- Main
- Node
- Փիլիսոփայական քննարկումներ ԵՊՀ-ում և ՀԱՀ-ում․ ընթանում է ասպիրանտական գարնանային դպրոցը
May 26, 2026 | 10:24
Հասարակություն
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն
Փիլիսոփայական քննարկումներ ԵՊՀ-ում և ՀԱՀ-ում․ ընթանում է ասպիրանտական գարնանային դպրոցը
Երևանի պետական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) այս օրերին ընթանում է «Ներողություն անցյալի համար» («Apologies for the Past») խորագրով ասպիրանտական գարնանային դպրոցը, որը համախմբել է Հայաստանի և արտասահմանյան համալսարանների ասպիրանտների, երիտասարդ հետազոտողների և ոլորտով հետաքրքրված մասնագետների՝ քննարկելու անցյալի անարդարությունների, պատմական պատասխանատվության, հաշտեցման և միջսերնդային արդարության վերաբերյալ փիլիսոփայական ու բարոյաքաղաքական արդի հիմնահարցեր։
Գարնանային դպրոցը կազմակերպվել է ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի, պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի և Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային հարցերի բարոյագիտության կենտրոնի (ԷԹԻԿԱ) համագործակցության արդյունքում։
ԵՊՀ-ում և Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվող գարնանային դպրոցը կազմակերպվել է Լյուվենի կաթոլիկ համալսարանի (Բելգիա) փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ակսել Գոսիերիեսի և ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ Լևոն Բաբաջանյանի նախաձեռնությամբ։ Գարնանային դպրոցը կազմակերպիչների միջև ձևավորված շարունակական համագործակցության հերթական համատեղ ծրագիրն է՝ ուղղված երիտասարդ հետազոտողների միջազգային համագործակցության և մասնագիտական երկխոսության զարգացմանը։
Ծրագիրը՝ երիտասարդ հետազոտողների համար գիտական համագործակցության հնարավորություն
Ծրագիրը նպատակ ունի երիտասարդ հետազոտողների համար ստեղծելու մասնագիտական քննարկումների և գիտական փորձի փոխանակման հարթակ՝ անդրադառնալով անցյալի անարդարությունների, պատմական պատասխանատվության, ներողության, հատուցման, հաշտեցման և միջսերնդային արդարության արդիական հիմնահարցերին։
Ծրագրի շրջանակում անցկացվում են առցանց և անցանց դասախոսություններ, սեմինարային քննարկումներ, ինչպես նաև անհատական հետազոտական խորհրդատվություններ ասպիրանտների համար։ Դասախոսություններով հանդես են գալիս միջազգային տարբեր բուհերի ներկայացուցիչներ՝ Շեֆիլդի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Քրիստոֆեր Բենեթը, Լյուվենի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Վալերի Ռուզուն, հետդոկտորական հետազոտող Աբրահամ Թոբին ու Տեխասի A&M համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Լինդա Ռաձիկը։ Առկա դասախոսությամբ հանդես է գալիս նաև Դուբլինի համալսարանական քոլեջի փիլիսոփայության պրոֆեսոր Մարիա Բաղրամյանը։
Գարնանային դպրոցի կարևոր բաղադրիչներից են նաև անհատական խորհրդատվությունները, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստանում քննարկելու իրենց հետազոտությունների առանձին գլուխներ, գիտական գաղափարներ և հետազոտական հարցադրումներ։ Խորհրդատվությունները վարում են Ակսել Գոսիերիեսը, Լևոն Բաբաջանյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային հարցերի բարոյագիտության կենտրոնի հետազոտողներ Արշակ Բալայանը, Սինթոնգ Վեյը, Ֆաուստո Կորվինոն, Քինլի Ջիլեթը, Ռորի Էյրդը և Դավիթ Աքելյանը։
Լևոն Բաբաջանյանի խոսքով՝ միջոցառումը կարևոր հնարավորություն է երիտասարդ հետազոտողների համար՝ միջազգային ակադեմիական միջավայրում քննարկելու արդի փիլիսոփայական և բարոյաքաղաքական խնդիրներ, ձևավորելու նոր համագործակցություններ և ներկայացնելու սեփական հետազոտական աշխատանքները։
Գարնանային դպրոցի գաղափարից մինչև ակադեմիական քննարկումներ․ հարցազրույց Ակսել Գոսիերիեսի հետ
- Պարո՛ն Գոսիերիես, ի՞նչ գաղափարից է ծնվել «Ներողություն անցյալի համար» գարնանային դպրոցի ստեղծման նախաձեռնությունը։
- Մենք արդեն տևական ժամանակ է՝ «Էրազմուս+» դասախոսների փոխանակման ծրագրի շնորհիվ դասավանդման փորձի փոխանակումներ ենք ունենում Լյուվենի (ֆրանկոֆոն) կաթոլիկ համալսարանի (UCLouvain) և ԵՊՀ-ի միջև։ Ամեն անգամ մենք փորձում ենք դասընթացի բնույթը հարմարեցնել այն լսարանի առանձնահատկություններին, որի համար այն նախատեսված է։ Այս անգամ ցանկանում էինք կազմակերպել մի բան, որը կունենար առավել խոր հետազոտական ուղղվածություն և ավելի միջգիտակարգային բնույթ։ Բացի դրանից՝ մեզ շատ լավ գաղափար թվաց հայ ուսանողներին այլ երկրներից ժամանած ուսանողների հետ համատեղելու հնարավորությունը։ Մենք նաև ցանկանում էինք ընտրել մի թեմա, որը վերաբերելի և արդիական կլիներ հայաստանյան հասարակության համար։ Այսպիսով, ասպիրանտների համար նախատեսված գարնանային դպրոցի գաղափարը ընտրվեց որպես ամենահարմար ձևաչափ։ Նախկինում Վրաստանում ևս համակազմակերպել էի ասպիրանտների համար երկու ամառային դպրոց, և դրանք նույնպես շատ հաջող էին անցել։
- Ինչո՞ւ է այսօր արդիական անցյալի անարդարությունների, հաշտեցման և պատմական պատասխանատվության թեման։
- Կարծում եմ՝ անցյալի համար ներողություն խնդրելու հատուկ հարցը շարունակում է նշանակալի խնդիր մնալ բազմաթիվ երկրներում։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ այս հարցի շուրջ հայ ուսանողներից սովորելու շատ բան կա, քանի որ սա այնպիսի խնդիր է, որի հետ դուք երկար ժամանակ ապրել եք։ Որոշ մարդիկ հուզական առումով չափազանց զգայուն են ներողությունների հարցի վերաբերյալ, մյուսները տարակուսում են, քանի որ գիտակցում են, որ այստեղ առկա են փիլիսոփայական բարդ խնդիրներ։ Մենք պարզապես ցանկանում էինք ներդրում ունենալ այս լայն քննարկման մեջ, մասնավորապես փիլիսոփայական դիտանկյունից։
- Ի՞նչն է այս գարնանային դպրոցը առանձնացնում նմանատիպ միջազգային ակադեմիական ծրագրերից։
- Այս ձևաչափի առավելությունն այն է, որ կազմակերպական առումով բավականին թեթև է։ Այն «Էրազմուս+» ծրագրի դրամաշնորհ է՝ նախատեսված մեկ դասախոսի համար՝ դասավանդման օրերի քանակին համապատասխան։ Բացի դրանից՝ ունենք Լևոն Բաբաջանյանի և ԵՊՀ մեծ աջակցությունը։ Մենք նաև ուժերը միավորել ենք Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային հարցերի բարոյագիտության կենտրոնի հետ։ Ուստի նման ձևաչափի համար կազմակերպիչների կողմից բյուջետային մեծ հայտ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Մենք կարող ենք ամբողջությամբ կենտրոնանալ բովանդակության վրա՝ ընտրելով քննարկման համար առավել համապատասխան հոդվածներ և այլն։
- Դուք նշեցիք, որ դասընթացը ասպիրանտների, երիտասարդ հետազոտողների և ոլորտով հետաքրքրված մասնագետների համար է․ ինչպիսի՞ մոտեցում է ընտրված ասպիրանտների հետ աշխատանքում։
- Մենք որոշել ենք առաջին չորս դասերից յուրաքանչյուրը կառուցել ժամանակակից փիլիսոփայական մեկ հոդվածի շուրջ։ Դրանցից երեքի դեպքում հեղինակն առցանց ներկայացնում է հոդվածի բովանդակությունը, այնուհետև մասնակիցներից կազմված խմբերում քննարկում ենք հոդվածի վերաբերյալ կոնկրետ հարցեր։ Մենք հետևում ենք, որ յուրաքանչյուր խումբ կազմված լինի տարբեր ազգությունների ներկայացուցիչներից։ Այդկերպ մենք քննարկումներում ապահովում ենք մշակութային տարբեր համատեքստերի ներկայացվածությունը։
- Ինչպե՞ս եք գնահատում օտարերկրյա դասախոսների ներգրավվածության ազդեցությունը ծրագրի որակի վրա։
- Կարծում եմ՝ դա հրաշալի է։ Մենք ունենք չորս ազգություն և երեք գիտակարգ ներկայացնող ուսանողներ։ Սա բոլորին ստիպում է խուսափել մասնագիտական եզրութաբանությունից և խոսել ուղիղ, հստակ ու ըստ էության։ Դեռևս կայացած առաջին երկու դասերի ընթացքում քննարկումներն իսկապես հետաքրքիր էին։ Զգացվում էր, որ բոլորը ներգրավված են։
- Ի՞նչ հնարավորություններ են ստանում ասպիրանտները այս ծրագրի շրջանակում։
- Ցանկության դեպքում նրանք կարող են միավորներ՝ կրեդիտներ ստանալ իրենց ասպիրանտական պորտֆոլիոյի համար։ Բացի դրանից՝ կարծում եմ, որ նրանք մեզ հետ են, քանի որ իսկապես հետաքրքրված են թեմայով։ Նրանցից մի քանիսն իրենց ատենախոսության շրջանակում ուղղակիորեն աշխատում են այս թեմայի շուրջ։ Իսկ արտերկրից ժամանած մասնակիցների համար, կարծում եմ, սա նաև հայ մշակույթը բացահայտելու եզակի հնարավորություն է։
- Ինչպիսի՞ թեմաներ կամ շեշտադրումներ են առավել հետաքրքրում երիտասարդ հետազոտողներին։
- Այն հանելուկները, որոնց առջև մեզ կանգնեցնում է անցյալի համար ներողություն խնդրելու հարցը, մեզ վերադարձնում են հիմնարար հարցերի։ Օրինակ՝ ի՞նչ նպատակ են հետապնդում ներողությունները, այսինքն՝ ընդհանրապես ի՞նչն է պակասում, երբ մենք ներողություն չենք խնդրում։ Կամ՝ ինչպե՞ս ենք մոտենում անցյալի անիրավություններին ուղղիչ և բաշխական արդարության տարբերակման դիտանկյունից։ Սրանք պարզապես բառեր չեն։ Երբ այս հարցերը կոնկրետացնում ենք, մարդիկ առերեսվում են իրենց իրական դիրքորոշումների հետ, իսկ մեր համատեղ ջանքն ուղղված է ավելի լավ հասկանալուն, թե փիլիսոփայական տեսանկյունից որ նկատառումներն են աշխատում, և որոնք՝ ոչ այնքան լավ։
Կուզենայի նախ նշել, որ շատ ուրախ էի տեսնելու, թե ուսանողները որքան ոգևորությամբ և ստեղծագործաբար են քննարկում այս հարցերը։ Երկրորդ՝ մեր քննարկումների ընթացքում պարզ դարձավ, թե փիլիսոփաները որքան բան կարող են սովորել միջազգային հարաբերությունների կամ պատմության ոլորտի մասնագետներից, որոնք իրական փորձագիտական գիտելիք ունեն այն մասին, թե անցյալում տարբեր դերակատարներ ինչ դիրքորոշումներ են ունեցել այս հարցերի շուրջ։ Եվ, հուսանք, հակառակ ուղղությամբ ևս։
Այժմ, իհարկե, դեռևս մի փոքր վաղ է եզրակացություններ անելու համար, քանի որ անցկացրել ենք միայն երկու դաս։ Անհամբեր սպասում ենք հաջորդ երեք դասերին։









