- Main
- Node
- Կրթությունից դեպի մասնագիտական հաջողություն․ ԵՊՀ-ն և «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա»-ն ընդլայնում են համագործակցությունը
May 21, 2026 | 15:49
Գիտություն
Գործընկերներ
Կրթություն
Կրթությունից դեպի մասնագիտական հաջողություն․ ԵՊՀ-ն և «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա»-ն ընդլայնում են համագործակցությունը
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը և «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՍՊԸ-ի տնօրեն Իրինա Գևորգյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որը նոր հնարավորություններ կստեղծի ուսանողների մասնագիտական զարգացման, գործնական փորձառության և աշխատաշուկայում մրցունակության բարձրացման համար։
Հուշագրի շրջանակում նախատեսվում է ուսանողների պրակտիկաներն ու գործնական աշխատանքները կազմակերպել ընկերության կառուցվածքային ստորաբաժանումներում, ոլորտի առաջատար մասնագետներին ներգրավել դասախոսությունների և սեմինարների անցկացման գործընթացում, սահմանել կրթաթոշակներ, ինչպես նաև համատեղ կազմակերպել մասնագիտական ֆորումներ և կրթական այլ նախաձեռնություններ։
«Քեյ-Փի-Էմ-Ջի»-ն աուդիտորական, հարկային և խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների համաշխարհային ցանց է, որի հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 1997 թվականին։ Այն «Մեծ քառյակի» աուդիտորական ընկերություններից առաջինն էր, որը գործունեություն սկսեց Հայաստանում։ Ընկերության գործունեությունն ուղղված է մասնագիտական գիտելիքը տնտեսական արժեքի վերածելուն՝ ի շահ հաճախորդների, աշխատակիցների և միջազգային կապիտալի շուկաների։
Կողմերը կարևորեցին բուհ-գործատու համագործակցության դերը՝ որպես որակյալ մասնագետների պատրաստման և կրթության ու աշխատաշուկայի միջև կապի ամրապնդման կարևոր գործոն։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ համալսարանի ռազմավարական առաջնահերթություններից է կրթական գործընթացի առավել սերտ կապը մասնագիտական միջավայրի հետ։
«Այս համագործակցությունը կարևոր քայլ է ուսանողների տեսական գիտելիքներն իրական մասնագիտական փորձով հարստացնելու ճանապարհին։ Ժամանակակից աշխատաշուկան պահանջում է ոչ միայն բարձրակարգ կրթություն, այլև գործնական հմտություններ, և հենց նման գործընկերություններն են հնարավորություն տալիս համալսարանին պատրաստելու մրցունակ, նորարարական մտածողությամբ և արագ փոփոխվող միջավայրին հարմարվող մասնագետներ։ Վստահ եմ, որ «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա»-ի հետ համագործակցությունը կլինի երկարաժամկետ և արդյունավետ թե՛ մեր ուսանողների, թե՛ երկրի տնտեսության զարգացման համար»,- ընդգծեց ռեկտորը։
«Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՍՊԸ տնօրեն Իրինա Գևորգյանը, անդրադառնալով համագործակցության կարևորությանը, նշեց, որ արհեստական բանականության և արագ զարգացող տեխնոլոգիաների պայմաններում առավել մեծ արժեք են ձեռք բերում բարձր պատրաստվածությամբ մասնագետները։
«Այսօր բազմաթիվ գործառույթներ ավտոմատացվում են, սակայն մարդկային գիտելիքը, վերլուծական մտածողությունն ու մասնագիտական պատրաստվածությունը շարունակում են մնալ ամենակարևոր գործոնները։ Այդ պատճառով մենք մեծապես կարևորում ենք համալսարանի հետ համագործակցությունը և հետաքրքրված ենք լավագույն մասնագետների պատրաստմամբ։ Ուսանողների համար պրակտիկայի, փորձնակության և մասնագիտական զարգացման այլ հնարավորությունների ստեղծումը կարող է դառնալ այս համագործակցության կարևոր ուղղություններից մեկը։ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հետ մենք արդեն երկու տարվա արդյունավետ համագործակցության փորձ ունենք, իսկ այս հուշագիրը հնարավորություն կտա այն դարձնելու ավելի համակարգված և շարունակական»,- ասաց նա։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը նշեց, որ կողմերի միջև ձևավորված վստահությունն ու փոխըմբռնումը հուշագրի ամուր հիմքն են։
«Վերջին երկու տարիների ընթացքում մենք ակտիվորեն համագործակցել ենք ընկերության հետ և լավ ճանաչում ենք միմյանց մոտեցումներն ու ակնկալիքները։ Այս հուշագիրը ոչ միայն ամրապնդում է արդեն իսկ գոյություն ունեցող կապերը, այլև ստեղծում է նոր հեռանկարներ։ Մեր բազմաթիվ ուսանողներ հնարավորություն են ունեցել պրակտիկա անցնելու ընկերությունում, իսկ նրանցից ոմանք ստացել են նաև աշխատանքի առաջարկներ, ինչը լավագույն վկայությունն է համագործակցության արդյունավետության»,- ընդգծեց դեկանը։





