- Main
- Node
- ԵՊՀ պրոֆեսոր Անահիտ Բալաբեկյանը՝ «European Physical Journal»-ի նշանավոր գրախոս
January 13, 2026 | 11:31
Կրթություն
Հասարակություն
ԵՊՀ պրոֆեսոր Անահիտ Բալաբեկյանը՝ «European Physical Journal»-ի նշանավոր գրախոս
ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի ղեկավար, ֆիզիկայի ինստիտուտի միջուկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Անահիտ Բալաբեկյանն արժանացել է «European Physical Journal» («EPJ») գիտական հեղինակավոր հանդեսի «2025 թ․ նշանավոր գրախոս» («Distinguished Referee in 2025») կոչմանը։
«European Physical Journal»-ը միջազգային գիտական հեղինակավոր հանդես է, որն ընդգրկում է ֆիզիկայի գրեթե բոլոր ճյուղերը։ Այն ներառված է տվյալների միջազգային հեղինակավոր այնպիսի շտեմարաններում, ինչպիսիք են «Scopus»-ը և «Web of Science»-ը։
Նշանավոր գրախոս («Distinguished Referee») է ճանաչվում այն գիտնականը, որը առանձնահատուկ, որակյալ, պատասխանատու և բարձր մասնագիտական աշխատանք է կատարում գիտական հոդվածների փորձաքննության և գրախոսության գործընթացում։ Նա տալիս է խորքային և օգտակար գնահատականներ, պահպանում է ակադեմիական բարձր էթիկա և իր փորձագիտական գործունեությամբ նպաստում է գիտական հանդեսի որակի բարձրացմանը։
«EPJ»-ի ղեկավար կոմիտեն այս պատվավոր կոչումը շնորհում է այն գրախոսներին, որոնք առանձնանում են իրենց մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, գիտական պատասխանատվությամբ և էական ներդրում են ունենում հանդեսում հրապարակվող հոդվածների գիտական որակի պահպանման ու զարգացման գործում։ Գրախոսների գործունեությունը համարվում է առանցքային գործոն միջազգային գիտական հրատարակությունների վստահելիության և ակադեմիական բարձր չափանիշների ապահովման հարցում։
Որպես նշանավոր գրախոս՝ Անահիտ Բալաբեկյանն արժանացել է անվանական դիպլոմի և անհատական նշանի։ Բացի դրանից՝ նրա անունը կընդգրկվի «European Physical Journal»-ի 2025 թվականի նշանավոր գրախոսների միասնական այբբենական ցուցակում, որը կհրապարակվի հանդեսի պաշտոնական կայքէջում։
Պրոֆեսորի խոսքով՝ այս կոչումը վկայում է այն աշխատանքի բարձր մակարդակի և մեծ ներդրման մասին, որն ինքը տարիների ընթացքում կատարել է գիտական և փորձագիտական ոլորտներում։ Նա նշեց, որ ժամանակակից հետազոտությունների ոլորտում միջազգային գիտական հանդեսների համար գրախոսել է բազմաթիվ հոդվածներ, սակայն այսօրինակ կոչում առաջին անգամ է ստանում։
«Շատ ուրախ եմ, որ տարիների ընթացքում իմ կատարած գիտական և փորձագիտական աշխատանքը արժևորվում է միջազգային գիտական ամսագրերի կողմից։ Այսօրինակ գնահատումն ինձ համար ավելի կարևոր է, քան ֆինանսական որևէ վարձատրություն։ Բացի դրանից՝ մեծ պատիվ է այսօրինակ նվաճումներով ԵՊՀ անունը միջազգային ասպարեզում բարձր պահելը․ չէ՞ որ ԵՊՀ միջազգային վարկանիշը ձևավորվում է հենց համալսարանի գիտնականների կատարած աշխատանքների շնորհիվ»,– ընդգծեց Ա․ Բալաբեկյանը։
ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի ղեկավար Անահիտ Բալաբեկյանի գիտական գործունեությունը տարիների ընթացքում կենտրոնացած է եղել միջուկային ռեակցիաների և տարբեր էներգիաների պայմաններում դրանց փոխազդեցությունների ուսումնասիրության վրա։ Պրոֆեսոր Բալաբեկյանը ավելի քան 100 գիտական հոդվածների հեղինակ է, որոնցում ներկայացված հետազոտական արդյունքները կարևոր ներդրում են ունեցել միջուկային ֆիզիկայի ոլորտի զարգացման գործում։ Նրա գիտական աշխատանքները տպագրվել են միջազգային ճանաչում ունեցող հեղինակավոր պարբերականներում՝ վկայելով գիտնականի մասնագիտական բարձր մակարդակի, հետևողական աշխատանքի և միջազգային գիտական հանրության կողմից արժևորված հետազոտությունների մասին։
Նշենք, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը պրոֆեսոր Անահիտ Բալաբեկյանին վերջերս պարգևատրեց ԵՊՀ ոսկե մեդալով: