Ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում կովկասյան տարածաշրջանը շարունակում է մնալ միջազգային քաղաքական, մշակութային ու քաղաքակրթական գործընթացների կարևոր հանգույցներից մեկը։ Տարածաշրջանի բազմաշերտ պատմության, ժողովուրդների փոխհարաբերությունների, մշակութային ժառանգության և արդի քաղաքական իրողությունների ուսումնասիրությունը ձևավորել է նոր գիտական մոտեցումների և մասնագիտական պատրաստվածության պահանջ։
Այս համատեքստում Պատմության ֆակուլտետի «Կովկասագիտություն» մագիստրոսական ծրագիրը կարևոր դեր ունի մասնագիտական գիտելիքի զարգացման և կիրառական հմտությունների ձևավորման գործում։ Այն մագիստրանտներին հնարավորություն է տալիս ոչ միայն ձեռք բերելու տեսական խորքային գիտելիքներ, այլև զարգացնելու հետազոտական, վերլուծական և քննադատական մտածողության հմտություններ։
«Կովկասագիտություն» ծրագրի ղեկավար, պ․գ․թ․, դոցենտ Էդուարդ Զոհրաբյանի գնահատմամբ՝ մագիստրոսական ծրագիրը կարևոր նշանակություն ունի ժամանակակից պատմագիտական միջավայրին ինտեգրվելու տեսանկյունից։ Նրա խոսքով՝ ներկայումս կովկասյան տարածաշրջանը բարդ աշխարհաքաղաքական իրողությունների շրջանակ է, ուստի առանձնահատուկ կարևորություն է ստանում տարածաշրջանի բազմադարյա պատմության, մշակույթի և քաղաքակրթական արժեքների ուսումնասիրությունը։
«Կովկասագիտություն» մագիստրոսական ծրագիրում կարևոր տեղ ունի գործնական բաղադրիչը։ Պրակտիկաները կազմակերպվում են Կովկասի ինստիտուտում, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներում, ինչպես նաև գիտահետազոտական այլ հաստատություններում և պետական կառավարման համակարգում։ Վերջին տարիներին կազմակերպվել են նաև միջազգային փորձառություններ ՌԴ հարավային դաշնային համալսարանում՝ հնարավորություն տալով ուսանողներին խորացնելու տարածաշրջանային ուսումնասիրությունները, ծանոթանալու տեղի հայկական համայնքների պատմամշակութային ժառանգությանը և ուսումնասիրելու ժամանակակից միգրացիոն գործընթացները։
Ըստ Է․ Զոհրաբյանի՝ վերջին տարիներին նկատվում է նաև ուսանողների հետաքրքրությունների վերափոխում․ եթե նախկինում առավել մեծ ուշադրություն էր դարձվում միջնադարյան հիմնահարցերին, ապա այսօր մագիստրանտների հետազոտական հետաքրքրությունները հաճախ ուղղված են ժամանակակից պատմաքաղաքական գործընթացներին, տարածաշրջանային անվտանգությանը, ինքնության և պատմական հիշողության խնդիրներին։ Այս միտումը պայմանավորված է Կովկասում տեղի ունեցող արդի զարգացումներով և դրանց գիտական մեկնաբանության անհրաժեշտությամբ։
Ծրագրի մագիստրանտ Կարոլին Սարյանի խոսքով՝ մագիստրատուրայում ուսումնառության հիմնական նպատակներից է բակալավրիատում ձեռք բերած գիտելիքների խորացումն ու վերլուծական կարողությունների զարգացումը։
«Կովկասը բազմէթնիկ, բազմամշակութային և բազմալեզու տարածաշրջան է, որտեղ առկա են բազմաթիվ հակամարտություններ, ինքնության և անվտանգության խնդիրներ։ Այդ գործընթացների ուսումնասիրությունը հետաքրքիր և կարևոր հետազոտական ուղղություն է»,- նշում է նա։
Կարոլին Սարյանը մագիստրոսական թեզը նվիրել է Հյուսիսային Կովկասի հայկական համայնքների պատմությանը՝ անդրադառնալով դրանց ձևավորմանը, տեղաբաշխվածությանը, հասարակական-քաղաքական կյանքի առանձնահատկություններին՝ սկսած մինչև 1917 թվականի հեղափոխությունը, խորհրդային շրջանը և մինչև մեր օրերը։
Մագիստրանտի գնահատմամբ՝ ծրագիրը կարևոր հնարավորություններ է ստեղծում մասնագիտական զարգացման և աշխատանքային հեռանկարների տեսանկյունից։
«Մեր ստացած գիտելիքներն ու հմտությունները կարող ենք կիրառել գիտահետազոտական կենտրոններում, պետական կառավարման համակարգում, միջազգային կազմակերպություններում և տարածաշրջանային ուսումնասիրություններով զբաղվող այլ կառույցներում»,- նշում է Կարոլին Սարյանը։
Ըստ ԵՊՀ մագիստրանտի՝ «Կովկասագիտություն» մագիստրոսական ծրագիրը նաև նպաստում է գիտական միջավայրում ինտեգրմանը։ Ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու գիտաժողովների, հանդես գալու զեկուցումներով, ձեռք բերելու ակադեմիական գրավոր աշխատանքի փորձ և հաղորդակցվելու տարբեր երկրների հետազոտողների հետ։
Այսպիսով, կովկասյան տարածաշրջանով հետաքրքրված դիմորդների համար ծրագիրը հնարավորություն է տալիս ոչ միայն մասնագիտական գիտելիք ստանալու, այլև հասկանալու տարածաշրջանի ժողովուրդների աշխարհայացքը, մշակութային առանձնահատկությունները և պատմական մտածողության ձևավորման գործընթացները։ Ժամանակակից աշխարհում, որտեղ տարածաշրջանային զարգացումների ճիշտ ընկալումն ու վերլուծությունը մեծ նշանակություն ունեն, «Կովկասագիտություն» կրթական ծրագիրը ձևավորում է մասնագետներ, որոնք կարող են գիտական և կիրառական մակարդակում արձագանքել ժամանակի մարտահրավերներին։
Նշենք, որ «Կովկասագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հունիսի 1-26-ը՝ մինչև ժամը 18:00-ն, իսկ 2-րդ փուլի փաստաթղթերը՝ ս.թ. հուլիսի 6-ից օգոստոսի 17-ը՝ մինչև ժամը 18:00-ն։ 2-րդ փուլի ընդունելության քննությունն անցկացվելու է ս.թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 12:00-ին։