Գիտական և կրթական հարուստ ավանդույթներ ունեցող Պատմության ֆակուլտետում գործում է «Պատմություն» բակալավրի կրթական ծրագիրը, որի նպատակը հիմնարար գիտելիքներ, տեսական պատրաստվածություն, գիտահետազոտական աշխատանքի կարողություններ և մասնագիտական հմտություններ ունեցող պատմաբանների պատրաստումն է։
Դարեր շարունակ պատմությունը եղել է հայ մշակույթի ամենազարգացած և նշանակալի ոլորտներից մեկը։ Հետևելով արդեն ձևավորված պատմագիտական ավանդույթին՝ հայ ժողովուրդը ոչ միայն արձանագրել է իր անցած ուղին, այլև փորձել է հասկանալ ինքն իրեն, իր տեղն ու դերը աշխարհում։ Այդ պատճառով պատմաբանի մասնագիտությունը հայ իրականության մեջ մշտապես ունեցել է առանձնահատուկ նշանակություն և դասական մասնագիտության կարգավիճակ։
Պատմաբանի դերը ժամանակակից հասարակությունում
Այսօր, երբ հայությունը ներքին և արտաքին պատճառներով ստիպված է պատասխանելու մի շարք մարտահրավերների ու սպառնալիքների, մեծացել է պատմությանը դիմելու, այն համարձակորեն քննելու, նորովի գնահատելու և վերագնահատելու անհրաժեշտությունը: Մեր օրերում առաջնային նշանակություն է ստացել կենսունակ պետական և ազգային գիտակցություն ունեցող քաղաքացիների, սերունդների ձևավորումը և առկա սպառնալիքների չեզոքացմամբ զարգացած պետության կառուցումը: Այդ խնդիրը լուծելու գործում կարևոր դեր ունեն պատմաբանները, որոնց ուսումնասիրությունների, դրանց մատուցման շնորհիվ ձևավորվում է հայերիս պատմական-ազգային գիտակցությունը, ինչն իր հերթին կյանքի տարբեր ոլորտներում ուղղորդում է նրանց վարքագիծը: Պատմաբանի մասնագիտությունը հնարավորություն է տալիս ոչ միայն ուսումնասիրելու և ճանաչելու անցյալի իրականությունը, այլև դրա հիման վրա ճիշտ կողմնորոշվելու ներկայի ու ապագայի մարտահրավերներում։ Ծրագրի ուսանողներն ու շրջանավարտները ձեռք են բերում ոչ միայն մասնագիտական խորքային գիտելիքներ և հետազոտական հմտություններ, այլև լայն մտահորիզոն, վերլուծական մտածողություն, հասարակական-քաղաքական գործընթացները հասկանալու և դրանց վրա ազդելու կարողություններ, ինչի շնորհիվ պահանջված են դառնում հասարակական տարբեր ոլորտներում։
Կրթական ծրագրի առանձնահատկությունները
Կրթական ծրագրում կատարված փոփոխությունների արդյունքում ազգային, տարածաշրջանային և համաշխարհային պատմության փուլերի ուսումնասիրությունը կազմակերպվում է համաժամանակյա կտրվածքով։ Ուսանողները հիմնարար գիտելիքներ են ձեռք բերում պատմական աղբյուրների, պատմագրության, հնագիտության, ազգագրության և այլ պատմագիտական բնագավառների մասին։ Կրթական ծրագրում կարևոր տեղ է հատկացվում նաև ուսանողների տեսական պատրաստվածությանը և հետազոտական հմտությունների զարգացմանը նպաստող դասընթացներին:
Ուսումնական և արտադրական պրակտիկաներ
Ուսումնառության շրջանակում ուսանողները մասնակցում են տարբեր ուղղվածության ուսումնական և արտադրական պրակտիկաների, որոնք կարևոր դեր ունեն ինչպես մասնագիտական գիտելիքների ամրապնդման, այնպես էլ ապագա գործատուների հետ կապերի ձևավորման հարցում։ Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հնագիտաազգագրական պրակտիկան, որի շրջանակում ուսանողներն այցելում են Հայաստանի Հանրապետության պատմամշակութային հուշարձաններ և գործնականում ամրապնդում իրենց տեսական գիտելիքները։ Իսկ արխիվային և թանգարանային պրակտիկաների ընթացքում ուսանողները ձեռք են բերում փաստաթղթերի հետ աշխատելու, հետազոտություններ կատարելու գործնական հմտություններ, ինչպես նաև ծանոթանում են թանգարանային համակարգի և թանգարանային գործի առանձնահատկություններին։
Շրջանավարտների մասնագիտական հնարավորությունները
«Պատմություն» կրթական ծրագրի շրջանավարտներն իրենց ձեռք բերած հիմնարար գիտելիքների, հետազոտական հմտությունների և ճկուն աշխարհընկալման շնորհիվ տասնամյակներ շարունակ կարևոր և առաջատար դեր են ունեցել Հայաստանի կյանքի ամենատարբեր ոլորտներում՝ գիտահետազոտական հաստատություններից և թանգարաններից մինչև պետական հիմնարկներ, գերատեսչություններ և քաղաքական դաշտ։
Ծրագրի շրջանավարտները կարող են մասնագիտական գործունեություն ծավալել ՀՀ ԳԱԱ պատմության, հնագիտության և ազգագրության, արևելագիտության ինստիտուտներում և այլ գիտահետազոտական ու մշակութային կառույցներում։ Նրանք պահանջված մասնագետներ են Հայաստանի ազգային արխիվում, թանգարաններում, զբոսաշրջային և տուրիստական կազմակերպություններում, ինչպես նաև (լրացուցիչ մանկավարժական որակավորում ստանալու դեպքում) դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։
Բացի գիտակրթական ոլորտից՝ ծրագրի շրջանավարտները հաջողությամբ ներգրավված են պետական կառավարման տարբեր օղակներում (ՀՀ Կառավարություն, նախարարություններ, Ազգային ժողով, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ, ԱԱԾ, մարզպետարաններ, քաղաքապետարաններ, համայնքապետարաններ և այլուր):
Նշենք, որ «Պատմություն» բակալավրի կրթական ծրագրում ընդունելությունը կատարվում է «Հայոց պատմություն» (գրավոր), «Հայոց լեզու և գրականություն» (գրավոր) կամ «Օտար լեզու» (գրավոր) առարկաների քննությունների արդյունքների հիման վրա: Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ (մայիսի 10-ին՝ մինչև ժամը 18:00-ն)։