ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում անցկացվեց «Արի՛ PR» տեղեկատվական հանդիպումը՝ համախմբելով ուսանողներին, դասախոսական կազմին և ապագա դիմորդներին՝ հնարավորություն տալով նրանց ծանոթանալու հասարակայնության հետ կապերի մասնագիտությանը, կրթական ծրագրին և համալսարանական միջավայրին։
Այս տարի ևս «Արի՛ PR» արշավի շրջանակում Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները իրազեկման այցեր են կատարել Երևանի և ՀՀ տարբեր մարզերի շուրջ 30 դպրոցներ՝ հանդիպելով ապագա դիմորդներին և ներկայացնելով կրթական ծրագրի առավելությունները։
ԵՊՀ-ում կազմակերպված «Արի՛ PR» հանդիպմանը մասնակցում էին այցելած դպրոցներից առավել հետաքրքրված աշակերտները։ Մասնակիցներից վեցն արդեն իսկ դիմել էին ծրագրին։
Միջոցառման մեկնարկին Սոցիոլոգիայի ֆակուլտետի փոխդեկան Անահիտ Սահակյանը ներկայացրեց կրթական միջավայրի առանձնահատկությունները՝ անդրադառնալով հատկապես հասարակայնության հետ կապերում հոգեբանական հիմնարար գիտելիքների՝ որպես ոլորտում հաջողելու կարևոր նախապայմանի անհրաժեշտությանը։
«Հասարակայնության հետ կապեր (PR)» կրթական ծրագրի ղեկավար Նվարդ Մելքոնյանն իր խոսքում շեշտեց ծրագրի գործնական ուղղվածությունը։
«Մեր ուսանողները երկրորդ կուրսում արդեն իսկ ձեռք են բերում կիրառական հմտություններ։ «Արի՛ PR» արշավը դրա վառ օրինակն է, որի շրջանակում ուսանողներն ինքնուրույն կազմակերպել և իրականացրել են լայնածավալ նախաձեռնություն՝ ընդգրկելով դպրոցներ Հայաստանի ողջ տարածքից»,- նշեց Նվարդ Մելքոնյանը։
Ամբիոնի վարիչ Յուլիանա Մելքումյանն անդրադարձավ նաև հետազոտության և ծրագրերի կառավարման կարևորությանը՝ ընդգծելով, որ PR մասնագետի համար առանցքային է յուրաքանչյուր փուլ՝ գաղափարի ձևավորումից մինչև իրականացում. մանրակրկիտ պլանավորում, վերլուծություն՝ այդպիսով գործընթացի արդյունավետության ապահովում։
Մոտիվացիոն ելույթներով հանդես եկան նաև ֆակուլտետի մի շարք դասախոսներ՝ ոգեշնչելով ապագա դիմորդներին։
Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրին ֆակուլտետի առավելությունները, ուսանողական խորհրդի գործունեությունը, «Erasmus+» փոխանակման ծրագրի հնարավորությունները, ինչպես նաև մասնագիտական զարգացման և աշխատանքի հեռանկարները։
«Հասարակայնության հետ կապեր (PR)» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Սուսաննա Կարապետյանը նշեց՝ PR-ը պարզապես մասնագիտություն չէ, PR-ը ուժ է։
Միջոցառումն ամփոփվեց ինտերակտիվ խաղով, որի արդյունքում հաղթողները պարգևատրվեցին ուսանողների պատրաստած նվերներով։ Հանդիպումն անցավ ակտիվ և ներգրավող մթնոլորտում՝ հարցուպատասխանի, ազատ քննարկումների և անմիջական շփման ձևաչափով։





