Պատմության ֆակուլտետում մայիսի 12–22-ն ընկած ժամանակահատվածում ներկայացվել են բակալավրիատի ավարտական կուրսերի ուսանողների հետազոտական աշխատանքներն ու մագիստրանտների թեզերը՝ ամփոփելով ուսանողների գիտական երկարատև աշխատանքի արդյունքները։
Ֆակուլտետի կրթական ծրագրերի շրջանակում ներկայացվել է 81 բակալավրիատական ավարտական աշխատանք և 62 մագիստրոսական թեզ:
Ուսանողների հետազոտությունները, որոնք ընդգրկել են հայ և համաշխարհային պատմության, կովկասագիտության, հնագիտության, ազգագրության, մշակութաբանության և արվեստաբանության ոլորտները, առանձնացել են թեմատիկ բազմազանությամբ, կիրառական նշանակությամբ և արդիականությամբ:
Ուսանողների հետազոտություններն ընդգրկել են Հայաստանի և համաշխարհային պատմության տարբեր ժամանակաշրջաններ, պետականաշինական գործընթացներ, միջազգային և տարածաշրջանային հարաբերություններ, հասարակական ու մշակութային փոխակերպումներ, ինչպես նաև աշխարհաքաղաքական արդի մարտահրավերներ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև մշակութային ժառանգության պահպանման և ուսումնասիրման հարցերին, նյութական և ոչ նյութական մշակույթի տարբեր դրսևորումների վերլուծությանը, ինչպես նաև պատմական հիշողության և ինքնության ձևավորման ժամանակակից գործընթացներին։
Մագիստրոսական թեզերն առանձնացել են վերլուծական մտածողությամբ, աղբյուրագիտական հարուստ հիմքով և մեթոդաբանական ժամանակակից մոտեցումներով՝ արտացոլելով ուսումնասիրվող թեմաների վերաբերյալ նոր գիտական դիտարկումներ ու մոտեցումներ։
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները բարձր են գնահատել ուսանողների պատրաստվածության մակարդակը, վերլուծական մտածողությունը և հետազոտական կարողությունները։ Քննարկումներն ընթացել են ակտիվ և կառուցողական գիտական երկխոսության մթնոլորտում։






