- Main
- Node
- Սոցիալական աշխատանքի առաջնահերթությունները՝ մասնագիտական քննարկման առանցքում
March 30, 2026 | 14:56
Գիտություն
Կրթություն
Հասարակություն
Սոցիալական աշխատանքի առաջնահերթությունները՝ մասնագիտական քննարկման առանցքում
ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի, կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիայի և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի համատեղ նախաձեռնությամբ կայացավ «Սոցիալական աշխատանքի էկոհամակարգը Հայաստանում» խորագրով համահանրապետական գիտաժողովը՝ նվիրված Սոցիալական աշխատողների միջազգային օրվան։ Գիտաժողովի նպատակն էր ակադեմիական հարթակում համախմբել սոցիալական աշխատանքի շահակիրներին, քննարկել սոցիալական ոլորտի բարեփոխումները, հիմնախնդիրները, սոցիալական ծառայությունների արդյունավետության գնահատման մոտեցումները, ինչպես նաև զարգացման հեռանկարները։
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը նշեց, որ այս տարի գիտաժողովն առաջին անգամ կազմակերպվել է համահանրապետական ձևաչափով՝ միավորելով ակադեմիական և մասնագիտական համայնքների ներկայացուցիչներին։ Դեկանը կարևորեց այն հանգամանքը, որ մասնակիցների շարքում զգալի թիվ էին կազմում ֆակուլտետի շրջանավարտները, որոնք արդեն ակտիվ դերակատարում ունեն սոցիալական աշխատանքի համակարգում։ Նրա գնահատմամբ՝ այսօրինակ հանդիպումները հնարավորություն են տալիս համադրելու մասնագետների փորձն ու մոտեցումները, քննարկելու ոլորտի հիմնախնդիրները և նախանշելու դրանց լուծման հնարավոր ուղիները։
Գիտաժողովին մասնակցում էին նաև «Սոցիալական աշխատանք» բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողները։ Նման ձևաչափով միջոցառումները, ըստ Արթուր Մկրտիչյանի, կարևոր են ուսանողների մասնագիտական կայացման տեսանկյունից, քանի որ հնարավորություն են տալիս ծանոթանալու ոլորտի գործնական խնդիրներին և նախապատրաստվելու ապագա մասնագիտական գործունեությանը։
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, դոցենտ Յուլիանա Մելքումյանը նշեց, որ գիտաժողովին մասնակցում էին սոցիալական աշխատանքի ոլորտի տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ Շիրակի պետական, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաններից, Քրեակատարողական ծառայությունից, ինչպես նաև Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայից։
Քննարկումների ընթացքում մասնակիցները հատուկ անդրադարձ կատարեցին նաև կանխարգելիչ սոցիալական ծառայությունների արդյունավետության գնահատման անհրաժեշտությանը, Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրներին, ինչպես նաև սոցիալական քաղաքականության և մասնագիտական միջամտությունների փոխկապակցվածությանը՝ կարևորելով գիտական և կիրառական փորձի համադրման նշանակությունը ոլորտի զարգացման գործում։
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանն ընդգծեց մասնագիտական համայնքի պարբերական հանդիպումների կարևորությունը, որոնք ավանդաբար կազմակերպվում են սոցիալական աշխատանքի ոլորտի երկու կարևոր օրերի շրջանակում՝ Հայաստանում սոցիալական աշխատողի օրվա (նոյեմբերի 4-ին) և Սոցիալական աշխատողների միջազգային օրվա (մարտի 17) առիթով։ Նրա գնահատմամբ՝ սոցիալական աշխատանքը դինամիկ զարգացող համակարգ է, որտեղ կրթությունը, պրակտիկան և սոցիալական քաղաքականությունը փոխադարձաբար պայմանավորում են միմյանց զարգացումը։ Քաղաքականության փոփոխությունները անմիջական ազդեցություն են ունենում մասնագիտական գործունեության վրա, իսկ պրակտիկ փորձը նպաստում է կրթության և հետազոտությունների զարգացմանը։
Միրա Անտոնյանի խոսքով՝ նմանօրինակ մասնագիտական քննարկումների հիմնական նպատակն է հասկանալ, թե ինչ քայլեր են անհրաժեշտ սոցիալական աշխատողի դերը սոցիալական քաղաքականության համակարգում ամրապնդելու համար և ձևակերպել հստակ ուղերձներ որոշում կայացնողների, կրթական հաստատությունների, դոնոր կազմակերպությունների և մասնագիտական համայնքի ներկայացուցիչների համար։ Նա կարևորեց սոցիալական աշխատողի դերակատարման վերաիմաստավորման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ սոցիալական աշխատողը պետք է հանդես գա ոչ միայն որպես ծառայությունների միջնորդ, այլև որպես մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական խնդիրների լուծման գործընթացում ակտիվ դերակատար։
Նրա համոզմամբ՝ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է մասնագիտական շարունակական համախմբում, միասնական դիրքորոշումների ձևավորում և սոցիալական աշխատանքի ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդում։






