- Main
- Node
- ԵՊՀ-ում ամփոփվեց արհեստական բանականությանը և ֆինանսական տեխնոլոգիաներին նվիրված սեմինարների շարքը
August 14, 2026 | 12:00
Կրթություն
Հասարակություն
ԵՊՀ-ում ամփոփվեց արհեստական բանականությանը և ֆինանսական տեխնոլոգիաներին նվիրված սեմինարների շարքը
Երևանի պետական համալսարանում ամփոփվեց «ԱԲ կիրառություններ, ագենտային ԱԲ և ֆինանսական տեխնոլոգիաներ» խորագրով բաց սեմինարների շարքը, որի ընթացքում ուսանողներն ու ոլորտով հետաքրքրված մասնագետները ծանոթացան արհեստական բանականության ժամանակակից կիրառություններին, ագենտային ԱԲ-ի հնարավորություններին և ֆինանսական տեխնոլոգիաների զարգացող ուղղություններին։
Քառօրյա սեմինարների շարքը կազմակերպվել էր ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի և ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի կողմից՝ «NextGen AI» համայնքի հետ համագործակցությամբ և ԱՄՆ պետքարտուղարության «Professional Fellows Program» (PFP) ծրագրի շրջանակում։ Ծրագրի կրթական նյութերը տրամադրվել են «NVIDIA Deep Learning Institute»-ի կողմից։
Սեմինարների շարքը համադրել էր ակադեմիական և գործնական փորձը՝ հնարավորություն տալով մասնակիցներին ծանոթանալու ինչպես ԱԲ ոլորտի նորագույն զարգացումներին, այնպես էլ դրանց կիրառությանը ֆինանսական համակարգում։ Նախաձեռնությունը հատկապես կարևոր էր այն ուսանողների համար, որոնք ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքներն ու գործնական հմտությունները և մասնագիտական ուղին կապել արհեստական բանականության, տվյալագիտության, ֆինանսական մաթեմատիկայի ու տեխնոլոգիաների հետ։
Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Կարինե Ավետիսյանի խոսքով՝ ֆինանսական ոլորտն այսօր արագ թվային վերափոխման փուլում է, իսկ դասական ֆինանսական գործընթացներն աստիճանաբար փոխակերպվում են՝ դառնալով ավելի արագ, մատչելի ու հարմարավետ։ Այս գործընթացում, նրա գնահատմամբ, կարևոր է ոչ միայն ծրագրավորման, այլև ֆինանսական ոլորտի խորքային գիտելիքների համադրումը։
«Նախաձեռնության կարևոր նպատակներից է ուսանողներին և ոլորտի մասնագետներին ներգրավել տեղի ունեցող փոփոխությունների գործընթացում և նպաստել արհեստական բանականության ու ֆինանսական տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքների տարածմանը։ Որքան լայն լինի հասարակության և մասնագիտական շրջանակների իրազեկվածությունը ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ, այնքան ավելի արագ և արդյունավետ կլինի ֆինանսական ոլորտի թվային փոխակերպումը»,- կարևորեց նա։
Կարինե Ավետիսյանի խոսքով՝ սեմինարների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է եղել․ գրանցման առաջին իսկ օրը մասնակիցների թիվը գերազանցել է 90-ը, ինչի արդյունքում կազմակերպիչները ընդլայնել են մասնակցության հնարավորությունները։ Սեմինարներին գրանցվել էր շուրջ 100-ից ավելի մասնակից՝ հիմնականում ուսանողներ, բանկային և ֆինանսական ոլորտների մասնագետներ, ինչպես նաև ֆինանսական ոլորտի համար ծրագրային լուծումներ մշակող ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Սեմինարների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև արտերկրի համալսարանների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Չինաստանի տարբեր բուհերից։
