- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ գիտական խմբի ուշադրության առանցքում են Հայաստանում մարդկային կապիտալի կառավարման խնդիրները
Դեկտեմբեր 19, 2025 | 12:45
Գործընկերներ
Կրթություն
Հետազոտություն
ԵՊՀ գիտական խմբի ուշադրության առանցքում են Հայաստանում մարդկային կապիտալի կառավարման խնդիրները
Վերջին տասնամյակում հետազոտական խմբերի ուշադրության կենտրոնում է մարդկային կապիտալի կառավարման խնդիրը։ Այս թեմայի շուրջ հետազոտություն է կատարում նաև ԵՊՀ գիտական խումբը, որն ուսումնասիրում է ՀՀ-ում մարդկային կապիտալի կառավարման ամբողջ համակարգը՝ նպատակ ունենալով քննության առնելու առկա խնդիրները, ձևակերպելու գիտականորեն հիմնավորված կենսունակ լուծումներ։
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Հեռավար լաբորատորիաների հիմնադրում-2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված «Մարդկային կապիտալի կառավարման հիմնախնդիրներն ու լուծումները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով նախագծի արդիականությունը պայմանավորված է վերջին մեկուկես տասնամյակում մարդկային կապիտալի զարգացման տարբեր ցուցանիշների կտրուկ անկումով: Ծրագրի շրջանակում համակողմանիորեն հետազոտվելու են նաև մարդկային կապիտալի զարգացման, «ուղեղների արտահոսքի», կրթական համակարգի, նորարարության դինամիկայի և սոցիալ-տնտեսական ցուցանիշների միջև փոխհարաբերությունները:
Ծրագիրն ուղղված է երկու փոխկապակցված քաղաքականությունների նախանշմանը, այն է՝ մշակել մարդկային կապիտալի զարգացման քաղաքականության ուղղություններ և ստեղծել համապատասխան խթաններ՝ մարդկային կապիտալում ու նորարարության մեջ երկարաժամկետ ներդրումները խթանելու համար, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության նորարարական զարգացման և կայունության ապահովմանը:
Սահմանված նպատակներին հասնելու համար օգտագործվելու է հիբրիդային մեթոդաբանական մոտեցում, որը բխում է վերլուծական մի քանի գործիքներից՝ վերլուծական աշխատանք, որակական և քանակական տվյալների կառուցում, էմպիրիկ վերլուծություն, մոդելավորում, քաղաքականության սցենարների համեմատություններ և մոդելի վավերականության ստուգում։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, ծրագրի ղեկավար Կառլեն Խաչատրյանը, մեզ հետ զրույցում խոսելով կատարված աշխատանքների մասին, նշեց, որ արդեն ձևավորվել է մեծածավալ տվյալների բազա, որը ներառում է Հայաստանի մարդկային կապիտալի զարգացման, կրթության որակի, նորարարական ակտիվության, ժողովրդագրական փոփոխությունների և տնտեսական ցուցանիշների բազմաչափ տվյալներ՝ վերջին 15–20 տարիների կտրվածքով։
«Կատարվել է նախնական էմպիրիկ վերլուծություն, որի արդյունքում արդեն տեսանելի են մի շարք կարևոր փոխկապակցվածություններ, օրինակ, «ուղեղների արտահոսքի», կրթության որակի անկման և տնտեսական զարգացման տեմպի դանդաղեցման միջև։ Նախագծի կատարման ներկա փուլում գիտական խումբը զբաղվում է ձևավորված մեծածավալ տվյալների բազայի խորքային վիճակագրական և էկոնոմետրիկ մշակման աշխատանքներով, միաժամանակ կատարվում են մոդելի կառուցման աշխատանքներ։ Մոտ ժամանակներում կսկսենք նաև քաղաքական տարբեր սցենարների գնահատման աշխատանքները»,- ասաց նա։
Ծրագրի ավարտին ակնկալվում է ունենալ ամբողջական և գիտականորեն հիմնավորված գնահատում այն մասին, թե որոնք են Հայաստանի մարդկային կապիտալի կառավարման հիմնական խոչընդոտները, և համակարգային ինչ լուծումներ են անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար։
