ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Հայոց պատմություն» մագիստրոսական ծրագիրը միտված է ժամանակակից մեթոդաբանությամբ օժտված հետազոտողների և վարչաքաղաքական ոլորտի վերլուծաբանների պատրաստմանը։ Թե ինչ արդիական թեմաներ են ներառված դասընթացներում և ինչպիսի մասնագիտական հեռանկարներ է բացում ծրագիրը, ներկայացնում է կրթական ծրագրի ղեկավար, պ․գ․դ․, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը։
«Հայոց պատմություն» մագիստրոսական ծրագիրը, որը կառուցված է պատմագիտության վերջին տասնամյակների ձեռքբերումների հիման վրա, աչքի է ընկնում իր բազմաբովանդակությամբ։ Ծրագրում ներառված են հայոց հնագույն, հին, միջին, նոր և նորագույն շրջանների պատմության այն առանցքային հարցերը, որոնք այսօր խոր հետազոտման կարիք ունեն։
Ծրագրի բովանդակությունը և առանցքային ուղղությունները
Ծրագրի ղեկավարը, անդրադառնալով ուսումնասիրվող նյութի շրջանակին, ընդգծեց, որ հայոց հին և միջնադարյան պետականության հիմնախնդրի կողքին առանձնակի կարևորություն է տրվում նույն շրջանի Հայաստանի պատմական աշխարհագրության ու ժողովրդագրության՝ գիտական ու քաղաքական մեծ հնչեղություն ունեցող հարցերին։ Ուսանողների ուշադրության կենտրոնում են նաև նախամաշտոցյան հայ գրի, հայ միջնադարյան իրավունքի և Կիլիկյան Հայաստանի պատմության հիմնահարցերը։
Պրոֆեսոր Մինասյանը նշեց նաև նոր և նորագույն պատմության այն թեմաները, որոնց տրվում է նախապատվություն։ Դրանց թվում են հայկական ինքնության, նոր շրջանի հայ ազգային-ազատագրական պայքարի, Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի պատմության վերլուծությունը։ Առանձնակի ուշադրություն է դարձվում հայ-ռուսական ու հայ-թուրքական հարաբերություններին, նորագույն պետականությանը՝ Առաջին ու Երրորդ հանրապետություններին և Խորհրդային Հայաստանին, ինչպես նաև Արցախյան հիմնախնդրին, որն այսօր էլ խիստ արդիական է։
«Ծրագրի հիմնական նպատակն է պատրաստել հայոց պատմության, նրա սկզբնաղբյուրների ու պատմագրության վերաբերյալ հիմնարար գիտելիքներ և տեսական բարձր պատրաստություն ունեցող մասնագետներ»,- ընդգծում է Էդիկ Մինասյանը՝ հավելելով, որ ծրագիրը շրջանավարտներին տալիս է ոչ միայն գիտահետազոտական աշխատանք կատարելու ունակություն, այլև պատրաստում է վարչաքաղաքական գործունեության կադրեր։
Ուսանողական գիտական հետաքրքրությունների շրջանակը
Ծրագրի բազմակողմանիությունն արտացոլվում է նաև մագիստրանտների ընտրած թեզերի թեմաներում։ Ուսանողները հնարավորություն ունեն խորանալու պատմագիտության տարբեր ուղղությունների ուսումնասիրության մեջ՝ սկսած միջնադարյան մատենագրական հարուստ ժառանգության քննությունից մինչև նոր և նորագույն շրջանի հանգուցային իրադարձություններ։
Մագիստրոսական հետազոտությունների առանցքում են հայ ազգային-ազատագրական պայքարի պատմությունը, հայ քաղաքական կուսակցությունների գործունեությունն ու դիվանագիտական հարաբերությունները։ Առանձնակի տեղ են զբաղեցնում նաև միջազգային հարաբերությունների և գերտերությունների քաղաքականության վերլուծությունը Հայկական հարցում, ինչպես նաև Սփյուռքի ձևավորման պատմությունն ու ազգային նշանավոր գործիչների հայանպաստ գործունեության գնահատումը։
Մասնագիտական և կարիերայի հնարավորություններ
Էդիկ Մինասյանը փաստում է՝ ծրագրի կրթական հենքը շրջանավարտներին հնարավորություն է տալիս իրենց մասնագիտական գործունեությունը ծավալել ինչպես գիտակրթական, այնպես էլ պետական և հանրային տարբեր ոլորտներում։ Ուսումնառության ընթացքում ձեռք բերած վերլուծական հմտություններն ու պատմաքաղաքական գործընթացների խորքային իմացությունը պատրաստի հիմք են ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունում և դիվանագիտական կորպուսում վարչաքաղաքական աշխատանքի անցնելու համար։
Գիտահետազոտական ուղղվածություն ընտրած մասնագետները կարող են իրենց գործունեությունը շարունակել առաջատար գիտական կենտրոններում, Հայաստանի ազգային արխիվում ու թանգարաններում, այդ թվում՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համապատասխան ինստիտուտներում և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։
Բացի այդ՝ ծրագրով առաջարկվող մեթոդաբանական պատրաստվածությունը պահանջված է տեղեկատվական-վերլուծական կենտրոններում, լրատվական գործակալություններում, ինչպես նաև հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում։
«Հայոց պատմություն» մագիստրոսական ծրագիրը հաջողությամբ համադրում է հիմնարար համալսարանական կրթությունը և արդի աշխատաշուկայի պահանջներին համահունչ գործնական վերլուծական հմտությունները։ Ծրագրի բազմաշերտ ուղղվածությունը շրջանավարտներին թույլ է տալիս ոչ միայն ինքնուրույն գիտական ուղի հարթել պատմագիտության և հարակից ոլորտներում, այլև հավակնել պատասխանատու հաստիքների պետական, դիվանագիտական և հանրային կառավարման համակարգերում։
Նշենք, որ «Հայոց պատմություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հունիսի 1-26-ը՝ մինչև ժամը 18:00-ն։ 1-ին փուլի ընդունելության քննությունն անցկացվելու է ս.թ. հուլիսի 1-ին։ 2-րդ փուլի փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հուլիսի 6-ից օգոստոսի 17-ը՝ մինչև ժամը 18:00-ն։ 2-րդ փուլի ընդունելության քննությունն անցկացվելու է ս.թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 10:00-ին։