- Main
- Node
- Պաշտպանել բերքն ու նվազեցնել թունաքիմիկատների կիրառությունը. ԵՊՀ ասպիրանտի ուսումնասիրությունը՝ նվիրված վնասատու միջատների դեմ պայքարին
January 29, 2026 | 11:57
Գիտություն
Միջազգային համագործակցություն
Մրցույթներ
Պաշտպանել բերքն ու նվազեցնել թունաքիմիկատների կիրառությունը. ԵՊՀ ասպիրանտի ուսումնասիրությունը՝ նվիրված վնասատու միջատների դեմ պայքարին
Վնասատու միջատներից բերքը պաշտպանելու, թունաքիմիկատների օգտագործումը նվազեցնելու համար անհրաժեշտ են ժամանակակից հետազոտություններ՝ պարզելու այդ միջատների առանձնահատկությունները։ Այս տեսակետն է արտահայտում ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի ասպիրանտ Արևիկ Ղռմաջյանը, որի նպատակն է ստեղծել Հայաստանի համար վնասատու միջատների ընդգրկուն տվյալների շտեմարան՝ նպաստելով քիմիական պայքարին այլընտրանք հանդիսացող մոտեցումների ստեղծմանը:
ԵՊՀ ասպիրանտ Արևիկ Ղռմաջյանի «Հայաստանի որոշ վնասատու միջատների էկոլոգիական և ֆիլոգենետիկական առանձնահատկությունները» վերտառությամբ նախագիծը երաշխավորվել է ֆինանսավորման ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթում:
Նախագծի արդիականության և իրագործման մեխանիզմների մասին պատմում է Արևիկ Ղռմաջյանը:
Վնասատու միջատների տարածման պատճառները
Վնասատու միջատներն այսօր լուրջ խնդիր են ինչպես Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության, այնպես էլ բնության համար։ Կլիմայի փոփոխության, ինտենսիվ գյուղատնտեսության և մարդկանց գործունեության հետևանքով վնասատուներն ավելի արագ են տարածվում, երբեմն էլ հայտնվում նոր վայրերում։ Այսօր Հայաստանում վնասատու շատ միջատների մասին մասնակի կամ հին տվյալներ կան, իսկ ժամանակակից վստահելի տեղեկությունները պակասում են։ Թեման կարևոր է, քանի որ հնարավոր չէ արդյունավետ պաշտպանել բերքը, նվազեցնել թունաքիմիկատների օգտագործումն ու պահպանել բնությունը՝ առանց վնասատուներին լավ ճանաչելու։
Մի շարք վնասատու միջատներ թեև բավական լայն տարածում ունեն Հայաստանում, սակայն դրանց իրական տարածվածությունը դեռ լիարժեք ուսումնասիրված չէ։ Որոշ տեսակներ, իրենց առանձնահատկություններով պայմանավորված, ակտիվանում են միայն ինչ-որ տարիների կամ տարածվում են նոր շրջաններում։
Ուսումնասիրության տիրույթում են գիշերային և ցերեկային թիթեռները
Նախագիծը վերաբերում է հիմնականում այն միջատներին, որոնք վնասում են գյուղատնտեսական մշակաբույսերն ու ծառերը՝ բացասաբար անդրադառնալով հատկապես այգեգործության, բանջարաբուծության, անտառային տնտեսության վրա։ Ուսումնասիրության հիմնական առարկա են թեփուկաթևավորները կամ գիշերային և ցերեկային թիթեռները։ Միջատները կարող են ոչնչացնել տերևները, պտուղները կամ բույսի այլ մասերը՝ նվազեցնելով բերքը, վատացնելով վերջինիս որակն ու տնտեսություններին պատճառելով ֆինանսական կորուստներ։
Ուսումնասիրության մեթոդաբանությունը
Ուսումնասիրությունները կկատարվեն մի քանի փուլով․ դաշտային հետազոտական աշխատանքների միջոցով ՀՀ տարբեր շրջաններից կհավաքվեն միջատներ, այնուհետև կկատարվեն լաբորատոր ուսումնասիրություններ՝ պարզելու դրանց տեսակները։ Դաշտային աշխատանքների տվյալների և լաբորատոր արդյունքների համադրմամբ կստացվի ամբողջական պատկեր՝ միջատների տարածվածության և վարքագծի վերաբերյալ։ Այս մոտեցումը հնարավորություն կտա ոչ միայն տեսնելու վնասատուին, այլև պարզելու, թե իրականում որ տեսակն է դա։
Միջազգային ժամանակակից մեթոդների տիրապետում
Համագործակցելու ենք Գերմանիայի առաջատար գիտական կառույցների, մասնավորապես Լայբնիցի կենսաբազմազանության հետազոտական ինստիտուտի, Բոննի, Տարտուի (Էստոնիա) և Կառլովի (Չեխիա) համալսարանների հետ։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է փորձի փոխանակում, տվյալների համատեղ մշակում և ժամանակակից մեթոդների կիրառման ուսուցում։
Նախագծից ակնկալվող արդյունքները
Նախագիծը հնարավորություն կտա ստեղծելու Հայաստանի վնասատու միջատների վերաբերյալ հստակ և վստահելի տվյալների բազա, բարելավելու վնասատուների վաղ հայտնաբերման հնարավորությունները, ստեղծելու քիմիական պայքարի առավել անվտանգ այլընտրանքային մոտեցումների հիմքեր։ Այս ամենը կօգնի գյուղատնտեսներին, մասնագետներին և պետական կառույցներին կայացնելու ավելի ճիշտ որոշումներ։
Թեմայի վերաբերյալ արդեն իսկ կատարվել են մի շարք հետազոտություններ՝ դաշտային աշխատանքներ, միջատների հավաքագրում, վերլուծություն, ինչպես նաև համագործակցություն Հայաստանի և արտերկրի մասնագետների հետ: Արդյունքները հրապարակվել են միջազգային գիտական ամսագրերում և ներկայացվել գիտաժողովներում։ Այս նախագիծը վերոնշյալ աշխատանքի շարունակությունն ու ընդլայնումն է։
Նշենք, որ Արևիկ Ղռմաջյանի գիտական ղեկավարը ԵՊՀ կենդանիների էվոլյուցիայի և զոոնոզ հիվանդությունների ուսումնասիրության լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Մարինե Առաքելյանն է: Վերջինիս հետ համատեղ կատարվում է նախագծի գիտական վերահսկում և մեթոդաբանական ուղղորդում: