- Main
- Node
- Առցանց ձևաչափից դեպի կենդանի խոսք․ սերբերենը՝ ԵՊՀ ուսանողների փորձով
June 08, 2026 | 11:00
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Շարունակական կրթություն
Առցանց ձևաչափից դեպի կենդանի խոսք․ սերբերենը՝ ԵՊՀ ուսանողների փորձով
Հայաստանում Սերբիայի դեսպանատան նախաձեռնությամբ 2025 թվականի հոկտեմբերից Երևանի պետական համալսարանում մեկնարկել է սերբերենի անվճար դասընթաց՝ նախատեսված ԵՊՀ ուսանողների համար։ Շաբաթական երկու անգամ անցկացվող դասընթացի նպատակն էր ոչ միայն լեզվի ուսուցումը, այլև սերբական մշակույթի և Հայաստանի ու Սերբիայի միջև ակադեմիական կապերի ամրապնդումը։
Այս նախաձեռնության շրջանակում խոսել ենք սերբերենի ուսուցիչ Մարինա Յովանովիչի հետ, որը պատմել է ուսանողների հետ աշխատանքի, դասընթացի առանձնահատկությունների և մշակութային փոխանակման փորձի մասին։
Մարինա Յովանովիչի խոսքով՝ Երևանի պետական համալսարանում դասավանդելու հնարավորությունը իր համար կարևոր և, միաժամանակ, անակնկալ փորձ էր։ Ըստ նրա՝ Հայաստանի պատմական համալսարանում դասավանդելու հնարավորության ընձեռումը և՛ զարմանալի էր, և՛ հաճելի։
Սերբերենի ուսուցիչը փաստում է, որ հայ ուսանողները ցուցաբերել են բարձր մոտիվացիա և հետաքրքրություն լեզվի նկատմամբ։ Սկզբնական շրջանում դասերը անցկացվել են առցանց ձևաչափով, ինչը որոշակի մտահոգություն էր առաջացրել, սակայն գործընթացը արագ դարձել է արդյունավետ և ինտերակտիվ։
«Իմ հայ ուսանողները հրաշալի երիտասարդներ են՝ մոտիվացված և հետաքրքրված սերբերենով։ Սկզբում մի փոքր անհանգստանում էի, թե ինչպես կանցնեն դասերը, բայց դրանք շատ հետաքրքիր և մոտիվացնող դարձան»,– պատմում է նա։
Դասընթացի շրջանակում կիրառվել են ինտերակտիվ ուսումնական նյութեր, աշխատանքային տետրեր, իրականացվել են նախագծեր և ներկայացումներ։
Մարինա Յովանովիչը նաև նկատել է, որ ուսանողների ռուսերենի իմացությունը սկզբնական փուլում մեծապես օգնել է սերբերենի ընկալմանը, իսկ ժամանակի ընթացքում նրանք արդեն սկսել են հաղորդակցվել պարզ խոսակցական սերբերենով։
«Որոշ ժամանակ անց նրանք սկսեցին խոսել պարզ, հիմնական սերբերեն նախադասություններով, իսկ երբեմն կրկին անցնում էին ռուսերենի։ Սա ինձ համար նաև մասնագիտական մարտահրավեր էր՝ ամեն ինչ անել, որ նրանք կենտրոնանան հենց սերբերենի վրա»,– ընդգծում է նա։
Դասերի ամենահետաքրքիր հատվածները, ըստ Յովանովիչի, եղել են սերբական մշակույթին, երաժշտությանը, ավանդույթներին և գրականությանը նվիրված հանդիպումները։ Այդ դասերը վերածվել են մշակութային փոխանակման հարթակի, որտեղ ուսանողները ոչ միայն սովորել են լեզուն, այլև ներկայացրել են իրենց երկիրը։
«Ես շատ բան եմ սովորել Հայաստանի մասին հենց ուսանողներից։ Նրանք շատ լավ էին ներկայացնում իրենց երկիրը, և այդ փոխանակումը շատ արժեքավոր էր»,– նշում է նա։
Ուսանողները Մարինա Յովանովիչի համար նույնիսկ կազմակերպել են էքսկուրսիա, ինչը, ըստ մեր զրուցակցի, դարձել է փոխադարձ ճանաչման և ընկերության յուրօրինակ դրսևորում։
Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր։ Հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցել են ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ՀՀ-ում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը, ինչպես նաև դեսպանության այլ ներկայացուցիչներ։
Մարինա Յովանովիչը նաև խոսել է իր երկարաժամկետ տեսլականի մասին՝ առաջարկելով ստեղծել սերբերեն–հայերեն թվային թեմատիկ բառարան, որը կարող է ծառայել ինչպես ուսանողներին, այնպես էլ զբոսաշրջիկներին։
«Կցանկանայի, որ ուսանողները մասնակցեն թարգմանությանը, իսկ ես կլինեմ որպես մենթոր։ Կարծում եմ՝ դա կարող է օգտակար լինել թե՛ հայ, թե՛ սերբ ուսանողների, ինչպես նաև զբոսաշրջիկների համար՝ որպես ժամանակակից թվային գործիք»,- ասում է նա։
Նրա խոսքով՝ նման նախագծերը հնարավոր են միայն համագործակցության և թվային գործիքների կիրառման միջոցով, որոնք այսօր լեզվի ուսուցման անբաժանելի մասն են դարձել։
Այս նախաձեռնությունը արդեն իսկ դարձել է ոչ միայն լեզվի ուսուցման ծրագիր, այլև հայ–սերբական ակադեմիական և մշակութային համագործակցության հաջող օրինակ։
Հիշեցնենք, որ ԵՊՀ գրադարան են մուտքագրվել սերբերենով տարբեր գրքեր, որոնցից օգտվելու հնարավորություն ունեն հետաքրքրված բոլոր ուսանողները։










