September 17, 2026 | 15:18
Կամավորություն, պրակտիկա և փորձնակություն
Կրթություն
Մշակույթ
Հազարամյակների պատմություն՝ հողի շերտերի տակ. ԵՊՀ մագիստրանտի դաշտային պրակտիկան Կաքավաբերդում
ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրանտ Մխիթար Թադևոսյանը մասնագիտական պրակտիկան անցկացրել է ՀՀ Արագածոտնի մարզի Կաքավաբերդի հնագիտական համալիրում: Ուսանողը մեզ հետ զրույցում պատմել է իր տպավորությունների, դաշտային հետազոտական աշխատանքների նրբությունների և հայտնաբերված բացառիկ նմուշների մասին: Դաշտային հետազոտական աշխատանքն ուղեկցվել է ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդաբանության կիրառմամբ, օտարերկրյա և տեղացի արհեստավարժ մասնագետների ներգրավմամբ, ինչի շնորհիվ արձանագրած բացահայտումները նոր հնարավորություններ են ընձեռում նաև ապագա հետազոտությունների համար:
Հնագիտական համալիրը՝ քիչ ուսումնասիրված, բայց հսկայական համալիր
«Հնագիտություն և ազգաբանություն» կրթական ծրագրի մագիստրանտ Մխիթար Թադևոսյանն ընդգծեց, որ Կաքավաձոր գյուղի տարածքում գտնվող Կաքավաբերդի հնագիտական համալիրը հայտնի է իր հնագիտական ընդարձակ համալիրով, որտեղ առկա են ամրոց-բնակավայրի հետքեր, դամբարանների մնացորդներ, քարայրեր, ժայռապատկերներ և այլ կառույցներ։
«Մեր խումբը պեղումներ է կատարել մի հատվածում, որտեղ առկա են պարսպաշարի մնացորդներ. բացվել է սենյակ հիշեցնող կառույց, որը կարծես ունի դուռ, միջանցք և սենյակ: Այդ հատվածում լցված էին խառը տիպի ոսկորներ, մարդու գանգի հատված, իսկ շերտերը մոխրի հետ խառնված էին․ հավանաբար հրդեհի հետքեր են»,- նշեց նա:
Ուսանողի խոսքով՝ հուշարձանը դեռևս քիչ է ուսումնասիրված, և հետագա պեղումները կարող են բացահայտել համալիրի նոր հատվածներ։
Տարբեր դարաշրջանների գտածոներն ու յուրօրինակ զարդերը
Մխիթարի խոսքով՝ պեղված նյութերը պատկանում են ժամանակագրական տարբեր խմբերի. գտնվել են բազում խեցե առարկաներ, ոսկրաբանական նյութ, քարե և ոսկրե գործիքներ:
«Յուրահատուկ օբյեկտներից է խեցե առարկայի կոտրված հատվածը, որի վրա առկա են փոսիկներ. ըստ ամենայնի՝ դա զարդի մաս է: Այլ օբյեկտներից են բրոնզե մատանին, ականջօղը՝ օձի գլխի տեսքով, տարբեր չափերի ուլունքները, ոսկրե գործիքը (հնարավոր է՝ ասեղ), ինչպես նաև մարդկային գանգի հատվածը»,- մատնանշեց նա:
Միջազգային թիմն ու ժամանակակից տեխնոլոգիաները դաշտում
ԵՊՀ ուսանողը պեղումներ է կատարել մի արշավախմբի հետ, որում ընդգրկված էին ամերիկացի երեք հնագետներ, ինչպես նաև տեղացի մասնագետներ:
«Պեղումների ընթացքում հիմնականում կիրառվում էին փորող, այդ թվում բուն մասնագիտական գործիքներ, օրինակ՝ «trowel» տիպի փոքր բահիկներ: Պեղումների ժամանակ յուրաքանչյուր գործիք ունի աշխատելու իր նրբությունները: Լուսանկարներ անելու համար օգտագործվում էր դրոն, իսկ շերտերի խորությունը և օբյեկտների բարձրությունը որոշվում էր չափագրող սարքով: Կիրառվել է նաև մագնետոմետր, որով մագնիսական մետաղների առկայության մասին որոշ տվյալներ են հավաքվել: Տվյալ սարքերով (բացի մագնետոմետրից) աշխատում եմ արդեն երկրորդ անգամ: Մեթոդաբանական առումով գործն առաջ էր գնում դանդաղ, սակայն յուրաքանչյուր շերտ հստակ գրանցվում էր, և քիչ-քիչ բացահայտվում էին հնագիտական տարբեր կոնտեքստները»,- պատմեց նա:
«Հնագիտություն և ազգաբանություն» կրթական ծրագիրը՝ համալիր գիտություն
Մխիթարն ընդգծեց՝ իր ընտրած մասնագիտությունը զարգացող ուղղություն է. «Սովորելով «Հնագիտություն և ազգաբանություն» կրթական ծրագրում՝ հասկացա, որ, ի տարբերություն մյուս մասնագիտությունների, սա համալիր գիտություն է և ունի բազում ուղղություններ, ինչն ընձեռում է ընտրության և զարգանալու մեծ հնարավորություններ»:
Նա նպատակ ունի մագիստրատուրան ավարտելուց հետո գործունեությունը շարունակելու հնագիտության ուղղությամբ: