- Main
- Node
- ԵՊՀ-ում մեկնարկեց «YereMUN 2026»-ը՝ երիտասարդներին միավորելով համաշխարհային մարտահրավերների քննարկման շուրջ
July 06, 2026 | 15:55
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ում մեկնարկեց «YereMUN 2026»-ը՝ երիտասարդներին միավորելով համաշխարհային մարտահրավերների քննարկման շուրջ
ԵՊՀ-ում մեկնարկել է «Միավորված ազգերի կազմակերպության Երևան մոդել-2026» («YereMUN 2026») միջազգային համաժողովը, որը համախմբել է ավելի քան 200 երիտասարդի Հայաստանից և արտերկրից։ Համաժողովի մասնակիցները ՄԱԿ-ի մոդելի ձևաչափով քննարկում են միջազգային օրակարգի առանցքային հարցեր՝ զարգացնելով դիվանագիտական, բանակցային և առաջնորդական հմտությունները։
ՄԱԿ-ի մոդելավորման ձևաչափով կազմակերպվող համաժողովը հնարավորություն է տալիս երիտասարդներին հանդես գալու որպես տարբեր երկրների պատվիրակներ, ներկայացնելու այդ երկրների դիրքորոշումները, մասնակցելու բանավեճերի, վարելու բանակցություններ և քննարկելու ժամանակակից աշխարհի ամենաբարդ խնդիրները՝ անվտանգությունից և մարդու իրավունքներից մինչև կլիմայական փոփոխություններ, արդարություն, մշակութային բազմազանություն և տարածաշրջանային կայունություն։
«YereMUN 2026»-ի գլխավոր թեման լեզուն է՝ որպես հաղորդակցության, փոխըմբռնման, համագործակցության և խաղաղ երկխոսության հիմք։
Լեզուն՝ որպես երկխոսության հիմք
«Միավորված ազգերի կազմակերպության Երևան մոդել-2026» համաժողովի հիմնադիր նախագահ, «YereMUN» ՀԿ ղեկավար Վրույր Հլղաթյանը, ներկայացնելով այս տարվա համաժողովի գաղափարական առանցքը, ընդգծեց, որ լեզվի թեման ընտրված է ոչ պատահականորեն։ Նրա խոսքով՝ համաժողովի ընթացքում քննարկումները կանցկացվեն անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով, իսպաներենով և հայերենով, սակայն բազմալեզու ձևաչափը պարզապես տեխնիկական լուծում չէ․ այն խորհրդանշում է մի կարևոր իրողություն՝ լեզուն կամուրջ է մարդկանց միջև։
«Լեզուն միայն հաղորդակցության միջոց չէ։ Այն հնարավորություն է տալիս հասկանալու միմյանց, ճանաչելու այլ մշակույթներ, մտածելու տարբեր կերպ և ձևավորելու վստահություն։ Այսօր, երբ աշխարհում հաճախ մարդիկ խոսում են ոչ թե միմյանց հետ, այլ միմյանց դեմ, մենք ցանկանում ենք, որ երիտասարդները սովորեն երկխոսել և համագործակցել»,- նշեց նա։
Վրույր Հլղաթյանի խոսքով՝ «YereMUN»-ի գլխավոր առաքելություններից մեկն այն է, որ երիտասարդները ոչ միայն ծանոթանան միջազգային հարաբերությունների կառուցվածքին, այլև սովորեն պատասխանատվություն կրել լսելու, հակառակ տեսակետը հասկանալու և հարգելու միջոցով։ Նա ընդգծեց, որ այս քննարկումները պարզապես ակադեմիական վարժություններ չեն, այլ պատասխանատվության դպրոց, որտեղ դիվանագիտությունը սկսվում է հենց խոսելու, լսելու և փոխզիջում գտնելու կարողությունից։
Համաշխարհային օրակարգը՝ երիտասարդների քննարկման սեղանին
«YereMUN»-ի ձևաչափը հիմնված է ՄԱԿ-ի աշխատանքի մոդելավորման վրա, սակայն դրա օրակարգում են իրական աշխարհի մարտահրավերները։ Համաժողովի մասնակիցները քննարկում են պատերազմների, տեղահանությունների, կլիմայական ճգնաժամի, ապատեղեկատվության, մարդու իրավունքների, միջազգային առևտրի, մշակութային երկխոսության և համաշխարհային անհավասարության խնդիրներ՝ փորձելով գտնել հիմնավորված և կիրառելի լուծումներ։
Կարևորելով կրթության դերը՝ Վրույր Հլղաթյանը հիշեցրեց ՄԱԿ-ի ստեղծման հիմնարար գաղափարը՝ պետությունները պետք է շարունակեն խոսել միմյանց հետ նույնիսկ այն ժամանակ, երբ տարաձայնություններ ունեն։ Նրա խոսքով՝ բազմակողմ համագործակցությունը շարունակում է մնալ հակամարտություններից խուսափելու արդյունավետ ճանապարհներից մեկը, իսկ «YereMUN»-ը երիտասարդներին սովորեցնում է երկխոսության մշակույթ։
Դիվանագիտությունը սկսվում է կրթությունից
Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, կարևորելով նման հարթակների դերը երիտասարդների առաջնորդական և հաղորդակցական կարողությունների ձևավորման գործում, նշեց, որ վերջին տարիներին հետևել է «YereMUN»-ի զարգացմանը և մեծ գոհունակությամբ է տեսնում, թե ինչպես է աճել նախաձեռնության մասնակիցների թիվն ու միջազգային ընդգրկվածությունը։
Դեսպանը հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ համաժողովին մասնակցում են ոչ միայն բուհերի ուսանողներ, այլև դպրոցականներ։ Նրա խոսքով՝ հենց այդ վաղ փուլում է ձևավորվում երիտասարդի՝ որպես ակտիվ քաղաքացու և պատասխանատու որոշում կայացնողի մտածողությունը։
Նիլակշի Սահա Սինհան անդրադարձավ նաև արհեստական բանականության թեմային՝ մատնանշելով, որ այն այսօր դարձել է ժամանակի ամենաազդեցիկ գործիքներից մեկը, սակայն պետք է մնա գործիք և երբեք չփոխարինի մարդու ինքնուրույն մտածողությանը, վերլուծությանը և արժեքային կողմնորոշմանը։
«Երիտասարդները ոչ միայն վաղվա, այլև այսօրվա առաջնորդներն են։ Նրանք առաջարկում են նորարարական լուծումներ, պաշտպանում մարդու իրավունքները, աջակցում մարդասիրական նախաձեռնություններին և զարգացնում համայնքները։ Հենց երիտասարդներն են կրելու այսօրվա որոշումների հետևանքները՝ կլիմայի փոփոխությունից մինչև արհեստական բանականության կարգավորում, հակամարտությունների լուծում և միջազգային առևտուր։ Եթե երիտասարդները ներկա չեն որոշումների կայացման գործընթացին, նրանց շահերը չեն ներկայացվի»,- ասաց դեսպանը։
Դեսպանի խոսքով՝ դիվանագիտությունը միայն բարձր մակարդակի բանակցությունները չեն։ Այն սկսվում է շատ ավելի առօրեական, բայց ոչ պակաս կարևոր հարթություններից՝ համայնքային ներգրավվածությունից, մշակութային փոխանակումներից, խաղաղաշինությունից, համագործակցությունից և միմյանց լսելու պատրաստակամությունից։
Մասնակիցների փորձառությունը
ՄԱԿ-ի գրասենյակի գործընկերությունների և զարգացման հարցերով ֆինանսական խորհրդատու Արևիկ Անափիոսյանը «YereMUN»-ը բնութագրեց որպես համաշխարհային քաղաքացի լինելու փորձադաշտ՝ մի տարածք, որտեղ երիտասարդները սովորում են ոչ միայն խոսել, այլև լսել, մտածել, համադրել և միայն հետո արձագանքել։
Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհը գնալով ավելի բարդ է դառնում նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, շարունակվող հակամարտությունների և խորացող սոցիալական խնդիրների պատճառով։ Այս բարդ աշխարհում կողմնորոշվելու գլխավոր գործիքը կրթությունն է, սակայն կրթությունը պետք է ընկալել լայն իմաստով՝ որպես սովորելու, վերլուծելու և գիտելիքը կիրառելու շարունակական գործընթաց։
Արևիկ Անափիոսյանն ընդգծեց նաև, որ այսօր աշխարհում ապրում է շուրջ 1.2 միլիարդ երիտասարդ, սակայն նրանց ձայնը դեռևս բավարար չափով ներկայացված չէ այն սենյակներում, որտեղ որոշումներ են կայացվում։ Միաժամանակ, շուրջ 273 միլիոն երեխա և երիտասարդ դեռևս հասանելիություն չունի կրթությանը, և այս իրողությունը լրացուցիչ պատասխանատվություն է դնում կրթվելու և հասարակական կյանքին մասնակցելու հնարավորություն ունեցող երիտասարդների վրա։
