ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Մշակութաբանություն» բակալավրի կրթական ծրագիրը 2002 թվականից ի վեր պատրաստում է բարձրակարգ մասնագետներ, որոնք այսօր հաջողությամբ գործում են հայաստանյան և միջազգային գիտական, մշակութային ու հասարակական հարթակներում։ Ծրագիրը նախատեսված է այն դիմորդների համար, որոնց հետաքրքրում են ազգային ինքնությունը և ժառանգությունը, մշակույթի տեսության ու պատմության խնդիրները, ինչպես նաև ժամանակակից սոցիալ-մշակութային գործընթացները, մշակույթն ու հասարակայնությունը հետազոտող նորագույն գիտակարգերն ու պրակտիկաները։
Ծրագիրն ընդգրկում է ինչպես հումանիտար, այնպես էլ սոցիալական գիտությունների լայն շրջանակ, ինչը շրջանավարտին տալիս է բազային հիմնարար կրթություն՝ աշխատաշուկայում հստակ կողմնորոշվելու համար։
Ի՞նչ գիտելիքներ և հմտություններ են ձեռք բերում մեր շրջանավարտները
Կրթական ծրագրի շրջանակում ուսանողները ձեռք են բերում մասնագիտական համապարփակ գիտելիքներ և հմտություններ, որոնք ներառում են մշակույթի տեսական ըմբռնումը՝ մշակութային ֆենոմենների մեկնաբանման մեթոդաբանությունը, հայ և համաշխարհային մշակույթների պատմական զարգացումների կիրառական վերլուծությունը։
Ուսումնառության ընթացքում առանցքային նշանակություն ունի գործնական իմացության ձեռքբերումը մշակութային քաղաքականության, կառավարման արդի մոդելների, ժառանգության պահպանման և հանրահռչակման ուղղություններով։
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում զարգացնելու դաշտային հետազոտական կարողություններ՝ մշակութային լանդշաֆտի ճանաչումը, հնագիտական ու ճարտարապետական հուշարձանների, բացօթյա սրբավայրերի նկարագրումն ու վիճակի մասնագիտական գնահատումը և այլն։ Բացի այդ՝ ուսանողները տիրապետում են թանգարանագիտական հիմնարար գիտելիքների՝ ներառյալ հավաքածուների հետազոտումը, ցուցադրությունների նախաձեռնումն ու կազմակերպումը, մշակութային հաստատությունների կառավարումը և հնարավոր ռիսկերի գնահատումն ու կանխումը։
Կրթական ծրագրի առանձնահատկությունները և ընձեռած հնարավորությունները
«Մշակութաբանություն» կրթական ծրագրի շրջանակում ուսուցումը չի սահմանափակվում միայն լսարանային դասախոսություններով։ Ուսանողները ձեռք են բերում գործնական իմացություն մշակութային քաղաքականության, կառավարման մոդելների և թանգարանագիտության ոլորտներում։
Դաշտային հետազոտություններ։ Ուսանողները ծանոթանում են Հայաստանի բացօթյա մշակութային ժառանգությանը, մասնակցում հետազոտական աշխատանքների, սովորում են նկարագրել ու գնահատել հնագիտական և ճարտարապետական հուշարձանները։ Դվինի հնագիտական հանգրվանը ծառայում է որպես համալսարանական նախաձեռնությունների վայր, որտեղ կազմակերպվում են սեմինարներ և գիտաժողովներ։
Գործնական համագործակցություն։ Սերտ համագործակցություն է հաստատված Հայաստանի պատմության թանգարանի, Մատենադարանի և ՀՀ ԳԱԱ ինստիտուտների հետ՝ հավաքածուների հետազոտման և ցուցադրությունների նախաձեռնման նպատակով։
Միջազգային շարժունություն։ «Erasmus+» փոխանակման ծրագրի շրջանակում ուսանողները հնարավորություն ունեն մեկ կիսամյակ ուսանելու Ֆլորենցիայի, Մեսինայի, Զալցբուրգի և Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարաններում։
Ուսանողական գիտաժողովներ։ 2009 թվականից ամեն տարի կազմակերպվում է «Մշակույթը, պատմությունը և արդիականությունը» գիտաժողովը, որտեղ ուսանողներն ու դասախոսները համատեղ քննարկում և վերլուծում են իրենց հետազոտական աշխատանքները։
Սոցիալական աջակցություն։ Բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով ուսանողներին աջակցություն է ցուցաբերվում «Friends of Armenia» կազմակերպության կրթաթոշակների միջոցով։
Աշխատաշուկայում մասնագետների պահանջարկն ու նշանակությունը
Ծրագրի շրջանավարտները որակավորվում են որպես մշակութային մենեջերներ, տեսաբաններ, հետազոտողներ և մշակութային քննադատներ։ Նրանց գիտելիքները պահանջված են ինչպես գիտական, այնպես էլ գործնական ոլորտներում։
Աշխատանքի հնարավոր ոլորտները ներառում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Կառավարության կառույցները, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Հայաստանի թանգարանները, պատկերասրահները և Մատենադարանը, մարզային մշակութային կենտրոնները, ԶԼՄ-ները և զբոսաշրջային կազմակերպությունները, գիտահետազոտական գործունեությունը ԵՊՀ-ում և այլ բուհերում, միջազգային կառույցները, որոնք իրականացնում են մշակութային ու հասարակական ծրագրեր։
Նշենք, որ «Մշակութաբանություն» բակալավրի կրթական ծրագրում ընդունելությունը կատարվում է «Հայոց լեզու և գրականություն» (գրավոր), «Հայոց պատմություն» (գրավոր) կամ «Օտար լեզու» (գրավոր) առարկաների քննությունների արդյունքների հիման վրա։ Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ (մայիսի 10-ին՝ մինչև ժամը 18:00-ն)։


