- Main
- Node
- Երևանի պետական համալսարանի և «Բի Յանգ» ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
July 13, 2026 | 15:05
Գիտություն
Գործընկերներ
Հետազոտություն
Երևանի պետական համալսարանի և «Բի Յանգ» ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Բի Յանգ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Բորոյանը ստորագրեցին հուշագիր՝ պաշտոնապես ամրագրելով երկկողմ համագործակցությունը: Հուշագրով նախատեսվում է գիտակրթական համատեղ նախաձեռնությունների և նորարարական ծրագրերի իրականացում, ինչը կնպաստի կենսաբանության և բժշկագիտության ոլորտներում գիտահետազոտական փոխշահավետ գործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:
Հուշագիրը կարևոր քայլ է համալսարան-մասնավոր հատված համագործակցության ամրապնդման ուղղությամբ, որը միտված է նպաստելու գիտության, կրթության և նորարարության զարգացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ ինչպես հետազոտողների, այնպես էլ ուսանողների համար։ Հուշագրով կողմերը հանձնառեցին գործակցել կենսաբանության և բժշկագիտության ոլորտներում՝ գիտահետազոտական, գիտաուսումնական և դրամաշնորհային ծրագրերի համատեղ իրականացման, գիտական մշակումների կատարման, ինչպես նաև հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումների, լաբորատոր և այլ ռեսուրսների համատեղ օգտագործման նպատակով։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորեց համալսարան-մասնավոր հատված համագործակցության դերը՝ ընդգծելով, որ երկկողմ ջանքերի շնորհիվ առկա ներուժը կնպաստի գիտական և կրթական բարենպաստ պայմանների ստեղծմանը, ժամանակակից հետազոտական միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև ուսանողների մասնագիտական զարգացմանն ու աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը։
«Բի Յանգ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Բորոյանն իր հերթին ընդգծեց համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ կողմերի փորձի, գիտելիքի և հնարավորությունների համատեղ կիրառումը նոր հեռանկարներ կբացի կենսաբանության և բժշկագիտության ոլորտներում գիտական և կիրառական ծրագրերի իրականացման համար։
Հավելենք նաև, որ փոխգործակցությունը ներառում է գիտական հանդիպումների, աշխատարանների, խորհրդակցությունների և այլ մասնագիտական միջոցառումների համատեղ կազմակերպում, աշխատանքային խմբերի ձևավորում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկում, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնում։
Հուշագրի կնքման արարողությանը ներկա էին նաև ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, կ.գ.դ. Կարեն Ղազարյանը, կենսաբանության ֆակուլտետի մարդու ու կենդանիների մորֆոլոգիայի ու ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, կ.գ.դ. Աննա Կարապետյանը: