ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Հնագիտություն և ազգաբանություն» մագիստրոսական ծրագիրը համադրում է հնագիտական և ազգաբանական ուսումնասիրությունները՝ ուսանողներին տրամադրելով ինչպես տեսական խորացված գիտելիքներ, այնպես էլ հետազոտության գործնական փորձառություն։ Ծրագրի շրջանակում մագիստրանտները մասնակցում են հնագիտական պեղումների, ազգագրական դաշտային հետազոտությունների, գիտական նախագծերի և միջազգային համագործակցությունների՝ ձեռք բերելով մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ։
Ազգաբանությունը՝ ժամանակակից մարդաբանական գիտության համատեքստում
Պատմության ֆակուլտետի դեկան, Հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ Մխիթար Գաբրիելյանի խոսքով՝ «Հնագիտություն և ազգաբանություն» մագիստրոսական ծրագրի ձևավորումը բարդ որոշումների արդյունք է, քանի որ մեկ կրթական հարթակում համադրվել են հնագիտական և ազգաբանական ուղղությունները։
«Ծրագրի կարևոր առավելություններից մեկն այն է, որ ուսանողները ծանոթանում են մարդաբանական գիտության զարգացման արդի միտումներին։ Վերջին տարիներին ակտիվ զարգանում են տնտեսական, քաղաքական, կիրառական, ուտեստի, իրավունքի, մանկավարժական և այլ մարդաբանական ուղղություններ, որոնք կարևոր դեր են խաղում ինչպես գիտական, այնպես էլ հասարակական գործընթացներում»,- նշում է նա։
Ըստ Մ․ Գաբրիելյանի՝ ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվում տեսության և մեթոդաբանության ուսուցմանը՝ ապահովելով ժամանակակից մասնագետի մրցունակության համար անհրաժեշտ գիտելիքներ։ Միաժամանակ ուսանողները ծանոթանում են հայ ազգագրության տարբեր բաղադրիչներին և սովորում դրանք դիտարկել գիտական ժամանակակից մոտեցումների համատեքստում։
Նրա խոսքով՝ ծրագիրը կազմելու ընթացքում փորձ է արվել հավասարակշռել տեսական և գործնական բաղադրիչները՝ ուսանողներին փոխանցելով ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև մեթոդաբանական այժմեական գործիքներ։
«Ժամանակակից աշխարհում մրցունակություն ապահովող կարևորագույն գործոններից մեկը տեսության և մեթոդաբանության իմացությունն է։ Մենք փորձել ենք կրթական գործընթացը կառուցել այնպես, որ ուսանողները կարողանան ոչ միայն ծանոթանալ տարբեր տեսություններին, այլև կիրառել դրանք հետազոտություններում»,- նշում է Պատմության ֆակուլտետի դեկանը։
Ծրագրի հաջորդ կարևոր բաղադրիչը վերաբերում է հայ ազգագրությանը և դրա տարբեր ոլորտների ուսումնասիրությանը։ Սակայն, ինչպես ընդգծում է Մխիթար Գաբրիելյանը, նպատակը միայն հայ ազգագրության մասին գիտելիք փոխանցելը չէ։ Շրջանավարտների համար մասնագիտական հնարավորությունները բավական լայն են։
«Այսօր ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցների ճնշող մեծամասնությունը մեր ծրագրի մասնագետներն են։ Շրջանավարտները ներգրավվում են նաև թանգարանային ոլորտում, միջազգային կառույցներում և զարգացման տարբեր ծրագրերում։ Բացի այդ՝ զբոսաշրջային արդյունաբերության ակտիվ զարգացման պայմաններում ազգագրագետներն ու հնագետները կարող են ոչ միայն մասնագիտական գործունեություն ծավալել, այլև նպաստել զբոսաշրջային ոլորտի որակի բարձրացմանը»,- նշում է նա։
