստանում» մենագրությունը վերջերս է լույս տեսել: Գրքում ներկայացվում են Հայաստանի մշակութային քաղաքականության ձևավորումը և զարգացումը 1920-2025 թթ., խորհրդային շրջանի մշակութային քաղաքականության ձևավորման գաղափարական հիմքերը և դրանց ազդեցությունը հետխորհրդային մշակութային քաղաքականության համակարգի վրա: Հետազոտության թեմայի շուրջ զրուցել ենք գրքի հեղինակի հետ:
– Կներկայացնե՞ք գրքի կառուցվածքը։ Ի՞նչ թեմաներ են արծարծվում մենագրությունում։
– Գիրքը բաղկացած է չորս գլխից։ Առաջին գլխում ներկայացված են մշակութային քաղաքականության տեսական հիմքերը՝ ինչ է մշակութային քաղաքականությունը, երբ և ինչպես է այն ձևավորվել որպես գիտակարգ, ինչ տեսություններ և մոդելներ կան։ Քննարկվում են մշակութային քաղաքականության դասական մոդելները՝ ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական, և դրանց գործիքակազմը։ Այս տեսական հիմքի վրա երկրորդ գլխում անդրադարձ է կատարվում Խորհրդային Հայաստանում մշակութային քաղաքականության ձևավորմանն ու զարգացման փուլերին։
Խորհրդային մշակութային քաղաքականությունը հաճախ դիտարկվում է միակողմանի՝ կա՛մ նոստալգիկ, կա՛մ բացարձակ բացասական ընկալմամբ։ Գրքում փորձել եմ փուլային մոտեցմամբ ցույց տալ հատկապես 1920–1930-ական թվականների բարդ և բազմաշերտ գործընթացները։
– Ինչպե՞ս կբնութագրեք 1920–30-ական թվականների մշակութային քաղաքականությունը։
– 1920-ական թվականները խորհրդային մոդեռնիզացիայի, անգրագիտության դեմ պայքարի, կանանց դերի բարձրացման և կրթական ու մշակութային համակարգի ձևավորման շրջանն են։ Այդ տարիներին ձևակերպվեց խորհրդային մշակույթի հիմնական բանաձևը, այն է՝ ձևով ազգային, բովանդակությամբ՝ պրոլետարական։
1930-ականներին ստալինյան ռեժիմի հաստատմամբ մշակութային քաղաքականությունը խիստ կենտրոնացվեց։ Ձևավորվեցին վերահսկող մեխանիզմներ, գրաքննություն, ստեղծվեց խորհրդային մտավորականության նոր դասը։ Այդ շրջանը նշանավորվեց նաև մշակութային գործիչների նկատմամբ հետապնդումներով։ Այսպիսով, խորհրդային պատմության ամենամութ էջերում ստալինյան պատժամիջոցներն են, որոնք ազդեցին հատկապես մշակութային գործիչների վրա։
– Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում հետագայում։
– Ստալինյան շրջանին հաջորդած խրուշչովյան «ձնհալը» բերեց մշակութային քաղաքականության որոշակի ազատականացման։ 1960-ականներին նկատվում է ազգային բովանդակության ուժեղացում մշակույթում։ Թեև ձևով մշակույթը մնում էր խորհրդային, բովանդակության մեջ (մասնավորապես ճարտարապետության, գրականության, կերպարվեստի և երաժշտության մեջ) ավելի ընդգծված էին ազգային մոտիվները։
Այս շրջանում սկսում են բարձրաձայնվել նաև Հայոց ցեղասպանության հիշողության թեմաները, ինչը խորհրդային մշակութային քաղաքականության մեջ կարևոր շրջադարձ էր։
Գրքում առանձնահատուկ ուշադրություն է դարձված մշակույթի տներին, ստեղծագործական միություններին և դրանց հետխորհրդային փոխակերպումներին։
– Ինչպե՞ս է փոխվում մշակութային քաղաքականությունը անկախությունից հետո։
– Գրքի երրորդ գլխում անդրադարձ է կատարվում հետխորհրդային շրջանին՝ մշակութային քաղաքականության նոր հայեցակարգի ձևավորմանը։ Խորհրդային համակարգի փլուզումից հետո պահպանվեցին կառավարման որոշ ենթակառուցվածքներ, սակայն փոխվեցին անվանումներն ու մոտեցումները։
Առանձին ենթաբաժիններով գրքում ներկայացվում են նաև օրենսդրական դաշտի կարգավորման խնդիրները:
Հետազոտության ընթացքում կիրառել եմ Մաքս Վեբերի առաջնորդության տեսությունը (ինչպես է առաջնորդն ազդում մշակութային քաղաքականության վրա)՝ ուսումնասիրելով, թե ինչպես են Հայաստանի ղեկավարները իրենց մշակութային պատկերացումները պրոյեկտել պետական քաղաքականության վրա։ Գրքում քննարկվում են Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահությունների ժամանակաշրջանները՝ մշակութային կառավարման տարբեր մոդելների համատեքստում։ Անդրադարձ է կատարվում Նիկոլ Փաշինյանի ղեկավարության օրոք մշակույթի ոլորտում կատարված փոփոխություններին, սակայն հարկ է նշել, որ այս վերջին բաժինը դեռևս մանրամասն ուսումնասիրության անհրաժեշտություն ունի։
– Ո՞րն է գրքի վերջին գլխի առանցքային թեման։
– Չորրորդ գլխում վերլուծել եմ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության մասին ՀՀ օրենքի ձևավորումն ու փոփոխությունները։ Փորձել եմ ցույց տալ, թե ինչու են օրենսդրական փոփոխությունները հաճախակի, ինչ խնդիրներ են փորձում լուծել և ինչ դժվարություններ են առաջանում օրենքի կիրառման ընթացքում։
Նշենք, որ Հայկուհի Մուրադյանի «Մշակութային քաղաքականությունը խորհրդային և հետխորհրդային Հայաստանում» մենագրությունը լույս է տեսել ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությամբ։