ԵՊՀ ամենամյա հաշվետու գիտաժողովի շրջանակում «Մարդկային կապիտալի և ինստիտուտների ազդեցությունը տնտեսական զարգացման վրա՝ պետության կայացվածության համատեքստում» խորագրով զեկուցմամբ հանդես եկավ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը։
Արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող գիտաժողովը միավորել էր համալսարանի գիտական համայնքի ներկայացուցիչներին՝ ամփոփելու տարվա ընթացքում կատարված հետազոտական աշխատանքները, ներկայացնելու գիտական ձեռքբերումներն ու քննարկելու կրթության, գիտության և ռազմավարական զարգացման առաջնահերթությունները:
Գիտաժողովը նպատակ ուներ ձևավորելու գիտական մտքի փոխանակման, միջգիտակարգային համագործակցության և համալսարանի հետազոտական ներուժի ներկայացման միասնական հարթակ՝ միաժամանակ անդրադառնալով ժամանակակից գիտության և բարձրագույն կրթության առջև ծառացած մարտահրավերներին։
Կառլեն Խաչատրյանի հաշվետու զեկուցումը նվիրված էր մարդկային կապիտալի, ինստիտուտների որակի և տնտեսական զարգացման փոխկապակցվածության արդիական հիմնախնդիրներին։ Նա ներկայացրեց կատարված հետազոտության հիմնական տեսական և էմպիրիկ արդյունքները, որոնք հիմնված էին աշխարհի 120 երկրների տվյալների համադրական վերլուծության վրա՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով բարձր և ցածր կայացվածություն ունեցող պետությունների միջև առկա տարբերություններին։
Կառլեն Խաչատրյանն ընդգծեց, որ ժամանակակից տնտեսագիտական միտքը տնտեսական զարգացման հիմնախնդիրները չի դիտարկում միայն մարդկային կապիտալի կուտակման տեսանկյունից։ Թեև կրթությունը, գիտելիքը և մասնագիտական հմտությունների զարգացումը շարունակում են մնալ տնտեսական աճի առանցքային նախադրյալներ, դրանց արդյունավետությունը մեծապես կախված է այն ինստիտուցիոնալ միջավայրից, որտեղ ձևավորվում և օգտագործվում է մարդկային կապիտալը։ Նա նշեց, որ թույլ կառավարման համակարգերը, կոռուպցիան, քաղաքական անկայունությունն ու իրավական համակարգերի անարդյունավետությունը հաճախ սահմանափակում են մարդկային ներուժի լիարժեք տնտեսական իրացումը։
Զեկուցման մեջ առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև մարդկային կապիտալի և ինստիտուտների փոխադարձ ազդեցությանը։ Դոցենտ Կ. Խաչատրյանը մատնանշեց, որ թույլ ինստիտուտները խոչընդոտում են կրթության, գիտահետազոտական գործունեության և նորարարության արդյունավետ զարգացումը, ինչի հետևանքով երկրները հաճախ հայտնվում են ցածր արտադրողականության, տնտեսական լճացման և «ուղեղների արտահոսքի» արատավոր շրջանակում։ Միաժամանակ շեշտվեց, որ թույլ մարդկային կապիտալը ևս սահմանափակում է ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն ու պետական կառավարման արդյունավետությունը՝ ձևավորելով փոխկապակցված մարտահրավերների համակարգ։
Հետազոտության կարևոր եզրակացություններից մեկն այն էր, որ տնտեսական արդյունքների վրա ինստիտուցիոնալ որակի ազդեցությունն ավելի նշանակալից է, քան մարդկային կապիտալի անմիջական ազդեցությունը։ Ներկայացված վերլուծությունները ցույց տվեցին, որ ուժեղ և արդյունավետ ինստիտուտներ ունեցող երկրներում կրթության, հետազոտությունների և նորարարության ոլորտներում կատարվող ներդրումները վերածվում են կայուն տնտեսական աճի, բարձր արտադրողականության և մրցունակության բարձրացման, մինչդեռ փխրուն ինստիտուցիոնալ միջավայր ունեցող պետություններում մարդկային կապիտալի ազդեցությունը զգալիորեն թուլանում է։
Կառլեն Խաչատրյանը նաև փաստեց, որ Հայաստանի և նմանատիպ զարգացող տնտեսությունների համար տնտեսական առաջընթացի կարևոր նախապայման է ոչ միայն կրթության և գիտության ոլորտների զարգացումը, այլև արդյունավետ, հաշվետու և կայուն ինստիտուտների ձևավորումը։ Նրա խոսքով՝ միայն մարդկային կապիտալի և որակյալ ինստիտուցիոնալ միջավայրի համադրության պայմաններում հնարավոր կլինի ապահովել երկարաժամկետ տնտեսական զարգացում, նորարարական ներուժի իրացում և ազգային մրցունակության բարձրացում։
Զեկուցումը մեծ հետաքրքրություն առաջացրեց գիտաժողովի մասնակիցների շրջանում՝ խթանելով քննարկումներ տնտեսական զարգացման ժամանակակից մոդելների, ինստիտուցիոնալ բարեփոխումների և գիտահենք կառավարման կարևորության շուրջ։