«Մեր աշխատանքը կավարտվի մի շարք վերլուծական փաստաթղթերով, կանխատեսումներով և քաղաքականության առաջարկներով, որոնք հիմնված կլինեն տվյալների, փորձագիտական քննարկումների և մոդելավորման արդյունքների վրա։ Ծրագրի արդյունքները կիրառելի կլինեն պետական քաղաքականության մշակման և իրականացման մեջ։ Ստացված տվյալները և առաջարկվող սցենարները կարող են օգտակար լինել ինչպես գործող ռազմավարությունների վերանայման, այնպես էլ նոր քաղաքականությունների մշակման համար, այդ թվում՝ կրթության, աշխատաշուկայի, նորարարության, տարածաշրջանային զարգացման և ժողովրդագրական քաղաքականությունների ուղղություններով։ Մեր նպատակը հենց այն է, որ գիտական արդյունքները դառնան գործնական որոշումների հիմք և նպաստեն անցում կատարելուն դեպի գիտելիքահենք և նորարարության վրա հիմնված տնտեսական աճի մոդելի»,- նշեց ծրագրի ղեկավարը։
Այն հարցին, թե ինչ մեխանիզմներ են նախատեսվում ուսումնասիրված խնդիրներն ու առաջարկվող լուծումները գործարար համայնքի և կրթական համակարգի պահանջներին համապատասխանեցնելու համար, Կառլեն Խաչատրյանը պատասխանեց, որ հետազոտության թեման հիմնականում առնչվում է կրթության, ինչպես նաև առողջապահության ու սոցիալական ապահովության ոլորտների պետական քաղաքականության հիմնահարցերին, ուստի գիտական նախագծի շրջանակում նախատեսվում է սերտ համագործակցություն ապահովել ինչպես պետական գերատեսչական մարմինների, այնպես էլ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ։ Կատարվելու են որակական հարցումներ, կազմակերպվելու են թեմատիկ կլոր սեղան-քննարկումներ և սեմինարներ, որոնցում ներգրավվելու են երկրում տվյալ ուղղությամբ հայտնի ոլորտային մասնագետներն ու փորձագիտական հանրույթի ներկայացուցիչները։
Գիտական հետազոտություններում ներգրավված են նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր, տ․գ․դ․ Գագիկ Վարդանյանը, ֆակուլտետի դեկանի տեղակալ-գրասենյակի ղեկավար, տ․գ․թ․, դոցենտ Վարդան Ալեքսանյանը, երկու երիտասարդ հետազոտող և ասպիրանտ։ Ս․թ․ նոյեմբերի 1-ից հնարավորություն է ընձեռվել թիմում ընդգրկելու ևս երկու երիտասարդ հետազոտողի՝ մեկ ասպիրանտի և մեկ մագիստրանտի։ Բացի ներքին թիմից՝ ծրագրին ակտիվ մասնակցություն ունեն նաև միջազգային գործընկերներ՝ Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանի (Ռումինիա) պրոֆեսոր Ֆելիքս Արիոնը և Պետրոս Մեծի անվան Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի (ՌԴ) առաջատար գիտաշխատող Նիկոլայ Դմիտրիևը։
Օտարերկրյա գործընկերներն ունեն մեծ փորձ մարդկային կապիտալի, ժողովրդագրական փոփոխությունների, կրթական համակարգերի, նորարարության և տնտեսական մոդելավորման ոլորտներում։ Նրանց ներգրավվածությունը ապահովում է ծրագրի բազմակողմանի, խորքային և գիտականորեն ամուր հիմքը։
Օտարերկրյա գործընկերները ներգրավված են հատկապես գիտական նախագծի մեթոդաբանական աշխատանքներում։ Նրանք մասնակցում են տվյալների մշակման և էկոնոմետրիկ գնահատումների մեթոդաբանական հարցերի ճշգրտմանը, աջակցում մոդելի կառուցմանը, ինչպես նաև քաղաքական սցենարների ձևակերպման ու վավերացման գործընթացներին։ Նրանց մասնակցությունը հնարավորություն է տալիս հետազոտության շրջանակում համադրելու տեղական առանձնահատկությունները ՌԴ-ի և Ռումինիայի, ինչպես նաև միջազգային առաջավոր փորձի հետ՝ բարձրացնելով ծրագրի որակն ու ազդեցությունը։
