ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ «Հեռավար լաբորատորիաների հիմնադրում-2024» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանում գործող «Տնտեսական քաղաքականության և կառավարման» գիտահետազոտական կենտրոն էր այցելել գիտական դրամաշնորհի արտասահմանյան համաղեկավարներից մեկը՝ Ս. Յու. Վիտտեի անվան նոր ինդուստրիալ զարգացման ինստիտուտի փոխտնօրեն, Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան պոլիտեխնիկական համալսարանի բարձրագույն ինժեներատնտեսագիտական դպրոցի դոցենտ և «Սոցիալ-տնտեսական համակարգերի մոդելավորում և թվայնացում» ուսումնական լաբորատորիայի վարիչ Նիկոլայ Դմիտրիևը։
Այցի ընթացքում «Տնտեսական քաղաքականության և կառավարման» գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցան աշխատանքային քննարկումներ գիտական խմբի անդամների մասնակցությամբ: Ամփոփվեցին ծրագրի միջանկյալ արդյունքները, քննարկվեցին հետագա հետազոտական ուղղությունները և միջազգային գիտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Քննարկումների առանցքում էին Հայաստանի մարդկային կապիտալի, աշխատանքային, գիտական և տեխնոլոգիական ներուժի գնահատման ու վերլուծության հարցերը։
Քննարկվեցին նաև գիտական խմբի համատեղ հրապարակումների ընթացքն ու արդյունքները։ Համագործակցության կարևոր արդյունքներից է «Sustainable Development of Human Capital and Digital Technologies in Armenia as a Driver of Socio-Economic Consolidation» հոդվածի հրապարակումը «Scopus Q2» միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում ինդեքսավորվող «International Journal of Technology» ամսագրում։
Աշխատանքային հանդիպումների շրջանակում քննարկվեցին նաև գիտական խմբի ընթացիկ հետազոտական ուղղությունները, մասնավորապես՝ տեխնոլոգիական փոփոխությունների և երկարաժամկետ տնտեսական զարգացումների ուսումնասիրություններին վերաբերող հետազոտությունները։
«Տնտեսական քաղաքականության և կառավարման» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կ․ Խաչատրյանը նշեց, որ գիտական խմբի ընթացիկ գիտական հետազոտությունների առանցքում է տեխնոլոգիական զարգացման փուլերի և տնտեսության երկարաժամկետ ցիկլերի ուսումնասիրությունները, որոնք կարող են նպաստել մարդկային կապիտալի կառավարման գործիքակազմի կատարելագործմանը, հատկապես աշխատաշուկայի, կրթական քաղաքականության և նորարարական ոլորտների մասնագիտական ու կադրային ապահովման տեսանկյունից։ Նշված հարցերի շուրջ կատարվող հետազոտությունների ընթացիկ արդյունքները ներկայացրեց գիտական խմբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև հետազոտական խմբի համար վիճակագրական և վերլուծական տվյալների բազայի ընդլայնման անհրաժեշտությանը։ Մասնավորապես, նախատեսվում է ստեղծել համալիր տեղեկատվական հարթակ, որը հնարավորություն կտա առավել խորությամբ ուսումնասիրելու Հայաստանի մարդկային կապիտալի տարածքային, կրթական, գիտատեխնոլոգիական և սոցիալ-տնտեսական զարգացման միտումները։
Այցի արդյունքներով պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հետազոտությունների ուղղվածության, գիտական նոր հրապարակումների և միջազգային գիտաժողովներում ստացած հետազոտական արդյունքները ներկայացնելու վերաբերյալ։
ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ «Հեռավար լաբորատորիաների հիմնադրում-2024» ծրագրի դրամաշնորհի շրջանակում ստեղծվել է «Տնտեսական քաղաքականության և կառավարման» գիտական լաբորատորիա, որը գործում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կառլեն Խաչատրյանի ղեկավարությամբ։
Գիտական հետազոտություններում ներգրավված են նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր, տ.գ.դ. Գագիկ Վարդանյանը, ֆակուլտետի դեկանի տեղակալ-գրասենյակի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Վարդան Ալեքսանյանը, երկու երիտասարդ հետազոտող, որոնցից մեկը՝ ասպիրանտ։ 2025 թվականի նոյեմբերի 1-ից թիմում ընդգրկվել են ևս երկու երիտասարդ հետազոտողներ՝ մեկ ասպիրանտ և մեկ մագիստրանտ։ Ծրագրի արտասահմանյան համաղեկավարներից է նաև Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանի (Ռումինիա) պրոֆեսոր Ֆելիքս Արիոնը:
Նշենք նաև, որ սա ծրագրի արտասահմանյան համաղեկավարների առաջին այցը չէր ԵՊՀ։ Նրանք նախկինում ևս մի քանի անգամ այցելել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ՝ մասնակցելու ծրագրի իրականացմանը նվիրված աշխատանքային հանդիպումներին և քննարկելու հետագա համատեղ հետազոտությունների ու գիտական համագործակցության զարգացման ուղղությունները։