«Անտարբերությունը երբեք լուծում չէ։ Երբ անտարբեր ենք անարդարության նկատմամբ, այն խորանում է։ Երբ անտարբեր ենք ատելության խոսքի նկատմամբ, այն դառնում է սովորական։ Երբ անտեսում ենք կլիմայական փոփոխությունները, վտանգի տակ է հայտնվում մեր ապագան։ Անտարբերության հակառակ կողմը ներգրավվածությունն է՝ երկխոսությունը, կրթությունը, գիտական հետազոտությունը, խաղաղաշինությունը և համագործակցությունը»,- շեշտեց նա։
Նրա խոսքով՝ «YereMUN»-ի արժեքներից մեկն այն է, որ մասնակիցները հաճախ ներկայացնում են տարբեր երկրների դիրքորոշումները։ Այս փորձը, որքան էլ բարդ լինի, սովորեցնում է դուրս գալ սեփական համոզմունքների սահմաններից, հարգել այլ տեսակետներ և ավելի պատասխանատու կերպով մասնակցել միջազգային երկխոսությանը։
«YereMUN»-ի կարևորությունը լավագույնս երևում է մասնակիցների փորձառության միջոցով։ Մասնակից Մարի Ղուկասյանի խոսքով՝ նման համաժողովներում ներգրավվելու իր հիմնական նպատակը նոր գիտելիք և փորձ ձեռք բերելն է, ինչպես նաև տարբեր երկրների և մշակույթների ներկայացուցիչների հետ շփման միջոցով ավելի լայն աշխարհայացք ձևավորելը։
Մարի Ղուկասյանը մատնանշեց նաև, որ նախորդ տարի «YereMUN»-ին մասնակցությունը կարևոր փորձ էր իր համար։ Ըստ նրա՝ հանձնաժողովների աշխատանքից բացի՝ համաժողովի շրջանակում կազմակերպված հանդիպումներն ու քննարկումները փորձառու մասնագետների հետ էական ազդեցություն են ունեցել իրենց՝ որպես ապագա դիվանագետների և միջազգային հարաբերություններով հետաքրքրվող երիտասարդների զարգացման վրա։
«Այս տարի ևս ակնկալում եմ, որ համաժողովը կստեղծի նոր գիտելիքներ ձեռք բերելու, տարբեր մարդկանց հետ ծանոթանալու և իրական միջազգային գործընթացներն ավելի լավ հասկանալու հնարավորություն»,- ասաց նա։
Մասնակից Դան Խանը, որն այս տարի ներգրավված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հանձնաժողովի նախագահի կարգավիճակով, առանձնացրեց համաժողովի մեկ այլ կարևոր շերտ՝ աջակցող և անվտանգ միջավայրի ստեղծումը, հատկապես՝ սկսնակ պատվիրակների համար։
«Իմ նպատակն է աջակցել հատկապես սկսնակ պատվիրակներին՝ զարգացնելու իրենց դիվանագիտական հմտությունները։ Որպես ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հանձնաժողովի նախագահներ՝ մենք օգնում ենք մասնակիցներին ավելի լավ հասկանալու միջազգային հարաբերությունները, զարգացնելու վերլուծական մտածողությունը և սովորելու առաջարկել իրատեսական ու արդյունավետ լուծումներ»,- նշեց նա։
Դան Խանի համոզմամբ՝ նման համաժողովները պետք է լինեն բաց և աջակցող միջավայր բոլոր մասնակիցների համար, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ազատ արտահայտել իր կարծիքը՝ առանց վախի, ճնշման կամ ինքնաարտահայտման սահմանափակման։
Մասնագիտանալով կենսաբժշկական գիտությունների ոլորտում՝ նա նշեց, որ համաժողովն օգնում է ավելի լավ հասկանալու առողջապահության, մարդու իրավունքների և գլոբալ համագործակցության խնդիրները։
Նա ընդգծեց նաև, որ «YereMUN»-ը կարևոր քայլ է իր ապագա կարիերայի տեսանկյունից, քանի որ ցանկանում է զբաղվել քաղաքականությամբ և դիվանագիտությամբ՝ պահպանելով միջազգային լայն աշխարհայացք։ Նրա խոսքով՝ այսօրինակ հարթակները զարգացնում են դիվանագիտական մտածողությունը, սովորեցնում են հասկանալ միջազգային գործընթացները և լսել տարբեր տեսակետներ։
Նշենք, որ «YereMUN 2026»-ը կամփոփվի հուլիսի 10-ին՝ այս օրերին համախմբելով երիտասարդներին միջազգային օրակարգի շուրջ քննարկումների, բանակցությունների և փորձի փոխանակման համար։












