- Main
- Node
- Մալագայից մինչև Վիեննա․ միջազգային կրթական միջավայրում ձևավորված փորձը՝ ԵՊՀ ուսանողի օրինակով
August 12, 2026 | 11:11
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուսանողական
Մալագայից մինչև Վիեննա․ միջազգային կրթական միջավայրում ձևավորված փորձը՝ ԵՊՀ ուսանողի օրինակով
Հինգ ամիս Մալագայի համալսարանում, երկու մասնագիտություն ԵՊՀ-ում և միջազգային առևտրային արբիտրաժի հեղինակավոր դատախաղի մասնակցություն․ Դավիթ Գասպարյանի ուսանողական ճանապարհը միջազգային կրթական փորձի և մասնագիտական զարգացման համադրության օրինակ է։
Միջազգային կրթական ծրագրերը ուսանողներին հնարավորություն են տալիս ոչ միայն սովորելու արտասահմանյան բուհերում, այլև ծանոթանալու կրթական և իրավական տարբեր համակարգերի, ընդլայնելու մասնագիտական կապերն ու ձեռք բերելու փորձ, որն անհնար է ստանալ միայն լսարանում։ Այդ ճանապարհն է ընտրել նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի առկա և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հեռակա ուսուցման համակարգերի ուսանող Դավիթ Գասպարյանը, որը «Էրազմուս+» ծրագրով հինգ ամիս ուսանել է Մալագայի համալսարանում (Իսպանիա)։
Մեկ կիսամյակ եվրոպական համալսարանում
Մալագայի համալսարանում Դավիթն ուսումնասիրել է իրավագիտության մասնագիտական դասընթացներ՝ «Կոմերցիոն կազմակերպությունների իրավունք», «Կոմերցիոն պայմանագրերի և սնանկության իրավունք», ինչպես նաև «Աշխատանքային իրավունք»։
Ուսումնառությունն ավարտել է գերազանց արդյունքներով. բոլոր առարկաներից ստացել է առավելագույն գնահատականներ, իսկ «Կոմերցիոն կազմակերպությունների իրավունք» դասընթացից արժանացել է նաև հատուկ ակադեմիական տիտղոսի, որը շնորհվում է համալսարանի լավագույն առաջադիմություն ցուցաբերած ուսանողների ընդամենը 5 տոկոսին։
Սակայն նրա համար արտասահմանյան համալսարանում սովորելու արժեքը միայն բարձր գնահատականները չեն։ «Էրազմուս+» ծրագրի ամենամեծ ձեռքբերումներից մեկը, ըստ Դավիթի, եվրոպական իրավական համակարգին անմիջականորեն ծանոթանալու հնարավորությունն էր։
«Մինչ այդ հիմնականում ուսումնասիրում էի Հայաստանի իրավական համակարգը։ Իսպանիայում հնարավորություն ունեցա հասկանալու, թե ինչպես է գործում մեկ այլ իրավական համակարգ, ինչ պատմական հիմքեր ունի, և ինչ տարբերություններ կան եվրոպական և հայկական մոտեցումների միջև։ Այդ համեմատական փորձը մեծ նշանակություն ունի ապագա իրավաբանի համար»,- ասաց նա։
Ուսանողի համոզմամբ՝ միջազգային կրթական միջավայրն արժեքավոր է ոչ միայն գիտելիքի, այլև մտածողության շրջանակն ընդլայնելու տեսանկյունից։ Տարբեր երկրների ուսանողների հետ համագործակցությունը, մշակութային բազմազանությունն ու կրթության կազմակերպման առանձնահատկությունները նոր փորձ են տալիս, որը հետագայում կարող է կիրառվել նաև Հայաստանում։
Միջազգային կրթությունից՝ միջազգային մրցույթ
Մալագայի համալսարանում ուսումնառությունը Դավիթին չհեռացրեց մրցութային ծրագրերից։ Իսպանիայում գտնվելու ընթացքում նա շարունակել է հեռավար աշխատել ԵՊՀ թիմի հետ՝ նախապատրաստվելով «Willem C. Vis» միջազգային առևտրային արբիտրաժի դատախաղ-մրցույթին։ Ս․թ․ ապրիլին նա մեկնել է Վիեննա (Ավստրիա), որտեղ ներկայացրել է ԵՊՀ-ն և Հայաստանը։
Նրա համար այս փորձը միջազգային կրթական ծրագրի տրամաբանական շարունակությունն էր․ եթե Մալագայի համալսարանում հնարավորություն էր ստացել ուսումնասիրելու այլ իրավական համակարգ, ապա դատախաղի ընթացքում արդեն հնարավորություն ուներ գործնականում կիրառելու իրավական գիտելիքներն ու փաստարկման հմտությունները միջազգային միջավայրում։
Դավիթի խոսքով՝ նման մրցույթները կարևոր են հատկապես նրանով, որ տեսական գիտելիքը տեղափոխում են գործնական դաշտ։
«Այսօրինակ մրցույթները հնարավորություն են տալիս ոչ միայն գործնականում կիրառելու տեսական գիտելիքները, այլև աշխատելու միջազգային թիմերի հետ, զարգացնելու մասնագիտական հաղորդակցման և փաստարկման հմտությունները»,- նշեց նա։
Երկու մասնագիտություն՝ մեկ նպատակ
Միջազգային փորձի նկատմամբ Դավիթի հետաքրքրությունը պայմանավորված է նաև նրա կրթական ընտրությամբ։ Նա միաժամանակ սովորում է ԵՊՀ երկու ֆակուլտետներում՝ իրավագիտության և միջազգային հարաբերությունների։
Իրավունքի և դիվանագիտության նկատմամբ հետաքրքրությունը նրան մղել է համադրելու երկու կրթական ուղղությունները՝ դրանք դիտարկելով ոչ թե որպես առանձին մասնագիտություններ, այլ միմյանց լրացնող ոլորտներ։
«Ծանրաբեռնվածությունը, իհարկե, մեծ է, սակայն կարգապահության և ճիշտ ժամանակի կառավարման դեպքում հնարավոր է համատեղել երկու կրթական ծրագրերը։ Երկուսն էլ լրացնում են միմյանց և օգնում ավելի լայն պատկերացում կազմելու մասնագիտությունների մասին»,- ընդգծեց Դավիթը։
Փորձառություն, որը շարունակվում է
Դավիթի համար «Էրազմուս+»-ի փորձը մեկ կիսամյակ արտերկրում անցկացնելու պատմություն չէ միայն։ Այն հնարավորություն է տվել համադրելու կրթական և իրավական տարբեր համակարգերի փորձը, աշխատելու միջազգային միջավայրում և նորովի գնահատելու սեփական մասնագիտական ուղին։
«Միջազգային ծրագրերը հնարավորություն են տալիս ոչ միայն սովորելու, այլև շփվելու տարբեր երկրների ուսանողների հետ, հասկանալու նրանց մտածելակերպը, մշակույթը և աշխատանքային մոտեցումները։ Այդ փորձը նույնքան արժեքավոր է, որքան համալսարանում ստացած գիտելիքը։ Եթե հնարավորություն ունեք, անպայման մասնակցե՛ք նման ծրագրերի»,- ասաց նա։