Պատմության ֆակուլտետում կայացավ «Կովկասագիտություն. անցյալը, հիմնահարցերը, մոտեցումներն ու հեռանկարները» թեմայով կլոր սեղան-քննարկում։ Միջոցառումը համախմբել էր Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի բակալավրի և մագիստրատուրայի ուսանողներին, ինչպես նաև ասպիրանտներին։
Տարածաշրջանային արդի զարգացումները նոր պահանջներ են առաջադրում Կովկասագիտության ոլորտում։ Կլոր սեղան-քննարկման նպատակն էր ուսանողների և երիտասարդ հետազոտողների մասնակցությամբ վերլուծել ոլորտի ներկա վիճակը, ինչպես նաև քննարկել այն մոտեցումները, որոնք անհրաժեշտ են պատմագիտական այս ուղղության հետագա զարգացման համար։
Պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանն ընդգծեց, որ նման միջոցառումները կարևոր են ուսանողների համար, քանի որ նպաստում են նրանց գիտական մտածողության զարգացմանը և հնարավորություն են տալիս ակտիվ ներգրավվելու համալսարանական գիտական միջավայրում։ Նրա խոսքով՝ նմանատիպ միջոցառումները նպաստում են ապագա կովկասագետների մասնագիտական ինքնության ձևավորմանը:
Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ Էդուարդ Զոհրաբյանն իր խոսքում կարևորեց տարածաշրջանային ուսումնասիրությունների զարգացումը և երիտասարդ հետազոտողների ակտիվ ներգրավումը գիտական գործընթացներում։
Զեկուցումների շրջանակում ներկայացվեցին կովկասագիտության պատմական զարգացման փուլերը՝ 18-19-րդ դարերի ուսումնասիրություններից մինչև խորհրդային և հետխորհրդային շրջանի մարտահրավերները։ Առանձնակի ուշադրություն դարձվեց Հյուսիսային Կովկասի լեռնային համայնքների ինքնակառավարմանը, տարածաշրջանային ահաբեկչության խնդիրներին, ինչպես նաև Վրաստանում հայկական կապիտալի պատմական դերակատարությանը։ Քննարկվեցին նաև կրթության՝ որպես կայսերական ինքնության ձևավորման գործիքի դերն ու միջգիտակարգային մոտեցումների նշանակությունը ոլորտում։
Ամփոփելով քննարկման արդյունքները՝ «Կովկասագիտություն» բակալավրի ծրագրի ղեկավար Հայկ Մխոյանը ընդգծեց, որ նման ձևաչափի միջոցառումները կարևոր դեր ունեն ուսանողների հետազոտական հմտությունների զարգացման գործում: Դրանք հնարավորություն են տալիս ուսանողներին իրենց տեսական գիտելիքները կիրառելու գործնական վերլուծությունների և գիտական քննարկումների շրջանակում։
Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի ասիստենտ Սուսաննա Սերոբյանը շեշտեց ուսանողների գիտական նախաձեռնությունների կարևորությունը և նման ձևաչափի քննարկումների դերը մասնագիտական աճի գործում։
Միջոցառման ավարտին ուսանողներին հանձնվեցին շնորհակալագրեր՝ որպես խրախուսում նրանց գիտական գործունեության և հետազոտական նախաձեռնությունների շարունակական զարգացման համար։




