- Main
- Node
- Ինչպե՞ս է փոխվում բուհական կրթությունը․ հայկական և եվրոպական փորձը՝ մեկ հարթակում
April 30, 2026 | 11:36
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ինչպե՞ս է փոխվում բուհական կրթությունը․ հայկական և եվրոպական փորձը՝ մեկ հարթակում
ԵՊՀ համակարգմամբ իրականացվող «Erasmus+» ծրագրի «eCAMPUS» նախագծի շրջանակում ս․թ․ ապրիլի 22–ին և 23-ին Ջենովայի համալսարանում անցկացվեց երկօրյա սեմինար՝ նվիրված Հայաստանի բուհերում ժամանակակից թվային և տեխնոլոգիական կրթության զարգացմանը։
«Սոցիալական հեռավորություն պահպանող և ներառական կամպուսային կրթության խթանումը Հայաստանի բուհերում. ԷլԿԱՄՊՈՒՍ» խորագրով երկօրյա սեմինարի շրջանակում քննարկվեցին Հայաստանի բուհերում տեխնոլոգիապես հագեցած դասավանդմանը և գնահատմանը, ուսումնական գործընթացում մուլտիմեդիա էլեկտրոնային ուսուցման հարթակների կիրառմանը և խելացի լսարանների կիրարկմանն առնչվող թեմաներ։
Ուսումնական այցին մասնակցում էին նախագծի գործընկեր հայաստանյան և եվրոպական բուհերի և հաստատությունների ներկայացուցիչները։ Հայկական պատվիրակության կազմում էին Երևանի պետական, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Երևանի պետական բժշկական, Հյուսիսային համալսարանների, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման խնդիրների ինստիտուտի (ԻԱԽԻ ԳԱԱ) և ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչները։
Եվրոպական գործընկերներից միջոցառմանը մասնակցում էին Մադրիդի ինքնավար (Իսպանիա), Լիսաբոնի (Պորտուգալիա) համալսարանների և Ստոկհոլմի թագավորական ինստիտուտի (Շվեդիա) ներկայացուցիչները։
Երևանի պետական համալսարանից այցին մասնակցում էին ԵՊՀ ակադեմիական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը (որը նաև նախագծի համակարգողն է), նույն կենտրոնի փոխտնօրեն Մարի Սանթուրջյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի տնօրեն Արթուր Ավագյանը։
Այցի առաջին օրը ելույթներով հանդես եկան և իրենց փորձը ներկայացրին Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները՝ անդրադառնալով ընդունված թվային շրջանակներին, մասնավորապես DigComp 3.0-ին և դրա անհրաժեշտությանը՝ ուղղված թվային տեխնոլոգիական զարգացումներին և օգտատերերի կարիքներին։ Այնուհետև ելույթ ունեցան Ջենովայի համալսարանի պատվիրակության անդամները՝ ներկայացնելով իրենց փորձը ուսումնական գործընթացում ուսուցման թվային և մուլտիմեդիա էլեկտրոնային հարթակների կիրառման, ինչպես նաև տեսադասերի պատրատման և դրանց օգտագործման վերաբերյալ։ Հետաքրքիր զեկուցումներ ներկայացվեցին նաև ուսումնական գործընթացում արհեստական բանականության կիրառման վերաբերյալ։
Երկրորդ օրը ԵՊՀ պատվիրակությունն այցելեց Ջենովայի համալսարանի դասավանդման և ուսուցման կենտրոն, որտեղ ևս ներկայացվեց համալսարանի փորձը։ Այս և եվրոպական գործընկեր բուհերի ներկայացուցիչները մեկ անգամ ևս ցույց տվեցին, թե ինչպես կարելի է տեխնոլոգիան կիրառել ուսանողների ներգրավվածությունը բարձրացնելու, համագործակցային ուսուցումը խթանելու և կրթական արդյունքների գնահատումն առավել արդյունավետ դարձնելու համար։ Նախագծի եվրոպական գործընկեր բուհերի ներկայացուցիչներ Ռուի Մենդեսը (Լիսաբոնի համալսարան), Սոլանա Դոմինգեսը (Մադրիդի համալսարան) և Վիկտոր Կորդասը (Ստոկհոլմի թագավորական ինստիտուտ) ներկայացրին իրենց բուհերում թվային ուսուցման առանձնահատկությունները։
Նախագծի համակարգող Ա. Բուդաղյանը մանրամասն ներկայացրեց հետագա աշխատանքների պլանը և համապատասխան ժամանակացույցը, ինչպես նաև կատարված աշխատանքները։
Այցը նպաստեց դասախոսների թվային կարողությունների զարգացման վերաբերյալ եվրոպական փորձի ավելի մանրամասն քննարկմանը, ինչպես նաև հետագայում նշված ուղղությամբ աշխատանքների ավելի համակարգված իրականացմանը։