- Main
- Node
- ԵՊՀ-ն և «:Բուն» գիտամշակութային հիմնադրամը կնքեցին համագործակցության հուշագիր
June 22, 2026 | 13:03
Գործընկերներ
Կարիերա
Հասարակություն
ԵՊՀ-ն և «:Բուն» գիտամշակութային հիմնադրամը կնքեցին համագործակցության հուշագիր
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «:Բուն» գիտամշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Գեմաֆին Գասպարյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որը միտված է կրթական, գիտական և մշակութային ծրագրերի համատեղ իրականացմանը, ինչպես նաև համալսարանական կյանքի և գիտակրթական նախաձեռնությունների հանրահռչակմանը։
Կողմերը, արժևորելով ձևավորված գործընկերությունը, ընդգծեցին երկարաժամկետ համագործակցության կարևորությունը։ Նրանց համոզմամբ՝ համատեղ նախաձեռնությունները կնպաստեն համալսարանական կրթական, գիտական և մշակութային նախագծերի զարգացմանն ու արդյունավետ իրագործմանը։
Հուշագրով նախատեսվում է ծրագրերի իրականացում, որոնք միտված են կրթական, գիտական և մշակութային ոլորտներում համագործակցության խորացմանը, ինչպես նաև առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման միջոցով նոր հնարավորությունների ստեղծմանը։
Համագործակցության շրջանակում ԵՊՀ-ն և «:Բուն» գիտամշակութային հիմնադրամը համատեղ ջանքերով կապահովեն համալսարանական կյանքի, կրթական ծրագրերի, գիտակրթական նախաձեռնությունների, միջոցառումների և ձեռքբերումների առավել լայն հանրայնացումը։ Այդ նպատակով կձևավորվեն աշխատանքային խմբեր, որոնք կմշակեն հեղինակային թեմատիկ հաղորդաշարեր, կիրականացնեն փորձի փոխանակում, ինչպես նաև համապատասխան մեդիանյութերի պատրաստում և տարածում սոցիալական ցանցերում, առցանց տեղեկատվական հարթակներում և հեռուստատեսային եթերում։
ԵՊՀ ռազմավարական առաջնահերթություններից են ակադեմիական միջավայրի շարունակական զարգացումն ու կրթական գործընթացների արդիականացումը։ Այս համագործակցությունը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի ինչպես գիտնականների և պրոֆեսորադասախոսական համակազմի, այնպես էլ ուսանողների համար։
Մասնավորապես, ուսանողները հնարավորություն կունենան ներգրավվելու տարբեր ծրագրերում և աշխատանքային գործընթացներում, ձեռք բերելու գործնական փորձ, խորացնելու մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև զարգացնելու իրենց կարողություններն ու հմտությունները՝ ձևավորելով մասնագիտական արժեքավոր փորձառություն։
ԵՊՀ-ի և «:Բուն» գիտամշակութային հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ իրականացվել է «ՄետաՄոլոր» նախագծի երկու եթերաշրջան։ «ՄետաՄոլոր»-ը հարթակ է, որտեղ ԵՊՀ դասախոսները քննարկում, սահմանում և վերաիմաստավորում են ներկայիս իրողությունները «հետճշմարտության ժամանակաշրջանում», երբ փաստի և մեկնաբանության, իրականության և ընկալման սահմանները հստակ չեն։ «ՄետաՄոլոր»-ը հրավիրում է աշխարհին նայելու մետա դիտանկյունից՝ տարբեր գիտակարգերի համադրությամբ միասին վերլուծելու թվային դարաշրջանի տեխնոլոգիական առաջընթացի ազդեցությունը մարդու և հանրության արժեքային համակարգի վրա։




