- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց պրոֆեսոր Անահիտ Բալաբեկյանը
Դեկտեմբեր 25, 2025 | 15:04
Գիտություն
Կրթություն
ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց պրոֆեսոր Անահիտ Բալաբեկյանը
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի ղեկավար, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Անահիտ Բալաբեկյանին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ պարգևատրեց ԵՊՀ ոսկե մեդալով:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը արժևորեց պրոֆեսոր Անահիտ Բալաբեկյանի գիտամանկավարժական բեղուն գործունեությունը, նվիրյալ աշխատանքն ու գիտության ասպարեզում ունեցած նշանակալի ավանդը: Վկայակոչելով նրա մեծ վաստակը՝ ԵՊՀ ռեկտորը շնորհակալության և գնահատանքի խոսք ասաց՝ մաղթելով պրոֆեսորին անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ։
Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Խաչատուր Ներկարարյանը նշեց, որ մասնագիտական բարձր որակներով աչքի ընկնող գիտնականը ցայսօր Ֆիզիկայի ինստիտուտի ամենաակտիվ աշխատակիցներից է: Նա բարձր գնահատեց ինչպես ատոմային և միջուկային ֆիզիկայի, այնպես էլ նոր սերունդների կրթության և դաստիարակության ոլորտներում պրոֆեսոր Ա․ Բալաբեկյանի կատարած մեծածավալ աշխատանքը: Ըստ Ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի՝ մեծ են թե՛ համալսարանի գիտակրթական միջավայրի զարգացման, թե՛ սերունդների կրթադաստիարակչական ոլորտներում գիտնականի արձանագրած հաջողություններն ու ձեռքբերումները:
Պրոֆեսորի գործընկերները, որոնք միաժամանակ նրա աշակերտներն են, կարևորեցին իրենց ուսուցչի և՛ ազնիվ աշխատանքն ու մարդկային բարձր որակները, և՛ դասավանդման գործընթացում կրթական ու գիտական բաղադրիչների համադրման մեծարժեք կարողությունը:
Անահիտ Բալաբեկյանը հանդիպման ավարտին իր երախտիքի խոսքն ասաց ԵՊՀ ռեկտոր Հ. Հովհաննիսյանին՝ երկար տարիների անխոնջ աշխատանքը, գիտության ասպարեզում ունեցած ներդրումն արժևորելու և բարձր գնահատանքի արժանացնելու համար:
Հավելենք՝ պրոֆեսոր Ա. Բալաբեկյանի գիտական հետաքրքրությունները, գիտամեթոդական, գիտամանկավարժական աշխատանքներն ընդգրկում են միջուկային ռեակցիաները, բաժանման գործընթացները, ռադիոակտիվ թափոններին վերաբերող խնդրահարույց հարցերը:
Ոսկե մեդալի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև ԵՊՀ պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանը, միջուկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արմեն Թումասյանը:




