- Գլխավոր
- Նորություններ
- Հայաստանը՝ բարձր արտադրողականությամբ հաշվարկային ենթակառուցվածքների առաջատար երկրների շարքում
Ապրիլ 30, 2026 | 12:42
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Հայաստանը՝ բարձր արտադրողականությամբ հաշվարկային ենթակառուցվածքների առաջատար երկրների շարքում
Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվում է ռազմավարական նշանակության ծրագիր։ ՀՀ Կառավարությունը «Firebird.ai» ընկերությունից ձեռք է բերել 25 միլիոն ԱՄՆ դոլարի բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ, որոնք հասանելի են դառնալու հայկական ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, համալսարաններին և անհատ մասնագետներին։
Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման ճանապարհին, քանի որ այն հնարավորություն է տալիս ձևավորելու ազգային մակարդակի հաշվարկային միջավայր՝ արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման և կիրառման համար։ Ծրագրի իրականացումը միաժամանակ ստեղծում է նոր հիմք գիտության, կրթության և նորարարության համատեղ զարգացման համար, որի մասին ԵՊՀ-ում անցկացված «AI Conf Armenia 2026» համաժողովում մանրամասն պատմել է «Firebird.ai»-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը:
Նրա խոսքով՝ նախագիծը ոչ միայն ենթակառուցվածքային ներդրում է, այլև ամբողջական էկոհամակարգային փոփոխություն, որն արդեն ազդում է Հայաստանի դիրքի վրա միջազգային տեխնոլոգիական միջավայրում։
Տվյալների մշակման կենտրոնից դեպի ազգային ԱԲ ենթակառուցվածք
Ալեքսանդր Եսայանը նշում է, որ դեռևս 2024 թվականին տվյալների մշակման կենտրոն ստեղծելու գաղափարը բախվում էր միջազգային շուկայի զգուշավոր վերաբերմունքին։ Այդ ժամանակ նույնիսկ առկա պահանջարկի պայմաններում դժվար էր խոշոր տեխնոլոգիական ընկերություններին համոզել Հայաստանը դիտարկել որպես նմանօրինակ նախագծի հարթակ։ Նախագիծը դեռևս քննարկվում էր զգալիորեն ավելի փոքր ծավալներով, և չկային այն գործընկերային երաշխիքները, որոնք անհրաժեշտ էին դրա արագ մեկնարկի համար։
Իրավիճակը էականորեն փոխվեց արհեստական բանականության ոլորտում տեղի ունեցող արագ զարգացումների արդյունքում։ Լեզվական մեծ մոդելների տարածումը և դրանց կիրառման աճը ամբողջ աշխարհում զգալիորեն մեծացրին բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսների պահանջարկը։ Այս համատեքստում Հայաստանը սկսեց դիտարկվել որպես նոր հնարավորությունների հարթակ։
Միջազգային համագործակցությունը՝ ծրագրի արագ իրականացման հիմքում
Ծրագրի իրականացման հաջորդ կարևոր փուլը կապված էր միջազգային գործընկերների ներգրավման հետ։ Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ Սիլիկոնյան հովտի գործընկերների աջակցությամբ հնարավոր դարձավ համադրել հայկական մասնագիտական ներուժը և միջազգային տեխնոլոգիական կապերը, ինչպես նաև ապահովել բարձր արտադրողականությամբ գրաֆիկական պրոցեսորների ներգրավումը։
Այս համագործակցության արդյունքում 2025 թվականին հայտարարվեց 6000 գրաֆիկական պրոցեսորներից բաղկացած հաշվարկային կլաստերի կառուցման մասին, իսկ նույն տարվա ընթացքում ավարտվեցին անհրաժեշտ պայմանագրային և ֆինանսական գործընթացները։ Արդեն 2026 թվականի հունվարին մեկնարկել է տվյալների մշակման կենտրոնի կառուցումը, և ծրագրի առաջին փուլը նախատեսվում է գործարկել հունիսին։
Պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետ օրինակ
Ծրագրի կարևոր բաղադրիչներից է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ կնքված պայմանագրի շրջանակում պետությունը հինգ տարվա ընթացքում «Firebird.ai» ընկերությունից ձեռք է բերում 25 միլիոն դոլարի հաշվարկային ռեսուրսներ, որոնք հասանելի են դառնալու հայկական գիտական և տեխնոլոգիական համայնքի համար։
Այս նախաձեռնությունը հնարավորություն է ստեղծում, որպեսզի Հայաստանում գործող հետազոտողները, ուսանողները և տեխնոլոգիական ընկերությունները աշխատեն համաշխարհային մակարդակի հաշվարկային ենթակառուցվածքների միջավայրում՝ առանց արտասահմանյան ռեսուրսներից կախվածության։ Սա հատկապես կարևոր նշանակություն ունի համալսարանների համար, քանի որ հնարավորություն է տալիս զարգացնելու արհեստական բանականության կրթական ծրագրերը և խթանելու կիրառական հետազոտությունները։
Պահանջարկը գերազանցում է առաջարկը
Ծրագրի նկատմամբ միջազգային հետաքրքրությունն արդեն իսկ զգալի է։ Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ եթե սկզբնական փուլում առաջնահերթ խնդիրը հաշվարկային ռեսուրսների սպառողների որոնումն էր, ապա այսօր իրավիճակը լիովին փոխվել է։ Տարբեր տեխնոլոգիական ընկերությունների կողմից ներկայացված պահանջարկը արդեն մի քանի անգամ գերազանցում է նախատեսված առաջին փուլի հզորությունները, ինչը վկայում է ծրագրի միջազգային կարևորության մասին։
Այս հանգամանքը նաև ցույց է տալիս, որ Հայաստանը աստիճանաբար դառնում է գլոբալ տեխնոլոգիական գործընթացների ակտիվ մասնակից։
Հայաստանը՝ առաջատար երկրների շարքում
Ծրագրի հաջորդ փուլերում նախատեսվում է էականորեն մեծացնել հաշվարկային ենթակառուցվածքների ծավալը։ Նախատեսվում է հասնել այնպիսի մակարդակի, որ Հայաստանը բարձր արտադրողականությամբ գրաֆիկական պրոցեսորների հասանելիության ցուցանիշով դառնա աշխարհի առաջատար երկրներից։
Այսպիսի մասշտաբի ենթակառուցվածքների ձևավորումը կարևոր քայլ է ոչ միայն տեխնոլոգիական զարգացման, այլ նաև երկրի միջազգային դիրքի ամրապնդման տեսանկյունից։ Այն մեծացնում է Հայաստանի գրավչությունը միջազգային գործընկերների համար և նպաստում նոր համագործակցությունների ձևավորմանը։
ԱԲ-ի հաջորդ փուլը՝ ֆիզիկական աշխարհում
Ալեքսանդր Եսայանի գնահատմամբ՝ արհեստական բանականության զարգացումը առաջիկա տարիներին դուրս է գալու միայն ծրագրային միջավայրից և տեղափոխվելու է ֆիզիկական իրականություն։ Միջազգային գործընկերների կանխատեսումների համաձայն՝ ռոբոտների լայն կիրառությունը առօրյա կյանքում կարող է իրականություն դառնալ արդեն մոտակա տարիներին, ինչը ենթադրում է հաշվարկային հզորությունների պահանջարկի շարունակական աճ։
Այս համատեքստում Հայաստանում նմանօրինակ ենթակառուցվածքների ստեղծումը դիտարկվում է որպես ժամանակին իրականացվող ռազմավարական քայլ։