Մխիթար Գաբրիելյանի խոսքով՝ ուսանողների հետաքրքրությունները նույնպես զգալիորեն փոխվել են։ Եթե նախկինում գերակշռում էին ավանդական ազգագրական թեմաները, ապա այսօր հետազոտական դաշտում ավելի մեծ տեղ են զբաղեցնում քաղաքային մարդաբանությունը, ժամանակակից սոցիալական և մշակութային գործընթացները, ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրությունը և սոցիալական մարդաբանության տարբեր ուղղությունները։
Վերջին տարիներին առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են նաև Արցախի մշակութային ժառանգությանը, բռնի տեղահանությանը, էթնիկ զտմանը, մշակութային վանդալիզմին և մշակութային ժառանգության պահպանության միջազգային իրավական խնդիրներին վերաբերող հետազոտությունները։
«Շատ ոգևորիչ է, որ ուսանողները մեծ թեմաներից աստիճանաբար անցնում են ավելի փոքր, բայց ոչ պակաս կարևոր հետազոտական խնդիրների։ Առօրեական ազգաբանությունը, սոցիալական մարդաբանությունը փաստում են, որ փոքր պատմությունները նույնքան կարևոր են և գիտական մեծ արժեք կարող են ունենալ»,- ամփոփում է Մխիթար Գաբրիելյանը։
Ժամանակակից հնագիտությունը՝ նոր տեխնոլոգիաների և գիտական հետազոտությունների համադրությամբ
Արտակ Գնունու խոսքով՝ հնագիտությունն այսօր պահանջված և արագ զարգացող գիտակարգերից է, որը վաղուց դուրս է եկել միայն ավանդական պեղումների շրջանակից։
«Եթե 20-25 տարի առաջ հնագետը խոզանակով և դանակով էր ճանապարհ ընկնում դաշտ, ապա այսօր նա օգտվում է ժամանակակից գիտության ընձեռած լայն գործիքակազմից՝ քարտեզագրման առաջադեմ մեթոդներից մինչև գեոֆիզիկական հետազոտություններ։ Հնագիտությունն այսօր գիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտ է, ուստի այն ընտրած ուսանողը քայլում է ժամանակակից աշխարհի զարգացմանը համընթաց»,- նշում է նա։
Թեև ուսանողների շրջանում մեծ հետաքրքրություն են վայելում թվային քարտեզագրումը, եռաչափ վերակազմությունները և նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, դաշտային աշխատանքը շարունակում է մնալ ուսուցման կարևոր բաղադրիչ։ Մագիստրանտները մասնակցում են հնագիտական պեղումներին, ինչպես նաև ամբիոնի իրականացրած գիտահետազոտական և դրամաշնորհային ծրագրերին։
Ըստ կրթական ծրագրի ղեկավարի՝ մագիստրոսական ծրագրի դասընթացները կառուցված են արդիական գիտական հիմնախնդիրների շուրջ, ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին ծանոթանալու ոլորտում առկա տեսություններին, հետազոտական ուղղություններին և զարգացման հեռանկարներին։ Ուսանողները ներգրավվում են նաև ամբիոնին կից հնագիտական լաբորատորիայի աշխատանքներում՝ ձեռք բերելով արժեքավոր գործնական փորձառություն։
«Մենք ուսանողներին դիտարկում ենք որպես ապագա գործընկերների: Նրանց ակտիվ մասնակցությունը գիտական ծրագրերին կարևոր հիմք է հետագա մասնագիտական գործունեության համար»,- ընդգծում է Արտակ Գնունին։
Ուսանողի փորձառությունը․ հետաքրքրությունից դեպի գիտական հետազոտություն
Ծրագրի առաջին կուրսի մագիստրանտ Աննա Լուլուկյանի խոսքով՝ ազգագրության նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է դեռևս բակալավրիական ուսումնառության տարիներին, երբ պատմական գործընթացների ուսումնասիրությանը զուգահեռ՝ սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել մարդկանց առօրյային, մշակույթին և հիշողություններին։
