ԵՊՀ գիտական արդյունքների ամփոփիչ սեմինարի շրջանակում ս.թ. ապրիլի 8-ին Պատմության ֆակուլտետում կայացավ «Հնագիտական լանդշաֆտի վերափոխումը մ.թ.ա. II-I հազարամյակներում» թեմայով սեմինար։ Հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Արտակ Գնունին ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ-2024»-ի շրջանակում կատարվող հետազոտության արդյունքները։ Հետազոտությունը կատարվում է ծրագրի ղեկավար Հայկ Ավետիսյանի ղեկավարությամբ։
Մ.թ.ա. II-I հազարամյակների սկզբին Հայկական լեռնաշխարհի հյուսիսային շրջաններում ձևավորվել էին հարաբերականորեն կայուն, բնական-մարդաստեղծ լանդշաֆտային միավորներ: Ա․ Գնունին ընդգծեց, որ բնական միջավայրը հանդես էր գալիս որպես առանցքային գործոն, որի շուրջ ձևավորվել և վերափոխվել են մշակութային լանդշաֆտի բոլոր տարրերը։
Բանախոսն ընդգծեց, որ նշված ժամանակաշրջանում ի հայտ է եկել բնական սահմաններով տարանջատված շրջանների համակարգ, որի գոյությունը ենթադրում է պաշտպանական կազմակերպված կառուցվածք։ Այդ համակարգը ներառում էր կենտրոնական պարսպապատ բնակավայրեր, դրանց մատույցները, հարակից բաց բնակավայրերը, ինչպես նաև տարածաշրջանային սահմանները պաշտպանող ամրոցների ամբողջություն։ Այսպիսով, ձևավորվել են պաշտպանական շրջաններ, որոնք ունեին ինչպես ռազմական, այնպես էլ կառավարչական նշանակություն։
Անդրադառնալով տնտեսական բաղադրիչին՝ ԵՊՀ դոցենտն ընդգծեց, որ պաշտպանական շրջանները միաժամանակ խոշոր տնտեսական միավորներ էին, որտեղ առաջնահերթ էր տնտեսական անվտանգության ապահովումը։ Այդ նպատակով վերահսկվել են գյուղատնտեսական համալիրները, ոռոգման համակարգերը, ջրամբարները և ռազմավարական ճանապարհները։ Ամրացված տարածքները կարևոր դեր են խաղացել նաև դեպի տնտեսական կենտրոններ տանող հաղորդակցությունների պաշտպանության գործում։
Ըստ Ա․ Գնունու՝ ծայրամասային շրջաններում պահպանվում են նախկին ամրաշինական ավանդույթները, սակայն ուրարտական ազդեցությունը արտահայտվում է նյութական մշակույթի առանձին տարրերում։ Դրանցից կարելի է առանձնացնել ուրարտական զուգահեռներ ունեցող գտածոները, դիակիզման կարասային թաղումները, ինչպես նաև սինկրետիկ խեցեղենի տարածումը, որտեղ միահյուսվում են էթիունյան և Վանի թագավորության մշակութային հատկանիշները։
Հետազոտության արդյունքների ներկայացումը կարևոր է կրթական գործընթացում, քանի որ ուսանողները գործնական պատկերացում են ստանում հնագիտական լանդշաֆտների, տնտեսական և պաշտպանական համակարգերի կառուցվածքի մասին և հասկանում դրանց կապը պետական ու մշակութային գործընթացների հետ: