- Main
- Node
- «Գնալ ջրի հետքերով»․ ՆԱՍԱ-ի հայտնի աստղաֆիզիկոսը պատմում է տիեզերքում կյանքի որոնումների և հայ մասնագետների դերի մասին
June 01, 2026 | 14:56
Գիտություն
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն
«Գնալ ջրի հետքերով»․ ՆԱՍԱ-ի հայտնի աստղաֆիզիկոսը պատմում է տիեզերքում կյանքի որոնումների և հայ մասնագետների դերի մասին
Տիեզերքում կյանքի գոյության հարցը դարեր շարունակ հետաքրքրել է մարդկությանը։ Իսկ ի՞նչ փուլում են այսօր որոնումները: ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի (JPL) աստղաֆիզիկոս, էկզոմոլորակների գիտության առաջին դեսպան, դոկտոր Անջալի Տրիպատին հյուրընկալվել էր ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում՝ ներկայացնելու ՆԱՍԱ-ի ընթացիկ առաքելությունների գաղտնիքները:
Անջալի Տրիպատիի հետազոտությունները կենտրոնացած են մոլորակային համակարգերի ձևավորման և էվոլյուցիայի ուսումնասիրության վրա, իսկ գիտական հաղորդակցության ոլորտում նրա գործունեությունը միտված է աստղագիտությունը լայն հանրությանը հասանելի դարձնելուն:
Ներկայացնելով ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան՝ Ա․ Տրիպատին նշեց, որ այն զբաղվում է ռոբոտային տեխնոլոգիաների միջոցով Արեգակնային համակարգի ուսումնասիրությամբ, և որ այնտեղ աշխատում են բազմաթիվ հայ մասնագետներ։
«Երբ մարդիկ խոսում են Մարսի ուսումնասիրության մասին, նրանք դա կապում են մարդու այնտեղ վայրէջք կատարելու և մարդկային առաքելությունների հետ։ Սակայն ինձ համար ամենակարևորը տիեզերքում կյանքի որոնումն է, և հենց այդ մոտեցումն է արտացոլվում Մարսի ուսումնասիրությունների մեր ռազմավարության մեջ՝ որոշելու, թե որ հատվածները կամ ինչպես ուսումնասիրել։ Այս ամենի հիմնական գաղափարներից մեկը ջրի հետքերով գնալն է, քանի որ կյանքը կարող է գոյություն ունենալ տարբեր ձևերով, սակայն մենք գիտենք, որ Երկրի վրա ջուրը կենսական նշանակություն ունի»,- ասաց նա ու ընդգծեց, որ իրենք անդրադառնում են Մարսին, քանի որ այն համեմատաբար մոտ է Երկիր մոլորակին և ունի մակերես, որը կարող է նպաստավոր լինել կյանքի համար. «Իհարկե, Վեներան չափերով ավելի նման է Երկրին, սակայն նրա մթնոլորտը կյանքի համար անբարենպաստ է»։
Արեգակնային համակարգի արտաքին հատվածներում ջրի որոնումները գիտնականներին հանգեցրել են ուշագրավ բացահայտումների։
Գիտնականի խոսքով՝ գնալով ջրի հետքերով՝ պարզ է դառնում, որ Արեգակնային համակարգի արտաքին հատվածներում կան բազմաթիվ սառցապատ մարմիններ, և որոշ դեպքերում այդ մակերեսների տակ հնարավոր է նույնիսկ օվկիանոսների գոյություն։
«Օրինակ՝ ՆԱՍԱ-ի «Cassini» առաքելությունը ուսումնասիրել է Սատուրնի Էնկելադուս արբանյակը, որտեղ հայտնաբերվել են մակերեսից դուրս ժայթքող գոլորշու նման շիթեր, ինչը վկայում է, որ դրա տակ կարող է լինել աղի օվկիանոս, որը, հնարավոր է, կյանքի համար բարենպաստ պայմաններ ստեղծի։ Վերջերս՝ 2024 թվականին, ՆԱՍԱ-ն ուղարկել է «Europa Clipper» առաքելությունը, որը ներկայում շարժվում է դեպի Յուպիտերի Եվրոպա արբանյակը և կհասնի այնտեղ առաջիկա տարիներին»,- ասաց Անջալի Տրիպատին և հավելեց, որ այս առաքելության նպատակն է ուսումնասիրել՝ արդյո՞ք Եվրոպայի սառցապատ մակերեսի տակ գոյություն ունի մեծ օվկիանոս, և գնահատել դրա ներուժը կյանքի գոյության տեսանկյունից. «Ներկայում կան նաև այլ կարևոր վայրեր, որտեղ իրականացվում են կամ նախատեսվում են առաքելություններ նաև Ուրանի և այլ արբանյակների ուղղությամբ»։
ՆԱՍԱ-ի ստեղծած հանրահայտ «eyes.nasa.gov» ծրագրային գործիքի ստեղծման հարցում դոկտոր Տրիպատիին օգնել է հայ գործընկերներից մեկը:
«Սա այն գործիքներից մեկն է, որը մենք ստեղծել ենք հանրության համար՝ էկզոմոլորակները ուսումնասիրելու և դրանց մասին տեղեկություն ստանալու նպատակով։ Այդտեղ հնարավոր է տեսնել գիշերային երկինքը և սեղմելով ցանկացած օբյեկտի վրա՝ ստանալ դրա մասին մանրամասն տեղեկություն: Ի դեպ, իմ հայ գործընկերը, որն օգնել է ինձ այս գործիքի ստեղծման գործում, սովորել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում»,- ասաց Տրիպատին:
Խոսելով «տրանզիտների» մասին՝ նա նշեց, որ նկատի ունի այն երևույթը, երբ մոլորակը կամ այլ օբյեկտ ժամանակավորապես անցնում է աստղի դիմացով՝ մասամբ փակելով նրա լույսը։
«Սա նման է խավարման, երբ ճիշտ դիրքի պատճառով որոշ ժամանակ լույսը նվազում է։ Սակայն, օրինակ, «TRAPPIST-1» համակարգը գտնվում է Կարմիր թզուկ աստղի շուրջ․ դա փոքր և համեմատաբար սառը աստղ է, որը նաև շատ ակտիվ է և հաճախակի արտանետումներ ունի, ուստի այն համարվում է ոչ բարենպաստ միջավայր կյանքի համար»,- նշեց նա։
Այսօր դոկտոր Տրիպատին աշխատում է ապագա այնպիսի առաքելությունների վրա, որոնք հնարավորություն կտան նույնպիսի ճշգրտությամբ, բայց արդեն անմիջականորեն դիտարկելու այլ աստղերի շուրջ գտնվող էկզոմոլորակները։ Նրա խոսքով՝ այսօր հաստատված է ավելի քան 6000 էկզոմոլորակ: Նա ընդգծեց, որ մոտավորապես 2040 թվականին նախատեսվում է այնպիսի առաքելություն, որի նպատակն է լինելու գտնել և լուսանկարել բնակելի մոլորակներ։
Պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հարցուպատասխանի ընթացքում դոկտոր Տրիպատին հավելեց նաև, որ այս պահին հայտնի են Երկրի չափսեր ունեցող մոտ 45 մոլորակներ, որոնք գտնվում են բնակելի գոտում։ Նա նաև ընդգծեց, որ թեև իրենք տիեզերքում փնտրում են ջուր, սակայն չեն բացառում այլ քիմիական հիմքով կյանքի գոյությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ իրենց չափման մեթոդները ներկայում հիմնված են ջրի որոնման վրա։
Նշենք, որ գիտական գործունեությունից բացի՝ դոկտոր Տրիպատին լայն ճանաչում է ստացել գիտության հանրայնացման և հանրային ներգրավման ոլորտներում իր գործունեության շնորհիվ։ Նա նաև իր ներդրումն է ունեցել գիտական և կլիմայական քաղաքականությունների մշակման գործում՝ աշխատելով Սպիտակ տան գիտության և տեխնոլոգիական քաղաքականության գրասենյակում։