«Ազգագրության նկատմամբ հետաքրքրությունն ու սերը ձևավորվել են դեռ բակալավրի «Պատմություն» կրթական ծրագրում սովորելու տարիներին։ Ուսումնառության ընթացքում աստիճանաբար սկսեցի ավելի մեծ հետաքրքրվածություն ցուցաբերել ոչ միայն պատմական իրադարձությունների, այլև մարդկանց առօրյայի, մշակույթի և հիշողությունների ուսումնասիրության նկատմամբ։ Այդ հետաքրքրությունն էլ ինձ ստիպեց ուսումնառելու «Հնագիտություն և ազգաբանություն» մագիստրոսական ծրագրով»,- նշում է նա։
Ըստ մագիստրանտի՝ ուսումնառության մեկ տարվա ընթացքում նա ոչ միայն խորացրել է տեսական գիտելիքները, այլև ավելի հստակ է ձևավորել գիտական հետաքրքրությունների շրջանակը՝ կապված հիշողության ուսումնասիրությունների, բանավոր պատմության և տեղահանության փորձառությունների հետ։ «Տունը՝ 2023 թվականին տեղահանված արցախցիների հիշողություններում» խորագրով մագիստրոսական թեզի շրջանակում նա աշխատում է Արցախից տեղահանված անձանց հետ՝ հավաքելով նրանց անձնական պատմություններն ու հիշողությունները։
«Դաշտային աշխատանքի ընթացքում հաճախ առնչվում եմ զգայուն և ցավոտ պատմությունների։ Սակայն կարծում եմ, որ այսօր առավել քան կարևոր է ուսումնասիրել տեղահանության փորձառությունը ինչպես հիշողության պահպանման տեսանկյունից, այնպես էլ հասկանալու համար, թե մարդիկ ինչպես են վերապրում կորուստը, ինչպես են հիշում «տունը» և ինչ նշանակություն են տալիս դրան նոր իրականության պայմաններում»,- նշում է նա։
Ապագա դիմորդներին մագիստրանտը խորհուրդ է տալիս մասնագիտության ընտրության հարցում առաջնորդվել սեփական հետաքրքրություններով և սիրել ընտրած ոլորտը։
«Միայն տեսական գիտելիքներն այստեղ բավարար չեն։ Կարևոր են մարդկանց լսելու, հասկանալու, ապրումակցելու, դաշտային աշխատանք կատարելու և հավաքված նյութը վերլուծելու կարողունակությունները»-, ընդգծում է նա։
«Հնագիտություն և ազգաբանություն» մագիստրոսական կրթական ծրագիրը միավորում է անցյալի նյութական ու ոչ նյութական ժառանգության ուսումնասիրությունը, ժամանակակից գիտական մեթոդներն ու գործնական հետազոտական փորձառությունը։ Ծրագիրը ուսանողներին հնարավորություն է տալիս ոչ միայն ձեռք բերելու մասնագիտական խոր գիտելիքներ, այլև ներգրավվելու գիտական արդի հետազոտություններում և ձևավորելու մասնագիտական հաջող կարիերայի համար անհրաժեշտ հիմքեր։
2026/2027 ուստարում «Հնագիտություն և ազգաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի 1-ին փուլի անվճար ընդունելության մրցույթին հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները՝ անկախ միջին որակական գնահատականից (ՄՈԳ), ատեստավորման գնահատականից և ավարտելու տարեթվից:
Հավելենք՝ «Հնագիտություն և ազգաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հունիսի 1-26-ը՝ մինչև ժամը 18:00-ն, իսկ 2-րդ փուլի փաստաթղթերը՝ ս.թ. հուլիսի 6-ից օգոստոսի 17-ը՝ մինչև ժամը 18:00-ն։ 1-ին փուլի ընդունելության քննությունն անցկացվելու է ս.թ. հուլիսի 1-ին՝ ժամը 13:00-ին, իսկ 2-րդ փուլինը՝ ս.թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 13:00-ին։