- Main
- Node
- Կինը լաբորատորիայում․ խոչընդոտներից մինչև մասնագիտական վստահություն
June 18, 2026 | 10:45
Կարիերա
Հասարակություն
Կինը լաբորատորիայում․ խոչընդոտներից մինչև մասնագիտական վստահություն
«Ընտրեցի ֆարմացիայի ոլորտը, քանի որ այստեղ քիմիայի «կախարդանքը» վերածվում է կոնկրետ լուծումների՝ դեղերի, որոնք փրկում են կյանքեր»,- ասում է ԵՊՀ դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի փորձագետ Անի Չախոյանը, որը ժամանակին որպես գործունեության ոլորտ է ընտրել գիտության աշխարհը: Նրա օրինակը փաստում է, թե որքան կարևոր է կանանց ներկայությունը գիտության աշխարհում, որտեղ նրանց աշխատանքի արդյունքում ոչ միայն արձանագրվում են գիտական նվաճումներ, այլև լուծվում են հասարակության համար կենսական նշանակություն ունեցող հարցեր։
Չնայած բարձրագույն կրթություն ունեցող կանանց թվի աճին՝ գիտական հետազոտությունների ոլորտում տղամարդկանց և կանանց ներգրավվածության միջև դեռևս պահպանվում է զգալի տարբերություն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրության ինստիտուտի (UIS) տվյալների համաձայն՝ 2021 թվականի դրությամբ կանայք կազմում էին աշխարհի հետազոտողների ընդամենը 31.7%-ը։ Հայաստանում ևս պատկերը միատարր չէ․ եթե կենսաբանության (74%) և քիմիայի (64.8%) ոլորտներում կանանց մասնակցությունը համեմատաբար բարձր է, ապա այն զգալիորեն նվազում է մաթեմատիկայի (12.5%), մեխանիկայի (21.1%), ֆիզիկայի ու աստղաֆիզիկայի (25.3%) ոլորտներում։
Գենդերային անհավասարության դրսևորումները երբեմն արտահայտվում են ինչպես մասնագիտական որոշ ուղղություններում կարծրատիպային ընկալումների, այնպես էլ կարիերայի առաջընթացի հնարավորությունների անհամաչափության մեջ։
Միևնույն ժամանակ, գիտության մեջ հաջողության հասած կանանց պատմություններն ու օրինակները ցույց են տալիս, որ ոլորտում փոփոխությունները իրական և շարունակական են, և որ համառ աշխատանքն ու մասնագիտական նվիրվածությունը հնարավորություն են տալիս աստիճանաբար հաղթահարելու գոյություն ունեցող սահմանափակումները։
«Մասնագիտությանս ընտրության հարցում վճռորոշ եղավ բարդ խնդիրներին լուծում տալու ցանկությունը: Ընտրեցի այս ճանապարհը, որ իմ պրպտումներն ունենան գործնական արժեք և ծառայեն մարդկանց առողջությանը»,- ասում է Անին:
Նա նշում է, որ մասնագիտական դժվարությունները ոչ թե խոչընդոտներ են իր համար, այլ մարտահրավերներ, որոնք հնարավորություն են տալիս զարգացնելու և ամրապնդելու գիտելիքները: Նա ընդգծում է՝ երբ սիրում ես աշխատանքդ և կենտրոնացած ես արդյունքի վրա, նույնիսկ ամենաբարդ իրավիճակներն ընկալվում են որպես փորձառություն և առաջ շարժվելու նոր հնարավորություն:
«Բարեբախտաբար, ես աշխատում եմ մի միջավայրում, որտեղ երբևէ խտրականություն չեմ զգացել. ԵՊՀ-ում գնահատվում է նախևառաջ մասնագիտական պատրաստվածությունը: Միակ բանը, որ սկզբում շատերի մոտ զարմանք էր առաջացնում, իմ աշխատանքն էր ատոմային էմիսսիոն սպեկտրաչափի հետ: Չգիտես՝ ինչու, նման բարդ սարքավորումների սպասարկումն ու տարրային անալիզ կատարելը համարվում էր «տղամարդու աշխատանք»: Ես այդ մոտեցման հետ բացարձակապես համաձայն չեմ: Եթե լաբորատորիայում առկա է հրատապ անհրաժեշտություն, ես մեծ հաճույքով կատարում եմ ցանկացած գործ՝ լինի դա հետազոտություն թե ինժեներական միջամտություն: Սարքերի ու նյութերի համար կապ չունի՝ իրենց հետ աշխատողը կի՞ն է, թե՞ տղամարդ. սարքը պարզապես «պահանջում է» գիտելիք, հմտություն և մի փոքր էլ «ամուր ձեռք»՝ անկախ սեռից»,- մատնանշում է Անին և հավելում, որ իր հիմնական «զենքը» մասնագիտական գիտելիքն ու հետևողականությունն են:
Գիտությունը՝ տեսությունից մինչև իրական ազդեցություն
«Կարծում եմ՝ որոշ խոչընդոտներ դեռևս կան։ Գիտությունը պահանջում է բացարձակ նվիրում և անսահման ժամանակ: Մենք հաճախ ստիպված ենք լինում գիտական բարդ հետազոտությունները, դասախոսական ու փորձագիտական ծանրաբեռնվածությունը համատեղել ընտանեկան ու կենցաղային պատասխանատվության հետ»,- ընդգծում է փորձագետը։
Նրա խոսքով՝ խոչընդոտներ կան, սակայն դրանք հաղթահարելի են, եթե կա ներքին մեծ մոտիվացիա և սեր դեպի ընտրածդ մասնագիտությունը։ Անին շեշտում է, որ կանանց մասնակցությունը գիտական հետազոտություններին կարևոր է նախևառաջ նրանց յուրահատուկ աշխարհայացքի ու մոտեցման տեսանկյունից. կանայք օժտված են բացառիկ համբերատարությամբ, մանրուքների նկատմամբ ուշադրությամբ և միաժամանակ մի քանի գործընթացներ համակարգելու ունակությամբ։
Անի Չախոյանի գործունեությունը ֆարմացիայի ոլորտում միավորում է դասախոսությունը, գիտական հետազոտությունը, փորձագիտական աշխատանքը և հանրային հաղորդակցությունը: Նա զբաղվում է հիվանդանոցային դեղային ապահովման արդյունավետության բարձրացմամբ, մշակում կլինիկատնտեսագիտական մեխանիզմներ՝ դեղերի կիրառումը տնտեսապես օպտիմալացնելու համար, կատարում է տարրային անալիզներ ԵՊՀ դեղերի որակի հսկման և մոնիթորինգի կենտրոնում։ Նա իր ամենամեծ ձեռքբերումը համարում է գիտական հիմքի ստեղծումը, որը ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում օգնում է առողջապահական համակարգին՝ բարելավելով ֆինանսական ռեսուրսների օգտագործումն ու բարձրացնելով բուժառուների բուժման որակը:
«Գիտնականի համար չկա ավելի մեծ հաջողություն, քան սեփական հետազոտության գործնական արժեքը տեսնելը»,- ամփոփում է նա։
Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Ֆեմինիզմը գործողության մեջ՝ հանուն համակարգային փոխակերպման» (FAST) և «Կանանց հզորացում՝ հանուն բարեկեցության» (WoW) ծրագրերի շրջանակում ԵՊՀ-ում իրականացվում է «Գիտության ոլորտում կանանց և աղջիկների մասնակցության խթանում» նախագիծը։ Այս համատեքստում ներկայացնում ենք ԵՊՀ կին գիտնականների մասին պատմություններ։