«NextGen AI» համայնքի համաղեկավար Ռաֆիկ Առաքելյանի խոսքով՝ սեմինարների թեմաների ընտրությունը պայմանավորված է նրանով, որ արհեստական բանականությունն արդեն դուրս է եկել գիտական հետազոտությունների շրջանակից և ակտիվորեն կիրառվում է բիզնեսում, բանկային համակարգում, կրթության, ծրագրավորման և այլ ոլորտներում։
«Մենք մտնում ենք մի նոր փուլ՝ «Agentic AI»-ի զարգացմամբ։ Եթե նախկինում հիմնականում հարց էինք տալիս ԱԲ-ին ու ստանում պատասխան, այսօր արդեն ստեղծվում են համակարգեր, որոնք կարող են ինքնուրույն խնդիրը բաժանել քայլերի, տարբեր գործիքներ օգտագործել ու ամբողջական գործընթաց իրականացնել»,- նշեց նա՝ ընդգծելով, որ նախաձեռնության նպատակը ոչ միայն արհեստական բանականության մասին խոսելն է, այլև ցույց տալը, թե ինչպես կարելի է ստացած գիտելիքը կիրառել իրական խնդիրների լուծման և տեխնոլոգիական նոր լուծումների ստեղծման համար։
Ռաֆիկ Առաքելյանն ընդգծեց, որ հատկապես կարևոր է ժամանակակից տեխնոլոգիական գիտելիքը հասանելի դարձնել Հայաստանի երիտասարդներին ու մասնագետներին։
«Մենք ունենք մաթեմատիկական, ինժեներական և ծրագրավորման հզոր ներուժ։ Եթե այդ մարդկանց հասանելի դարձնենք ժամանակակից ԱԲ գործիքներն ու գիտելիքը, նրանք կարող են ոչ միայն օգտագործել արդեն ստեղծված տեխնոլոգիաները, այլև ստեղծել իրենցը»,- հավելեց նա։
Սեմինարների կարևոր բաղադրիչներից էր նաև միջազգային մասնագիտական փորձի փոխանակումը։ Նախաձեռնության շրջանակում ԵՊՀ-ում հանդես եկան միջազգային փորձագետներ՝ մասնակիցներին հնարավորություն տալով ծանոթանալու արհեստական բանականության ոլորտի միջազգային փորձին և ժամանակակից տեխնոլոգիական լուծումներին։
«Ուսանողները պետք է արհեստական բանականությունը դիտարկեն ոչ թե որպես մրցակից, այլ որպես հզոր գործիք, որը կարող է ընդլայնել նրանց հնարավորությունները և ստեղծել կարիերայի նոր հնարավորություններ»,- նշեց «NVIDIA Deep Learning Institute»-ի պաշտոնական դեսպան, համակարգչային գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիոֆաննա Միլանովան, որը սեմինարների շարքին մասնակցում էր որպես գլխավոր բանախոս։
Լիթլ Ռոքում Արկանզասի համալսարանի («UA Little Rock») համակարգչային գիտությունների ամբիոնի պրոֆեսոր, բազմաթիվ գիտական հոդվածների և գրքերի հեղինակ Մարիոֆաննա Միլանովան սեմինարների ընթացքում անդրադարձել է նաև ագենտային արհեստական բանականությանը։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ նոր միջավայրում հաջողելու համար ուսանողները նախ պետք է ունենան ԱԲ գրագիտություն, հասկանան դրա հնարավորություններն ու սահմանափակումները և կարողանան արդյունավետ կիրառել ԱԲ գործիքները։
