- Main
- Node
- «Ծառա Սիմոնը». թատերական ներկայացում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում
February 19, 2026 | 17:15
Կրթություն
Միջոցառումներ
Մշակույթ
«Ծառա Սիմոնը». թատերական ներկայացում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում
Գիրք նվիրելու օրը ԵՊՀ-ում նշանավորվեց ինչպես ավանդական միջոցառումների շարքով, այնպես էլ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի առաջին հարկի վերաբացման արարողությամբ, «YSU Band»-ի ելույթով: Տոնական օրը եզրափակվեց Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում կայացած «Ծառա Սիմոնը» պատմվածքի բեմադրությամբ:
Սիմո՛ն, տա՛ր,
Սիմո՛ն, բե՛ր…
Սիմոն
Իսահակյանական գրական-գեղարվեստական ժառանգությունը շարունակաբար իր վրա է սևեռում արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների ուշադրությունը: Հերթական անդրադարձը ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Գայանե Եղիազարյանի բեմադրած թատերական ներկայացումն է՝ գրողի «Ծառա Սիմոնը» պատմվածքի հիման վրա:
Ա. Իսահակյանի «Ծառա Սիմոնը» պատմվածքի ձևի և բովանդակության միասնությունը, ինչպես նաև գրական-գեղարվեստական երկի թեմատիկ գաղափարական հիմքը արդիական է մինչ այսօր: Առօրյա պարզ, անմիջական ու անկեղծ զրույցի մի դրվագ այս ստեղծագործության դիպաշարը զարգանում է արագ և կտրուկ: Ժողովրդական բան ու բառով գրված երկը՝ բյուրեղացած Իսահակյանի վարպետության շնորհիվ, ուշագրավ է ոչ միայն ժանրի, այլև իրականության գեղարվեստականացման և մատուցման տեսանկյուններից:
Երգիծական նուրբ երանգով, բայց խորապես ողբերգական և միաժամանակ մարդասիրական այս պատմվածքը ռեալիստական փոքրածավալ արձակի նմուշ է՝ մեկ հիմնական հերոսով ու իրավիճակով, սահմանափակ գործողությամբ, բայց ներքին ուժեղ լարումով, որն ունի թե՛ անհատի հոգեբանությանը, թե՛ սոցիալական հարցերին առնչվող դիտարկումներ: Փոքր ձևի մեջ բացահայտվում է խոր ասելիք. միալար, անդադար աշխատանք, նյարդային գերլարում, հոգեկան սպառում, ի վերջո՝ ինքնության կորուստ և փախուստ:
Բեմադրության գեղարվեստական ղեկավարի յուրօրինակ մտահղացման և Մելինե Դավթյանի, Նարեկ Ստեփանյանի, Անգելինա Մկրտչյանի, Դիանա Հովհաննիսյանի բեմական խաղի միջոցով այս հակադրությունը հանդիսատեսին փոխանցվեց հաջողությամբ:
Բեմում կենդանի ինքնաներկայացմաբ քայլ առ քայլ բացահայտվում է առօրյան, որի կենտրոնում հերոսի ներքին հոգեվիճակն է: Սպասավոր Սիմոնի ներքին խռովքը ծնվել է ոչ թե ֆիզիկական ծանր աշխատանքից, այլ առօրյա միապաղաղությունից, անդադար ենթարկված լինելու զգացումից, որն էլ հանգեցրել է հոգեկան լարվածության այն աստիճանի, որ այլևս չի ցանկանում լսել իր՝ ականջ «խարտոցող» Սիմոն անունը:
Այս առումով հետաքրքրական է գեղարվեստական տեքստի նշանագիտական արտաքին ու ներքին շրջանակների համադրման իսահակյանական մոտեցումը ևս: Եթե առաջինն օբյեկտիվորեն սահմանափակ է (տարածաժամանակային, ժանրային առանձնահատկություններ, հեղինակային ոճ, բառաստեղծման և բառագործածության արվեստ և այլն), ապա երկրորդը (իմաստաբանական, բովանդակային կողմ) հեղինակի վերաբերմունքն է ներկայացված իրականության նկատմամբ և դուրս է վերոնշյալ սահմանափակումներից: Վերջինիս շնորհիվ էլ երկը՝ որպես գրական ստեղծագործության ժանր, բեմադրիչի մտահղացման և «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաների կատարման շնորհիվ հեշտորեն տարրալուծվեց՝ վերածվելով թատրոնի և միաձուլվելով թատրոնին:






