ՀՀ բարձրագույն դատական ատյանի կարգավիճակի ու գործունեության առանձնահատկությունները, սահմանադրական գործառույթները ուսանողներին ներկայացնելու, ինչպես նաև դատական համակարգի նկատմամբ նրանց հետաքրքրությունը խթանելու նպատակով ս.թ. ապրիլի 13-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը հանդիպել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողների հետ և անցկացրել դասախոսություն։
Վճռաբեկ դատարանի նախագահը դասախոսության ընթացքում հանգամանալից անդրադարձել է Վճռաբեկ դատարանի տեղին ու դերին դատական համակարգում՝ շեշտադրելով իրավական միասնականության ապահովման և իրավունքի զարգացման գործում բարձրագույն դատական ատյանի սահմանադրական առաքելությունը։ Նա ընդգծել է, որ Վճռաբեկ դատարանի գործունեությունը միտված է նպաստելու իրավական կանխատեսելիության բարձրացմանը և հասարակության վստահության ամրապնդմանը դատական իշխանության նկատմամբ։
Բանախոսը անդրադարձել է նաև պետության և հասարակության մեջ դատավորի դերին, իրավական արժեքների նկատմամբ նրա բարձր պատասխանատվությանն ու բարոյական նկարագրին։
Դասախոսության շրջանակում Վճռաբեկ դատարանի նախագահը շեշտել է արդարության՝ որպես անկյունաքարային արժեքի և արդարադատության փոխհարաբերակցությունը, կարևորել դատական իշխանության դերը՝ արդարության և իրավունքի գերակայության ապահովման, իրավական պետությունում սոցիալական հավասարակշռության պահպանման ու մարդու իրավունքների պաշտպանության գործում։
Հանդիպումն անցել է ակտիվ և բովանդակալից քննարկման մթնոլորտում. ուսանողները բարձրացրել են թե՛ տեսական, թե՛ գործնական բնույթի հարցեր՝ կապված դատական պրակտիկայի, դատավորի աշխատանքի առանձնահատկությունների և արդարադատության իրականացման հետ։ Քննարկումը վերածվել է մասնագիտական հետաքրքիր երկխոսության, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երիտասարդ իրավաբանների մասնագիտական զարգացման հնարավորություններին և մարտահրավերներին, իրավաբանի մասնագիտության կարևորությանը, պետության և հասարակության մեջ նրա դերին, սոցիալական ու բարոյական պատասխանատվությանը։
Հանդիպման ավարտին Վճռաբեկ դատարանի նախագահը պատրաստակամություն է հայտնել ուսանողներին հրավիրելու ՀՀ Վճռաբեկ դատարան՝ մասնակցելու դատական նիստի՝ նշելով, որ նման այցելությունները կարևոր հնարավորություն են ապագա իրավաբանների համար՝ տեսական գիտելիքները համադրելու գործնական փորձի հետ և ավելի հստակ պատկերացում կազմելու դատարանների գործունեության մասին։