Նրա խոսքով՝ կարևոր են նաև քննադատական մտածողությունն ու խնդիրների լուծման հմտությունները, քանի որ ԱԲ-ի ստեղծած տեղեկությունը պետք է կարողանալ գնահատել և ճիշտ կիրառել։ Ուսանողները պետք է զարգացնեն նաև ԱԲ-ի հետ աշխատելու գործնական հմտություններ՝ հրահանգների ձևավորում, տվյալների գրագիտություն, ավտոմատացում և ԱԲ գործիքների ինտեգրում աշխատանքային գործընթացներում։
Միևնույն ժամանակ, ավելի արժեքավոր են դառնում մարդկային հմտությունները՝ ստեղծարարությունը, հաղորդակցությունը, առաջնորդությունն ու թիմային աշխատանքը։
«Արագ զարգացող տեխնոլոգիաների պայմաններում ամենակարևոր հմտություններից մեկը շարունակաբար սովորելու և փոփոխություններին հարմարվելու կարողությունն է։ Այն գործիքները, որոնք մենք օգտագործում ենք այսօր, հինգ տարի անց կարող են շատ տարբեր լինել»,- նշեց նա՝ հավելելով, որ համալսարանների կարևոր քայլերից մեկը ԱԲ-ն ամբողջ ուսումնական ծրագրում ինտեգրելն է՝ այն չսահմանափակելով միայն համակարգչային գիտության մասնագիտություններով։
Նա ընդգծեց նաև, որ ԱԲ-ի դարաշրջանում առավել կարևոր են դառնում քննադատական մտածողությունը, խնդիրների լուծումը, ստեղծարարությունն ու գործնական փորձը։
Անդրադառնալով հայ ուսանողների ներուժին և Հայաստանի ԱԲ էկոհամակարգին՝ Միլանովան նշեց, որ առաջին տպավորությունը շատ դրական է։ Նրա խոսքով՝ Հայաստանի ուժեղ ավանդույթները մաթեմատիկայի, գիտության, ճարտարագիտության և համակարգչային գիտության ոլորտներում լավ հիմք են ԱԲ-ի զարգացման համար։
«Այն, ինչ հատկապես հետաքրքրում է ինձ, հայ ուսանողների ներուժն է։ ԱԲ-ի դարաշրջանում երկրի ամենամեծ ռեսուրսը մարդկային կապիտալն է։ Հայաստանն ունի կրթված տեխնոլոգիական համայնք, զարգացող ստարտափային մշակույթ, ուժեղ համալսարաններ և կարևոր կապ Հայկական սփյուռքի հետ։ Այս համադրությունը կարող է ստեղծել զգալի հնարավորություններ ԱԲ-ի ոլորտում հետազոտությունների, ձեռներեցության և միջազգային համագործակցության համար։ Ես նաև հնարավորություն եմ տեսնում, որ Հայաստանը ոչ միայն դառնա ԱԲ տեխնոլոգիաների սպառող, այլև ԱԲ լուծումներ ստեղծող երկիր։ Այնպիսի ոլորտները, ինչպիսիք են գեներատիվ ԱԲ-ն, ագենտային ԱԲ-ն, կիբերանվտանգությունը, ֆինանսական տեխնոլոգիաները, համակարգչային տեսողությունը, ռոբոտաշինությունը, առողջապահությունն ու կրթությունը, կարող են հիանալի հնարավորություններ ստեղծել հայ ուսանողների և հետազոտողների համար»,- շեշտեց նա։
Սեմինարների շարքի բանախոսներից էր նաև Ակբա բանկի գործառնական ռիսկերի կառավարման բաժնի ղեկավար Վլադիմիր Քառյանը, որը ներկայացրեց ֆինանսական ոլորտում իր մասնագիտական փորձն ու դիտարկումները։
Սեմինարների ընթացքում մասնակիցները ոչ միայն ծանոթացան տեսական գիտելիքներին, այլև հնարավորություն ունեցան դրանք կիրառելու գործնականում՝ աշխատելով ժամանակակից ԱԲ գործիքների հետ։ Ծրագրի շրջանակում քննարկվեցին նաև ԱԲ-ի տարբեր կիրառություններին, խարդախությունների հայտնաբերմանն ու ֆինանսական տեխնոլոգիաներին առնչվող թեմաներ։
Սեմինարների գործնական բաղադրիչի շրջանակում «NVIDIA»-ի աշխատարանների մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալու ընկերության պաշտոնական հավաստագրեր և անվճար ծրագրային լիցենզիաներ։