Հայաստանյան և օտարերկրյա հետազոտողները գործում են որպես մեկ թիմ՝ պարբերաբար կազմակերպելով համատեղ քննարկումներ մեթոդաբանական հարցերի ու միջանկյալ արդյունքների քննարկման համար։
Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանի տնտեսագիտական գիտությունների բաժնի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Ֆելիքս Արիոնն ընդգծում է, որ հայկական թիմի հետ համագործակցությունից ստացել է բացառապես դրական և ներշնչող տպավորություններ։ Նրա խոսքով՝ տպավորիչ են ԵՊՀ գործընկերների բարձր արհեստավարժությունը, հետաքրքրասիրությունն ու գործին անվերապահ նվիրվածությունը։ Պրոֆեսորը նշում է, որ թիմը ակադեմիական ճշգրտությունը համատեղում է Հայաստանի սոցիալ-տնտեսական մարտահրավերներին դիմակայելու մեծ նվիրվածության հետ, ինչը ձևավորում է խթանող հետազոտական միջավայր։
«Որպես մարդկային կապիտալի զարգացման ոլորտի հետազոտող՝ Հայաստանը համարում եմ հիանալի օրինակ՝ ուսումնասիրելու, թե ինչպես են ժողովրդագրական փոփոխությունները, ինստիտուցիոնալ զարգացումը, տեխնոլոգիական վերափոխումը և գլոբալ շարժունակությունը միասին ձևավորում մարդկային կապիտալի որակը և կայունությունը։ Հայաստանը յուրահատուկ «լաբորատորիա» է, որտեղ հստակ տեսանելի են և՛ հնարավորությունները, և՛ խոցելի կողմերը՝ այն դարձնելով իդեալական միջավայր կիրառական հետազոտությունների համար, որոնք կարող են նպաստել արդյունավետ քաղաքականությունների մշակմանը։ Երկրորդ՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գործընկերների հետ ունեցած ակադեմիական համագործակցությունն ու կապերը ապացուցել են, որ այստեղ կա ամուր հանձնառություն առ մեթոդաբանական ճշգրտություն, նորարարություն և միջգիտակարգային երկխոսություն»,- ասաց նա և հավելեց, որ ԵՊՀ-ում հեռակա լաբորատորիայի ստեղծումը ռազմավարական հարթակ է տրամադրում հետազոտական համագործակցությունը խորացնելու, համատեղ տվյալների բազաներ կառուցելու, երիտասարդ գիտնականներին մենթորության հնարավորություն տրամադրելու և երկու հաստատությունների համար երկարաժամկետ ակադեմիական արժեք ստեղծելու համար:
Խոսելով միջազգային փորձի կարևորության մասին՝ պրոֆեսորը նշեց, որ Ռումինիայի, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամբողջ տարածաշրջանի փորձը կարող է չափազանց օգտակար լինել Հայաստանի համար` մարդկային կապիտալի զարգացման, նորարարական համակարգերի կառուցման և ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակման գործընթացում:
«Նշյալ երկրները մի շարք կառուցվածքային նմանություններ ունեն՝ հետանցումային բարեփոխումներ, ԵՄ-ի կողմից խթանվող արդիականացման գործընթացներ, ժողովրդագրական ճնշումներ, ինչպես նաև կրթությունը աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու մարտահրավերներ: Այս ընդհանուր հիմքը գիտելիքների փոխանցումը դարձնում է ոչ միայն հնարավոր, այլև խիստ արդիական»,- ընդգծեց նա։
Պրոֆեսոր Ֆելիքս Արիոնը լիահույս է, որ նախագծի ավարտին կստեղծվի Հայաստանի համար գիտականորեն հիմնավորված մարդկային կապիտալի կայունության ինդեքս, ինչպես նաև կտպագրվեն բարձրորակ, հետազոտահենք գիտական աշխատություններ, որոնք կբարձրացնեն համատեղ հետազոտության միջազգային ճանաչելիությունը։
Նրա համոզմամբ՝ նախագիծը կնպաստի երկու հաստատությունների համագործակցության խորացմանը, կխթանի երիտասարդ գիտնականների ակտիվ մասնակցությունը և ամուր հիմք կդնի ապագա համատեղ նախաձեռնությունների ու երկարաժամկետ գործընկերության համար։