- Main
- Node
- Միջազգային համագործակցության նոր փուլ. ԵՊՀ-ն դարձավ «SAP University Alliances»-ի լիիրավ անդամ
February 26, 2026 | 14:19
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Միջազգային համագործակցության նոր փուլ. ԵՊՀ-ն դարձավ «SAP University Alliances»-ի լիիրավ անդամ
Երևանի պետական համալսարանը պաշտոնապես դարձավ «SAP University Alliances»-ի գործընկեր՝ ձեռք բերելով լիիրավ անդամի կարգավիճակ, ինչը համալսարանին հնարավորություն է ընձեռում լիարժեք օգտվելու ծրագրի կրթական և տեխնոլոգիական ներուժից։ «SAP University Alliances»-ը համաշխարհային նախաձեռնություն է, որն աշխարհի առաջատար համալսարանները կապում է բիզնեսի ոլորտում կիրառվող ժամանակակից թվային տեխնոլոգիաներին։ Ծրագրին միանալը ԵՊՀ-ին կընձեռի ուսումնական և հետազոտական գործընթացներում նորարարական թվային գործիքներ ներառելու հնարավորություն՝ դրանք համապատասխանեցնելով միջազգային կրթական չափանիշներին։
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, անդրադառնալով նախաձեռնության կարևորությանը, նշեց. «Մենք հնարավորություն կունենանք ուսումնական գործընթացում օգտվելու «SAP University Alliances»-ի կրթական ռեսուրսներից։ Այն Եվրոպայի խոշորագույն ընկերություններից է և ներառված է աշխարհի առաջատար 100 ընկերությունների շարքում։ Այսպիսով՝ խոսքը համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի ամենախոշոր ընկերություններից մեկի մասին է։ Ուստի չափազանց կարևոր է, որ Երևանի պետական համալսարանը հնարավորություն ունի համագործակցելու նման ընկերության հետ։ Տարբեր ոլորտների ընկերություններ իրենց կառավարման գործընթացները կազմակերպում են «SAP University Alliances»-ի տրամադրած ծրագրային լուծումների միջոցով։ Համաշխարհային ծրագիրը համալսարաններին օգնում է կրթական գործընթացում ներառելու իրական թվային բիզնես կառավարման գործիքներ՝ ապահովելով տեսության և պրակտիկայի արդյունավետ համադրություն»։
Պրոռեկտորը մանրամասնեց, որ համագործակցության շրջանակում ԵՊՀ-ն կօգտվի «SAP University Alliances»-ի կրթական ռեսուրսներից՝ ներառյալ «ERP» համակարգեր, տվյալների վերլուծություն, մատակարարման շղթայի կառավարում, ֆինանսներ և այլ ուղղություններ։ Կկազմակերպվեն անվճար դասընթացներ ուսանողների և դասախոսների համար, կստեղծվի միջազգային ճանաչում ունեցող հավաստագրեր ստանալու հնարավորություն։ Բացի դրանից՝ համագործակցությունը կնպաստի նաև դիմորդների և գործատուների շրջանում համալսարանի գրավչության բարձրացմանը:
«SAP Research»-ի գործադիր տնօրեն, փիլիսոփայության դոկտոր Իգոր Բելոուսովի խոսքով՝ համագործակցության հիմքերը ձևավորվել էին ավելի վաղ, սակայն այժմ այն ամրագրվել է պաշտոնապես և ստացել իրավական արժեք։ Նա կարևորեց նաև ուսանողների հետ անմիջական շփումը և համալսարանի հնարավորությունների ներկայացումը։
«Կոնկրետ աշխատանքը սկսել էինք մի քանի շաբաթ առաջ, սակայն գործնական քայլերն արդեն փաստում են համագործակցության արդյունավետության մասին։ Այս տարի դասախոսների համար անցկացվեց վերապատրաստման դասընթաց, որը, իմ կարծիքով, շատ հաջող էր։ «SAP»-ը բիզնեսի համար ծրագրային ապահովում մշակող ամենամեծ ընկերությունն է։ Սակայն, քանի որ մեր հաճախորդները հիմնականում ընկերություններ են, երբեմն ուսանողներն իրազեկված չեն ընկերության մասին։ Ուստի կարևոր է, որ ուսանողները ոչ միայն օգտակար տեղեկություններ լսեն, այլև հստակ պատկերացնեն՝ «SAP»-ի հետ ինչ կոնկրետ քայլեր, դասընթացներ անցնելու հնարավորություններ ունեն»,- նշեց նա։
Բելոուսովը ներկայացրեց նաև իր դերակատարումը. «Ես ներկայացնում եմ «SAP»-ը և համալսարանական դաշինքի տարածաշրջանի ներկայացուցիչն եմ։ Դաշինքի շրջանակում ունեմ երկու հիմնական գործառույթ՝ նոր դասընթացների մշակում և իմ պատասխանատվության շրջանակում գտնվող երկրների (Իտալիա, Իսպանիա, Հայաստան և Թուրքիա) գրասենյակների պարտականությունների համակարգում»։
Անդրադառնալով ընկերության ստեղծման պատմությանը՝ Իգոր Բելոուսովը նշեց, որ այն հիմնադրել են «IBM»-ի հինգ ինժեներներ ավելի քան 50 տարի առաջ։ Այդ ժամանակ «IBM»-ը զբաղվում էր արտադրությամբ և ստեղծում առաջին համակարգիչները, որոնք կիրառվում էին բիզնեսում։ Ինժեներները գաղափար առաջադրեցին մշակելու ծրագրային ապահովում նախ՝ հաշիվների ձևակերպման, ապա՝ արտադրության և բիզնես գործընթացների կառավարման համար։ Սակայն ընկերության ղեկավարությունը որոշեց կենտրոնանալ սարքավորումների արտադրության վրա, և գաղափարը չստացավ աջակցություն։ Արդյունքում ինժեներները լքեցին ընկերությունը և հիմնեցին սեփական կազմակերպությունը, որը հետագայում դարձավ համաշխարհային տեխնոլոգիական առաջատար։
Քննարկման վերջում Իգոր Բելոուսովը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող բոլոր հարցերին:
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ Կարինե Ավետիսյանը:
Այսպիսով՝ «SAP University Alliances»-ին միանալը ԵՊՀ-ի համար ոչ միայն կրթական նոր հնարավորություն է, այլև քայլ՝ համալսարանի միջազգային համագործակցության և տեխնոլոգիական արդիականացման ուղղությամբ։



