ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի նախաձեռնությամբ ս.թ. փետրվարի 14-15-ը անցկացվեց ձմեռային դպրոց՝ նախատեսված «Ռազմավարական հաղորդակցություն» և «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրերի ուսանողների համար:
Իրական ժամանակում հայտնվելով իրադարձությունների կենտրոնում՝ լարված քննարկումներ վարել, արագ արձագանքել և պատասխանատու լինել յուրաքանչյուր ձևակերպման համար․ տեղեկատվական ճգնաժամի պայմաններում ընդամենը րոպեների ընթացքում ճիշտ հաղորդագրություն մշակելու մարտահրավերը հնարամտորեն հաղթահարեցին Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում անցկացված «Ռազմավարական հաղորդակցությունը ճգնաժամի պայմաններում» ձմեռային դպրոցի մասնակից ուսանողները:
Ողջույնի խոսքով հանդես եկան Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը և սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, «Հասարակայնության հետ կապեր» բակալավրիատական և մագիստրոսական ծրագրերի ղեկավար Նվարդ Մելքոնյանը: Ըստ Ն. Մելքոնյանի՝ խաղային տեխնոլոգիաների ինտեգրումը դասավանդման գործընթացում արդյունավետ է և արդիական։
«Դասավանդման ընթացքում հաճախ եմ կիրառում, օրինակ, ուսուցման գործընթացի խաղայնացումը (գեյմիֆիկացիան) և սիմուլյացիոն խաղերը։ Վերջիններս, կիրառվելով հատուկ ստեղծված իրավիճակներում, օգնում են ուսանողներին՝ ձեռք բերելու մասնագիտական գործնական հմտություններ»,- ընդգծեց ԵՊՀ դոցենտը:
«Ռազմավարական հաղորդակցություն» կրթական ծրագրի դասախոս Աննա Նաղդալյանը ներկայացրեց «Ճգնաժամային հաղորդակցության սկզբունքները» կարճ դասախոսությանը, որին հաջորդեց դերային խաղ-սիմուլյացիան՝ գործողությունների հետաքրքիր ու ինքնատիպ քայլաշարերով, հստակ նկարագրված դերերով և պատասխանատվության բաշխվածությամբ։
«Ռազմավարական հաղորդակցություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար Արտակ Շաքարյանն էլ ընդգծեց՝ ԵՊՀ-ում ուսանած տեսական գիտելիքը միայն հիմքն է, իսկ նմանատիպ սիմուլյացիոն վարժանքները՝ այն կամուրջը, որը թույլ է տալիս գիտելիքը վերածել իրական հմտության։
«Վարժանքն օգնում է ավելի խոր ընկալել հաղորդակցության յուրաքանչյուր սխալի կամ ճիշտ ընտրված բառի իրական հետևանքները։ Այս առումով պետք է խոստովանեմ, որ տպավորված եմ ուսանողների պատրաստվածությամբ։ Նրանք ոչ միայն լիարժեք «մտել էին դերի մեջ»՝ ցուցաբերելով մասնագիտական էթիկա, այլև պատրաստում էին մամլո հաղորդագրություններ՝ գրագետ ու թիրախային»,- ընդգծեց Շաքարյանը:
Դասախոսներից Աննա Նաղդալյանն էլ հավելեց. «Այս վարժանքը ցույց տվեց, թե որ քայլերն են աշխատում նման իրավիճակներում, և որոնք չեն աշխատում։ Այն նաև հնարավորություն տվեց մասնակիցներին անձամբ հասկանալու, թե որոնք են հաղորդակցության, հատկապես ճգնաժամային հաղորդակցության, իրենց ուժեղ և թույլ կողմերը. որտեղ պետք է ավելի շատ աշխատեն իրենց մասնագիտական գիտելիքների զարգացման ուղղությամբ, կամ հակառակը՝ որ ոլորտը իրենցը չէ, և գուցե չպետք է զբաղվեն ճգնաժամային հաղորդակցությամբ»։
«Ռազմավարական հաղորդակցություն» մագիստրոսական ծրագրի ուսանող Սոսե Զաքարյանը՝ գնահատելով սիմուլյացիոն խաղի արդյունքները նշեց. «Իմ դերն այնպիսին էր, որ, օրինակ, ես երբևէ չէի սպասի, որ այդ իրավիճակում կկարողանամ այդքան արագ արձագանքել կամ ինձ այդպես պահել։ Երկու սխալ արեցի. վստահ եմ, որ հետագայում՝ կյանքիս որևէ փուլում, ես՝ որպես հաղորդակցության մասնագետ, այլևս նման սխալներ թույլ չեմ տա»:
«Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի ուսանող Իրինա Ասատրյանը խոստովանեց, որ պատահական բաշխված դերերը հետաքրքիր էին, քանի որ դրանք դուրս էին իրենց «սովորական» պատկերացումներից։
«Ես, օրինակ, ստացել էի բլոգերի՝ էլեկտրոնային օրագիր վարողի դեր: Սկզբում չէի պատկերացնում, բայց արագ կողմնորոշվեցի՝ ինչ դիրքավորում պետք է ունենամ։ Հետաքրքիր էր և դժվար չէր, պարզապես պահանջում էր արագ մտածել և հարմարվել։ Ամենահետաքրքիրն այն էր, որ համագործակցությունը երկու բաժինների միջև էր: Այդ փորձի փոխանակումն ամենաարժեքավորն էր, քանի որ երևաց՝ այս կամ իրավիճակներն ինչպես են ընկալում «Ռազմավարական հաղորդակցություն» և «Հասարակայնության հետ կապեր» կրթական ծրագրերի ուսանողները։ Դրանով իսկ ուրվագծվում են թե՛ տարբերությունները, թե՛ ընդհանրությունները»։




